Ինչ ստացավ եվ ինչ զիջեց Ադրբեջանը Վաշինգտոնում

հեղ․ RCSP

Նախաբան

Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը շատերը բնորոշում են պատմական: Սպիտակ տանը երկու երկրի ԱԳ նախարարները նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և խաղաղության մասին համաձայնագիրը, ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարման վերաբերյալ[i], իսկ երկրների ղեկավարների մակարդակով ստորագրվեց խաղաղության հռչակագիրը[ii]:  Բացի դրանից, հայկական և ադրբեջանական կողմերը բանակցություններ վարեցին ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ ձեռք բերելով նաև մի շարք երկկողմ պայմանավորվածություններ[iii]: Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն բավական դրական են գնահատում վաշինգտոնյան պայմանավորվածությունները: Ադրբեջանական քարոզչամիջոցները, սակայն, փորձում են այն ներկայացնել որպես բացարձակ հաղթանակ՝ խոսելով միայն ձեռքբերումների մասին: Հոդվածի նպատակն է վերլուծել, թե ինչ է ստացել և ինչ է զիջել ադրբեջանական կողմը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումների շրջանակում:

ԱՄՆ փաթեթային առաջարկը, որը հնարավոր չէր մերժել

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ամերիկյան նախաձեռնությունն, ամենայն հավանականությամբ, սկսվել է դեռ մարտին, երբ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը Մոսկվայից ուղևորվեց Բաքու[iv]: Չնայած գործընթացի ոչ հրապարակային բնույթին` վաշինգտոնյան պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ ամերիկյան կողմը փորձել է մշակել փաթեթային առաջարկ, որը մի կողմից կապահովի «հաղթանակ-հաղթանակ» (win-win) իրավիճակ խաղաղության հաստատման ճանապարհին, մյուս կողմից՝ Երևանի և Բաքվի համար կապահովի հավելյալ «բլիթներ» իր հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում՝ նրանց շահագրգռելով գնալ համաձայնության: Միացյալ Նահանգներն, իր հերթին, այդ գործարքի շրջանակում ունի սեփական իմիջային, քաղաքական, աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը, որն առանձին վերլուծության առարկա է: Հատկանշական է, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար ԱՄՆ վարչակազմի առաջարկից հրաժարվելը ռիսկային էր ոչ միայն պոտենցիալ «բլիթներից» զրկվելու, այլ նաև՝ հնարավոր անցանկալի ճնշումների բախվելու տեսանկյունից, հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելիությունը: 

Ի՞նչ ստացավ Ադրբեջանը

2025 թվականի մարտին խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումից հետո կարգավորման գործընթացը մտավ անորոշության փուլ։ Ադրբեջանի ղեկավարությունը համաձայնագրի ստորագրման հարցում չդրսևորեց բավարար քաղաքական կամք և, առաջ քաշելով նախապայմաններ (ՀՀ սահմանադրությունից տարածքային պահանջների բացառում, ԵԱՀԿ ՄԽ լուծարում), գործընթացը մղում էր փակուղի։ Ուշագրավ է, որ այս ոչ կառուցողական գործելաոճը չվրիպեց միջազգային տարբեր դերակատարների ուշադրությունից, որոնք իրենց  ուղերձներում ընդգծում էին գործընթացում Հայաստանի ցուցաբերած կառուցողականությունը՝ կոչ անելով օր առաջ ստորագրել և վավերացնել փաստաթուղթը[v]:

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերն Ադրբեջանին հնարավորություն են տալիս դիրքավորվել որպես կառուցողական և խաղաղության օրակարգին հանձնառու դերակատար: Թեև համաձայնագրի նախաստորագրումը կարելի է որակել որպես քայլ առաջ, որը, միևնույն ժամանակ, հաստատում է փաստաթղթի անփոփոխելիությունը, այնուամենայնիվ, այն դեռևս վերջնական ստորագրում չէ: Ինչ վերաբերում է խաղաղության հռչակագրին, թեև այն ենթադրում է քաղաքական հանձնառություններ, իրավական առումով որևէ պարտավորություն Բաքվի համար չի ստեղծում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումն ադրբեջանական կողմի նախապայմաններից էր, որը, փաստացի, կատարվեց: Հարկ է նշել, որ հայկական կողմը  դիմումի հետ կապված սկզբունքային առարկություններ չի ունեցել, սակայն նպատակահարմար էր համարում այն ստորագրել խաղաղության համաձայնագրի հետ նույն օրը[vi]: Ամերիկյան փաթեթի շրջանակում, սակայն, այն կապվեց համաձայնագրի նախաստորագրման հետ: 

Երկկողմ օրակարգի «բլիթները»

Վաշինգտոնյան հանդիպումներն պաշտոնական Բաքվի համար կարևոր էին նաև ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։

2023 թվականին ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո Ջո Բայդենի վարչակազմը բավական կոշտացրեց դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ[vii], ինչին ի պատասխան Ադրբեջանը սկսեց բացահայտ քննադատել ամերիկյան կողմին՝ իր ներքին գործերին միջամտելու, հայամետ քաղաքական գիծ որդեգրելու համար[viii]։ Ադրբեջանը երկկողմ շփումների ակտիվությունը հասցրեց ամենացածր մակարդակի՝ ակնկալելով դրանք վերականգնել ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից հետո։ Թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրություններից հետո Ալիևն անձամբ բազմիցս գովաբանել է Թրամփին՝ հստակ ուղերձներ հղելով երկկողմ հարաբերությունների վերբեռնման պատրաստակամության վերաբերյալ[ix]։

Ընդ որում, ադրբեջանական կողմն ակնկալում էր, որ Միացյալ նահանգների նոր վարչակազմը կգնահատի տարածաշրջանում ձևավորված նոր ուժային հարաբերակցությունը և Ադրբեջանին կարժանացնի համապատասխան վերաբերմունքի։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Ադրբեջանի նախագահն, օրինակ, մարտին հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ մատնանշելով կարգավիճակների անհամապատասխանությունը, չնայած նախկինում քանիցս հեռախոսազրույց է ունեցել նրա նախորդի՝ Էնտոնի Բլինկենի հետ[x]։

  • Քաղաքական դիվիդենտներ

Սպիտակ տանը Թրամփի մակարդակով ընդունելությունն Իլհամ Ալիևի համար նախ և առաջ անձնական հավակնությունների բավարարում էր, երկրի ներսում և միջազգային հարաբերություններում սեփական հեղինակության ամրապնդման հերթական միջոց։ Միևնույն ժամանակ, այն ուներ նաև խորհրդանշական կարևորություն, քանի որ ամերիկյան նոր վարչակազմի համար ԼՂ հայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը և Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումները փաստացի մղում էր երկրորդ պլան՝ օրակարգը կենտրոնացնելով ընդհանուր շահերի վրա։

  • Երկկողմ հարաբերությունների վերբեռնում

Սպիտակ տանը ադրբեջանա-ամերիկյան բանակցությունների շոշափելի արդյունքներից է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ խարտիա մշակելու համար աշխատանքային խմբի ձևավորման պայմանավորվածությունը։ Ստորագրված հուշագրի համաձայն՝ ռազմավարական գործընկերությունը կներառի երեք ոլորտ՝ տարածաշրջանային հաղորդակցություններ (ներառյալ՝ էներգետիկան, առևտուրը և տարանցումը), ներդրումներ (ներառյալ՝ արհեստական բանականությունը և թվային ենթակառուցվածքները) և անվտանգության ոլորտում համագործակցություն (ներառյալ՝ պաշտպանական միջոցների վաճառքը և ահաբեկչության դեմ պայքարը)։  Նախատեսվում է, որ խարտիան պատրաստ կլինի մի քանի ամսվա ընթացքում։

Այս պայմանավորվածությունը մի կողմից նպատակ ունի որակական նոր մակարդակ տեղափոխել երկկողմ հարաբերությունները՝ ստեղծելով գործակցության նոր հնարավորություններ, մյուս կողմից՝ վերացնել Հայաստան-ԱՄՆ և Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում առկա անհավասարակշռությունը, հաշվի առնելով 2025 թվականի հունվարին Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիան։[xi]

  •  907-րդ հոդվածի շրջանցում

Ադրբեջանական կողմի մյուս շոշափելի ձեռքբերումը 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի չեղարկման պայմանավորվածությունն է։ Այն ԱՄՆ կառավարությանն արգելում է Ադրբեջանին ուղղակի օգնության ցուցաբերել։ 2002 թվականից մինչ օրս ԱՄՆ անխտիր բոլոր նախագահները հրամանագրեր են ստորագրել 907-րդ հոդվածը և դրանով նախատեսված սահմանափակումները մեկ տարով շրջանցելու վերաբերյալ: Լրացումը չի շրջանցվել միայն 2024 թվականին։

2025 թվականի օգոստոսի 8-ի հանդիպման ընթացքում Թրամփը նորից ստորագրել է 907-րդ հոդվածի ժամանակավոր շրջանցման հրամանագիրը[xii]։ Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ սահմանափակումների չեղարկումը նոր հնարավորություններ կստեղծի տնտեսական, տեխնոլոգիական, էներգետիկ և ռազմական ոլորտներում ԱՄՆ հետ համագործակցության խորացման համար՝ նպաստելով երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը։

Հատկանշական է, որ մինչ այժմ Թրամփի վարչակազմը քայլեր է ձեռնարկել սահմանափակումները մեկ տարով շրջանցելու ուղղությամբ։ 907-րդ հոդվածի չեղարկման իրավասություն ունի միայն Կոնգրեսը, և թեև Սենատում ու Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն ունեն մեծամասնություն, որևէ նախագիծ օրենսդիր մարմին դեռևս չի ներկայացվել։ 

  • Համագործակցություն էներգետիկ ոլորտում

ԱՄՆ-Ադրբեջան գործակցության ամրապնդման հեռանկարային ուղղություն է դիտարկվում էներգետիկ ոլորտը։ Վաշինգտոնում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և ամերիկյան ExxonMobil-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր[xiii]: Դրա համաձայն՝ ամերիկյան ընկերությունն Ադրբեջանի տարածքում առաջիկայում կզբաղվի նոր նավթային և գազային հանքավայրերի հետախուզական աշխատանքներով։ Հատկանշական է, որ հունիսին Բաքուն նմանատիպ համաձայնագիր է ստորագրել նաև բրիտանական British Petrolium-ի հետ։

Ի՞նչ զիջեց Ադրբեջանը

Վերլուծելով ստորագրված փաստաթղթերը և ամենաբարձր մակարդակով հնչած ելույթները՝ կարող ենք արձանագրել, որ վաշինգտոնյան հանդիպման արդյունքում Ադրբեջանը զիջեց Հայաստանի նկատմամբ տարիներ շարունակ գործադրած լծակը՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման հնարավորությունը։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ խաղաղության քաղաքական հանձնառության ստանձնումն առնվազն կարճաժամկետ կտրվածքում նվազեցնում է Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացման, սահմանային էսկալացիաների և սադրանքների հավանականությունը։

Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ իրավիճակի փոփոխությունը բացառված չէ, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի միլիտարիզացիայի և հայատյացության պետական հովանավորչության դադարեցման միտումներ դեռևս նկատելի չեն։ Այնուամենայնիվ, վաշինգտոնյան պայմանավորվածությունները հայկական կողմին հավելյալ ժամանակ են տալիս իր դիմակայունության ամրապնդման համար, իսկ լավագույն սցենարի դեպքում՝ ստեղծում տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմքեր։

Ադրբեջանի մյուս զիջումը արտատարածքային միջանցքի առավելապաշտական պահանջից հրաժարումն է։ Թրամփի վկայությամբ (witness) Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած խաղաղության հռչակագրի 3-րդ կետը հստակ սահմանում է,  որ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունները պետք է բացվեն պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, և պետք է ապահովվեն փոխադարձ առավելություններ։ Այս դրույթում տեղ գտած սկզբունքները հստակորեն բացառում են որևէ արտատարածքային միջանցքի հնարավորությունը։ Չնայած այդ ամենին՝ քարոզչական տիրույթում ադրբեջանական կողմը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, իսկ հաղորդակցությունների մասին կետում կենտրոնանում միայն Նախիջևանի հետ «անխոչընդոտ հաղորդակցության» վրա։

Հայկական կողմի համար այս ուղղությամբ հնարավոր ռիսկերի վերջնական չեզոքացման կարևոր հնարավորություն է լինելու ամերիկյան կողմի հետ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակի սահմանումը։ Ստորագրվելիք հայ-ամերիկյան փաստաթղթում պետք է մի կողմից հստակ սահմանվեն բոլոր հասկացությունները (օրինակ՝ անխոչընդոտ հաղորդակցություն), մյուս կողմից՝ իրավական և տեխնիկական լուծումներով բացառվեն հաղորդակցությունների հետ կապված ադրբեջանական կողմի հնարավոր շահարկումները։

Ամփոփում

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները բավական լուրջ հնարավորություն են կայուն, խաղաղ և բարգավաճ տարածաշրջան կառուցելու համար։ Դրա կյանքի կոչումը, սակայն, կախված է նրանից, թե որքանով է անկեղծ Ադրբեջանի ղեկավարությունը խաղաղության իր հանձնառության հարցում, և որքան հետևողական կգտնվի Միացյալ Նահանգները՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցում:  

Նարեկ Մինասյան


[i]https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid02ANPky5bNnykbqW1MgPezA38RNSBNZPb3w4nmTg34Axn4VAGRJVTTajAWH8Bk2oSdl

[ii] https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/08/09/Nikol-Pashinyan-visit-US-declaration/

[iii] https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/08/09/Nikol-Pashinyan-US-meeting-Trump/

[iv] https://www.jpost.com/international/article-846086

[v] https://www.eeas.europa.eu/delegations/t%C3%BCrkiye/armeniaazerbaijan-statement-high-representativevice-president-regarding-finalisation-negotiations_en

[vi] https://www.azatutyun.am/a/33385581.html

[vii] https://www.civilnet.am/en/news/757077/no-business-as-usual-with-azerbaijan-until-progress-on-peace-with-armenia-says-us/

[viii] https://aze.media/azerbaijani-foreign-ministry-responds-to-u-s-secretary-of-state-blinkens-statement/

[ix] https://eurasianet.org/azerbaijan-aliyev-rooting-for-trump-win

https://president.az/ru/articles/view/67537

[x] https://2021-2025.state.gov/secretary-blinkens-call-with-azerbaijani-president-aliyev-22/

[xi] https://www.mfa.am/hy/press-releases/2025/01/14/ARM-US-Charter/13032

[xii] https://caucasuswatch.de/en/news/trump-extends-section-907-waiver-to-azerbaijan.html

[xiii] https://oc-media.org/azerbaijans-socar-and-exxonmobil-sign-memorandum-in-us/

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037