Հայաստանի արտաքին քաղաքականությունը վեկտորները 2020-ից հետո

հեղ․ RCSP

2020 թվականի արցախյան պատերազմից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայտնվեց վերաիմաստավորման անհրաժեշտություն ունեցող բարդ փուլում։ 2020 թվականի արցախյան պատերազմը և դրա հետևանքները Հայաստանի իշխանություններին ստիպեցին վերանայել արտաքին գործընկերների հետ հարաբերությունները և, անվտանգային համակարգի վերակազմավորման անհրաժեշտությունից ելնելով, որոնել նոր ուղղություններ։ Վերջին տարիներին նկատվում է արտաքին քաղաքական վեկտորների փոփոխություն՝ ավանդական դաշնակիցների հանդեպ վերապահումներով և, միաժամանակ, նոր հարաբերությունների խորացման փորձերով։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ՝ աշխարհաքաղաքական անընդհատ փոփոխվող միջավայրի պայմաններում ո՞ր ուղղությամբ է շարժվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։

Պատերազմից հետո փոխված իրավիճակը

Ոչ միայն պատերազմի, այլև դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում երկար տարիներ անվտանգային երաշխավոր դիտարկվող գործընկերները, մասնավորապես, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և Ռուսաստանի Դաշնությունը փաստացի չարձագանքեցին Հայաստանի համար կենսական վտանգ ներկայացնող մարտահրավերներին։ Սա հանրային և պետական մակարդակում առաջացրեց լուրջ կասկածներ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների և ռազմավարական դաշնակիցների ընտրության արդյունավետության շուրջ։ Այս փուլում սկսվեց արտաքին քաղաքականության վերանայման գործընթաց, երբ պետական իշխանություններն ու վերլուծաբանները սկսեցին քննարկել բազմավեկտոր քաղաքականության անհրաժեշտությունը։ Հանրային հնչեղություն ստացան այն հարցերը, թե արդյոք Հայաստանը պետք է շարունակաբար ապավինի միայն մեկ երկրի, թե՞ պետք է փորձի հավասարակշռել արտաքին հարաբերությունները՝ նոր գործընկերների որոնմամբ։ Բացի այդ, պատերազմի ավարտից հետո անվտանգային միջավայրը տարածաշրջանում զգալիորեն փոխվեց։ Ադրբեջանի դիրքերը ռազմական և դիվանագիտական առումով ամրապնդվեցին, իսկ Հայաստանը հայտնվեց ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին ճնշումների ներքո։ Այս պայմաններում արտաքին քաղաքականության վերափոխումն այլևս դարձել է ոչ թե գաղափարական, այլ գործնական անհրաժեշտություն։ Պատերազմից հետո խնդիրներ են առաջացել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, որը երկար տարիներ համարվում էր Հայաստանի ռազմավարական դաշնակից։ Սակայն ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմյան շրջանում ՌԴ-ի չեզոք կեցվածքը, ինչպես նաև ՀՀ-ի սուվերեն տարածքի նկատմամբ ուղղված հարձակումների պայմաններում ՀԱՊԿ-ի անգործությունը հանգեցրին հանրային և քաղաքական շրջանակներում խորացող հիասթափության։ Այս ամենը պայմանավորեց ՌԴ-ի նկատմամբ վստահության էական անկումն ինչպես պետական մակարդակում, այնպես էլ՝ հասարակության լայն շրջանակներում։ Հանրության զգալի հատվածը այլևս ՌԴ-ին չի դիտարկում որպես անվերապահ պաշտպան կամ ռազմավարական հենարան։ Բացի այս, Հայաստանի արտաքին քաղաքական հաշվարկներում շարունակում են կարևոր տեղ զբաղեցնել նաև հարևան Իրանը և Վրաստանը։ Պատերազմից հետո, հատկապես՝ Լաչինի միջանցքի արգելափակման և Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական սրման ֆոնին, Իրանն իր հստակ դիրքորոշմամբ հանդես եկավ՝ ընդգծելով Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա սահմանների փոփոխություն իր հյուսիսային հատվածում, ինչը Հայաստանի համար չափազանց կարևոր քաղաքական և ռազմավարական հայտարարություն է։ Մյուս կողմից, Վրաստանը, որպես կարևոր տրանսպորտային և հաղորդակցման օղակ, առանցքային տեղ է գրավում հատկապես արևմտյան ուղղությամբ հաղորդակցության առումով։ Թբիլիսին պահպանում է նուրբ հավասարակշռություն՝ չմիջամտելով Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը։ Պատերազմից հետո Իրանի և Վրաստանի դերը ևս վերաիմաստավորվել է և ընդգրկվել նոր վեկտորների ձևավորման գործընթացում։

Արևմտյան կողմնորոշման նշանները

2022 թվականից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ավելի հստակ սկսեցին դրսևորվել արևմտյան կողմնորոշման տարրեր։ Ռուսական անվտանգային համակարգի նկատմամբ վստահության նվազման ֆոնին իշխանությունները սկսեցին ակտիվացնել հարաբերությունները Արևմուտքի մի շարք կենտրոնների, առաջին հերթին՝ Եվրոպական միության, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ։ Այս գործընթացը, սակայն, ընթանում է զգուշությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա բարդությունները և երկրի տնտեսական ու էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ 2022-24 թվականների ընթացքում ՀՀ–ԵՄ հարաբերություններն ավելի ինստիտուցիոնալ տեսք ստացան։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստան–Ադրբեջան բանակցություններն, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, վկայում են Երևանի՝ ԵՄ դերակատարության հանդեպ աճող վստահության մասին։ ԵՄ դիտորդները ներկայումս տեղակայված են Հայաստանի սահմանամերձ տարածքներում, հատկապես՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչը մի կողմից խորհրդանշական, մյուս կողմից՝ քաղաքական քայլ է։ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է գրավում այս նոր շեշտադրումներում։ Փարիզը բազմիցս հանդես է եկել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության կոչերով, իսկ 2023–24 թվականներին կնքվել են պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք համաձայնագրեր, ներառյալ՝ սպառազինության մատակարարումը։ Ֆրանսիան նաև կարևոր դեր է կատարում հայկական համայնքի ակտիվ ներգրավման գործում՝ որպես հայաստանյան հարցերին միջազգային հնչեղություն ապահովող գործոն։ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն էլ վերջին տարիներին նոր զարգացում են ապրում։ Պատերազմից հետո ԱՄՆ-ն բազմիցս է արտահայտել իր մտահոգությունները տարածաշրջանային իրավիճակի, հատկապես՝ Լաչինի միջանցքի փակման և Արցախի բնակչության նկատմամբ ճնշումների վերաբերյալ։ Վաշինգտոնն աջակցել է նաև Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը Հարավային Կովկասի խաղաղության համար։ 2023–24 թվականներին ԱՄՆ-ն մեծացրել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունն՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, տնտեսական զարգացմանը և հակակոռուպցիոն պայքարին։ Դրա հետ մեկտեղ, հայ-ամերիկյան երկխոսությունը տեղափոխվել է նաև ռազմավարական մակարդակ՝ անցկացվել են ՀՀ–ԱՄՆ ռազմավարական երկխոսության հերթական փուլերը, որոնց ընթացքում քննարկվել են անվտանգության, էներգետիկայի, կրթության և մարդու իրավունքների ոլորտները։ Թեև Միացյալ Նահանգները երկար ժամանակ չէր դիտարկվում որպես անմիջական անվտանգային դաշնակից, 2025 թվականի հունվարին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ կողմերն ամրագրել են համագործակցության խորացումը նաև անվտանգության ոլորտում։ Այս գործընթացներն ամբողջացնում են արևմտյան կողմնորոշման այն նշանները, որոնք առավել նկատելի են դարձել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Վերջին տարիներին հատկապես Սյունիքի մարզը դարձել է մեծ պետությունների՝ ՌԴ-ի և Արևմուտքի շահերի բախման առանցքային գոտի։ Սյունիքը, լինելով միաժամանակ կապող օղակ Հայաստան–Իրան ճանապարհի միջև, ձեռք է բերել ռազմավարական մեծ նշանակություն։ Միացյալ Նահանգները մի քանի անգամ ընդգծել է Սյունիքի կարևորությունը Հայաստանի ինքնիշխանության համար՝ հայտարարելով, որ աջակցում է բոլոր այն քայլերին, որոնք ամրապնդում են Սյունիքի անվտանգությունն ու ենթակառուցվածքային զարգացումը։ Ռուսաստանը, իր հերթին, զգուշությամբ է հետևում ԱՄՆ-ի ակտիվության աճին տարածաշրջանում։ Ըստ վերլուծաբանների՝ Սյունիքի շուրջ ԱՄՆ–ՌԴ փոխադարձ անընդունելիություն կա. Վաշինգտոնը փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը, մինչդեռ Մոսկվան, մտահոգված իր ազդեցության նվազմամբ, փորձում է պահել վերահսկողությունը։ Այս ամենը Սյունիքը վերածել է  մրցակցության և արտաքին ճնշումների համախմբման գոտու։ 2025թ․ օգոստոսի 8-ին ԱՄՆ կողմից այս ուղղությամբ էական քայլ կատարվեց՝ նախագահ Թրամփը և ՀՀ վարչապետ Փաշինյանը եկան համաձայնության Սյունիքում ենթակառուցվածքների կառուցման և շահագործման հայ-ամերիկյան միջազգային մասնավոր կոնսորցիում ստեղծելու վերաբերյալ։

Ռազմավարական ճնշումներ և արտաքին դերակատարների պահանջներ

Հայաստանի արտաքին քաղաքականության վերակազմավորման գործընթացն ընթանում է բարդ միջավայրում, որտեղ տարածաշրջանային և գլոբալ դերակատարները փորձում են իրենց ազդեցությունը պահպանել կամ ընդլայնել։ Այս համատեքստում հատկապես աչքի է ընկնում Ռուսաստանի ճնշող հռետորաբանությունը Հայաստանի նոր կողմնորոշումների վերաբերյալ։ 2024 թվականի մայիսին Մոսկվայում ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հնչեցրեց մի շարք ուղիղ պահանջներ, որոնցում ակնհայտ էր դժգոհությունը Հայաստանի եվրոպամետ դիրքորոշման աճից։ Լավրովը, մասնավորապես, ընդգծեց, որ Հայաստանը «հեռանում է ՀԱՊԿ-ից», «կասկածի տակ է դնում ռազմավարական դաշնակցությունը» և համագործակցում այն կառույցների հետ, որոնք, ըստ նրա, Ռուսաստանի դեմ են։ Այդ հայտարարությունները Մոսկվայի կոշտ ազդակներն էին՝ ուղղված Հայաստանին, որոնցում շեշտադրվում էր նաև այն միտքը, որ արևմտյան ազդեցության ուժեղացումը կարող է վտանգել տարածաշրջանի կայունությունը։ Հանդիպման ընթացքում հնչեցին նաև ակնարկներ՝ թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի հանդեպ Հայաստանի պարտավորությունների չկատարման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարի արձագանքը ցուցադրեց ավելի հավասարակշռված և դիվանագիտական մոտեցում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանը չի հրաժարվում Ռուսաստանի հետ գործընկերությունից, սակայն իրավունք ունի զարգացնել հարաբերություններ նաև այլ միջազգային կենտրոնների հետ՝ ելնելով իր ազգային շահերից։

Այս գործընթացների ֆոնին ակնհայտ է դառնում, որ Հայաստանի վրա աճում է ճնշումըՌուսաստանի կողմից՝ նախկին ռազմավարական դաշնակցին «հավատարիմ մնալու» ակնկալիքով։ Այս մրցակցող պահանջների խաչմերուկում Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորումը պահանջում է դիվանագիտական ճկունություն և խորացված ռազմավարական վերլուծություն։

Տարածաշրջանային հաղորդակցման նախագծերը և նոր հնարավորությունների ու սպառնալիքների համադրումը

2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը դարձավ առանցքային թեմա՝ քաղաքական, տնտեսական և անվտանգային իմաստներով։ Այս հարցը հատկապես ուշագրավ է Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Զանգեզուրի միջանցք» գաղափարի շուրջ, որը Հայաստանի համար մեծ մարտահրավեր է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության տեսանկյունից։ Հայաստանի մոտեցումը ավելի հավասարակշռված է՝ Հայաստանը խոսում է ոչ թե միջանցքի, այլ «խճուղային» կամ բազմակողմանի հաղորդակցությունների մոդելի մասին, որը թույլ կտա և՛ զարգացնել տնտեսությունը, և՛ պահպանել տարածքային լիակատար վերահսկողություն։ Բացի Ադրբեջանից, այլ կարևոր խաղացողներ ևս՝ Իրանը և Վրաստանը կարևոր դեր են փորձում ունենալ հաղորդակցության ծրագրերում։ Այս հանգամանքը ստեղծում է նոր հնարավորություններ և թույլ տալիս Հայաստանի տնտեսությանը՝ դիվերսիֆիկացնել արտաքին կապերը։ Միջազգային համատեքստում ուշադրության է արժանի նաև Հյուսիս-հարավ միջանցքի ծրագիրը, որը միավորում է Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը՝ առևտրային ուղիների ընդլայնման համար։ Այս նախագիծը, հիանալի կերպով համադրվելով մյուս տարածաշրջանային նախաձեռնությունների հետ, կարող է էապես բարձրացնել Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը՝ որպես տարածքային կապող օղակ։ Սակայն այս բոլոր հնարավորություններին զուգահեռ, Հայաստանը կանգնած է նաև լուրջ մարտահրավերների առաջ՝ կապված տարածաշրջանային լարվածությունների, արտաքին ճնշումների և քաղաքական բարդությունների հետ։ Հաղորդակցային նախագծերը հաճախ դարձյալ դառնում են շահերի բախման կենտրոններ, որտեղ պետությունը պետք է դրսևորի բացառիկ զգուշություն և հստակ ռազմավարություն։

Խաղաղության հաստատման հեռանկարներն ու Հայաստանի հիմնախնդիրները

Հայաստանն այսօր կանգնած է տարածաշրջանում կայունության ու երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևոր փուլում։ Խաղաղության գործընթացում Հայաստանի համար առաջնայինը պետք է լինի իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգումը՝ որպես բանակցությունների անառարկելի հիմք։ Ըստ այդմ, 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հռչակագրում, որը ստորագրեցին ՀՀ վարչապետը, ԱՄՆ ու Ադրբեջանի նախագահները, պետությունների իրավազորությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ներկայացված են որպես անառարկելի սկզբունքներ։ Առաջարկվող որևէ լուծում, որը կարող է սպառնալ այդ հիմնարար սկզբունքներին, անընդունելի է ինչպես հասարակության, այնպես էլ՝ պետական քաղաքականության մակարդակում։ Հետագա զարգացումներում անհրաժեշտ է ելնել այս դիրքորոշումից և համաձայնությունների իրականացման ուղիները գծագրել ու իրականացնել՝ համաձայն ՀՀ շահերն ամփոփող այս մոտեցումների։

Եզրափակում

Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին անցել է վերաձևավորման բարդ, բայց անխուսափելի փուլ։ Փոխված անվտանգային միջավայրը, դաշնակցային հարաբերությունների վերարժևորումը և տարածաշրջանային նոր հնարավորությունները պետությանը ստիպել են նորովի դիտարկել իր շահերն ու նորովի դիրքավորվել։ Արձագանքելով արտաքին ճնշումներին ու բազմակողմ ակնկալիքներին՝ Հայաստանը փորձում է կառուցել հավասարակշռված քաղաքականություն՝ միաժամանակ խուսափելով մեկ բևեռից կախվածության վտանգից։ Այս մոտեցումը դրսևորվում է ինչպես դիվանագիտական ակտիվությամբ, այնպես էլ՝ տարածաշրջանային նոր ծրագրերի ու բազմակողմ համագործակցության ուղղությամբ ձեռնարկվող քայլերով։ Խաղաղության հաստատումը, տնտեսական հաղորդակցությունների զարգացումը և ինքնիշխանության պահպանումը մնում են պետական առաջնահերթություններ, որոնք պահանջում են թե՛ ռազմավարական մտածողություն, թե՛ լայն համախմբում։ Այս գործընթացներում յուրաքանչյուր քայլ կարևոր է ոչ միայն կարճաժամկետ կայունության, այլև՝ երկարաժամկետ ինքնուրույնության տեսանկյունից։ Հայաստանն այսօր նոր հնարավորության և ընտրության ճանապարհի վրա է։ Այժմ հարցն այլևս միայն աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին չէ, այլ՝ ապագա կառուցելու քաղաքակրթական ընտրության։ Որպես փոքր, բայց կամքի և փորձառության մեծ պաշար ունեցող պետություն՝ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները՝ ձևավորելու ճկուն, պատասխանատու և վստահելի արտաքին քաղաքականություն՝ սեփական ժողովրդի շահերից ելնելով։

Սերինե Մելիքսեթյան, Արտաքին քաղաքականության առցանց ակադեմիայի շրջանավարտ

Ընթերցեք նաև