Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ և ԱՀ-ԱՄՆ ձևաչափերով կնքված համաձայնությունները ենթադրում են հետագա բազմաչափ ու բազմոլորտ գործընթացներ, որոնք վերաբերվում են ոչ միայն նշված երեք երկրներին։ Տարածաշրջանում կողմերի միջև սպասվում են պայմանավորվածություններ, որոնք կապահովեն համաձայնությունների իրականացումը և առաջընթացի ապահովումը։
Եվ ահա, որպես առաջին զարգացումներ, տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների փոխադարձ այցելություններ՝ մեկը մյուս տարածք, իսկ օրեր անց արդեն սպասվում է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ և ԱՀ սահմանազատման հանձնաժողովների փոխադարձ այցելությունները տեղի են ունեցել ՀՀ հարավային հատվածում։ Այցելություններն ինքնին մեծ նշանակություն ունեն գործընթացները տեղից շարժելու առումով, քանի որ վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր ուղղություններով աշխատանքներում լճացում էր նկատվում։
Թեև նախապես հայտարարվել էր, թե սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները շարունակվելու են Հյուսիսային հատվածից, սակայն հարավում հանդիպումը և վաշինգտոնյան հանդիպումների տրամաբանությունը ենթադրում են, թե կարող է այս համաձայնությունը փոխվել։ Մեծ է հավանականությունը, որ կողմերը կարող են սկսվել Հայաստան-Իրան-Նախիջևան և Հայաստան-Իրան Ադրբեջան սահմանակետերից և աստիճանաբար անցնել դեպի հյուսիս: Ենթադրվում է, որ կարող է լինել նաև առանձին հատվածական սահմանազատում, երբ անհրաժեշտություն առաջանա հստակեցնել որևէ ենթակառուցվածքի կառուցման, վերակառուցման կամ սպասարկման սահմանները։
Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբինյանի և Քըլըչի առաջիկա հանդիպումը ևս տրամաբանորեն շաղկապվում է Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների հետ։ Նախկինում եղել են մի շարք դեպքեր, երբ թուրք պաշտոնյաները, որպես հայ-թուրքական օրակարգերում առաջընթացի պայման, ուղղակիորեն կամ անուղղակիորեն՝ մատնանշել են Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջընթացի կարևորությունը։ Իսկ ՀՀ-ԱՀ խաղաղության համաձայնագիրը, որը Վաշինգտոնում նախաստորագրվեց, փոխում է երկու երկրների միջև կոնֆլիկտային տրամաբանությամբ հարաբերվելու իրողությունը։ Այս մասին հայտարարել են և՛ ՀՀ վարչապետ Փաշինյանը, և՛ ԱՀ նախագահ Ալիևը։ Թվում է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների քայլ-առ-քայլ զարգացմանը այլևս խոչընդոտ չկա։ Այս մասին Հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց նաև ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը։ Հետևաբար ենթարվում է, որ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից նվազագույնը կարելի է սպասել 2022թ․ արդեն համաձայնեցված՝ 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացման ժամկետների հստակեցում։ Առավել ևս, որ մեր տեղեկություններով՝ Սերդար Քըլըչը Հայաստան է ժամանելու Մարգարայի անցակետով, այսինքն փաստացի դիվանագիտական անձնագրով հատելու է ՀՀ-Թուրքիա սահմանը և հանդիպումը տեղի է ունենալու ՀՀ տարածքում։ Այս փուլում ժամկետների վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կարող է խթանել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների մյուս բաղադրիչների շուրջ աշխատանքները։
Թեև վաշինգտոնյան համաձայնությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային զարգացման և անվտանգային առումով, սակայն դրանց իրականացումը սկսելու ձգձգումը կարող է բացասաբար անդրադառնալ նույն խնդիրների վրա։ Ավելին, աշխարհաքաղաքական փխրուն իրավիճակը մտահոգություններ է առաջացնում անգամ արդեն ձեռք բերված համաձայնությունները իրացնելու առումով։ Հետևաբար հատկապես հայկական կողմը պետք է շահագրգռված լինի բոլոր ուղղություններով զարգացումները խթանելու և գետնի վրա աշխատանքների սկիզբը հնարավորինս արագացնելու առումով։