Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման տեղեկատվական անվտանգությունն է, դրա շուրջ արևմուտքում և արևելքում տարբեր ընկալումները, տեղեկատվական պատերազմներն ու շրջանառվող ապատեղեկատվությունը, համացանցի վրա դրվող արգելքներն ու ռազմավարական հաղորդակցությունը:
Փոդքասթի հյուրերն էին կիբերանվտանգության և տեղեկատվական անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Ալբերտ Ներզեթյանը և ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը: Զրույցը վարեց «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Ալբերտ Ներզեթյան
«Հենց կիբերհանցավորությունն է, որ դրդում է պետություններին կիբերանվտանգությունը դիտարկել որպես ազգային անվտանգության առաջնային սպառնալիքներից»։
Արմինե Մարգարյան
«Շատ հաճախ նրանք, ովքեր տեղեկատվական պատերազմներում պարտվում են՝ իրենք էլ չեն հասկանում, որ այդ պահին պարտվում են։ Շատ հաճախ նույնիսկ հասարակության ներսում սպասարկվում են թշնամի պետության շահերը, բայց հասարակությունը դա չի գիտակցում»։
«Որպեսզի տեղեկատվական անվտանգությունն ամուր հիմքերի վրա դրվի՝ կա մեկ կարևորոգույն նախապայման։ Թերևս ամենակարևոր նախապայմաններից մեկն այն է, որ ազգային շահերը պետք է հստակ լինեն, որովհետև տեղեկատվական հարվածներն ուղղվում են անմիջապես ազգային շահերի դեմ»։
Արեգ Քոչինյան
«Յուրաքանչյուր սրացում, ճգնաժամ, լինի դա Սուրմալույի շուկայի պայթունը, հրդեհ, կամ ճանապարհային կանոների խախտում… ցանկացած ճգնաժամային, կամ մերձճգնաժամային իրավիճակ փորձում են, այսպես ասած որոշ ուժեր (որոնք հաճախ Հայաստանում էլ չեն գտնվում, արտաքին հարվածներ են) հակադրել ժողովրդավարությանը և ժողովրդավարացման գործընթացին ընդհանրապես։ Եվ սրանք լրջագույն տեղեկատվական հարվածներ են»։