- Բանակցային գործընթացում ո՞ւր ենք հասել և ո՞ւր ենք գնում։
- Ինչո՞ւ է Ադրբեջանը խուսափում խաղաղության պայմանագրից:
- Ի՞նչ սկբունքներ է ներառում Գրանադայի հռչակագիրը:
- Ի՞նչ դերակատարում ունեն Թուրքիան, Ռուսաստանը, Իրանն ու արևմուտքը:
- Ի՞նչ կարող է անել Հայաստանը Ադրբեջանին բանակցային գործընթաց բերելու համար:
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, հրապարակախոս, քաղաքագետ Միքայել Զոլյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Ռոբերտ Ղևոնդյան
«Ադրբեջանն առաջարկում է բանակցությունները շարունակել այն հարթակում, որը փաստացի մեզ բերելու է հանգուցալուծման բացակայության. Ինչո՞ւ, որովհետև կա մոտեցում Ռուսաստանի կողմից, որի դեպքում կմնան որաշակի խնդրահարույց հարցեր, որոնք կամ կշրջանցվեն, կամ կլինեն ինչ-որ մակերեսային ձևով ներկայացված։ Այդ խնդրահարույց հարցերը կարող են շահարկելի լինել, ինչի շնորհիվ Ռուսաստանը հետագայում կկարողանա կառավարել իրավիճակը տարածաշրջանում։ Սակայն Հայաստանն իհարկե դրա հետ չի համաձայնվի և չի ստորագրի պայմանագիր, ինչը ձեռնտու է նաև Ադրբեջանին»։
Միքայել Զոլյան
«Կարծում եմ այս պահի դրությամբ Ադրբեջանի նոր ագրեսիվ գործողությունների ռիսկերը և գինը, որը կվճարի՝ ավելի բարձր են, քան օգուտները, որը կստանա»։
Արեգ Քոչինյան
«Ամուր, կարծր տպավորություն է ստեղծվում, թե թուրքերը չեն ուզում այս տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազում և պատրաստ չեն խաղալ առանց ռուսների։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի դիրքորոշումն ամենամիանշանակն է (առնվազն ինձ համար), այն է, որ Ռուսաստանը դեմ է խաղաղությանը»։