Սահմանազատման կանոնակարգ․ քաղաքական և բովանդակային յուրահատկությունները

հեղ․ RCSP

    2024 թ. օգոստոսի 30-ին, ապրիլի 19-ի հայտարարության մեջ նշված ժամկետից 2 ամիս ուշացումով, ստորագրվեց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման կանոնակարգը: Ես փորձել եմ առաջարկել կանոնակարգի նշանակության երեք հիմնական բացատրական մոդել ադրբեջանական կողմի քաղաքական ռազմավարության համատեքստում:

Մոդել 1   
Ադրբեջանը ժամանակ է շահում` հետաձգելով հարաբերությունների կարգավորման գործընթացը: COP29 նախօրյակին Ադրբեջանը շահագրգռված է դրսևորել իրեն որպես կառուցողական կողմ, այդ իսկ պատճառով գնում է սահմանազատման կանոնակարգի ստորագրման, որի մեջ առկա հակասական եզրակացությունների ենթակա կետերը հնարավորություն են տալիս գրեթե անվերջ հետաձգել նաև այդ  գործընթացը: Խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի իմիտացիոն ակտիվությունը միտված է միջազգային հանրությանը հավատացնելուն, սակայն ադրբեջանական կողմի բուն նպատակը մնում է հնարավորության դեպքում ռազմական ճանապարհով հասնել իր առջև դրված նպատականերին, այդ թվում՝ լուծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը:

Արևմուտքի կողմից որոշակի ճնշման հետ առնչվելով և արևմտյան երկրների հետ Հայաստանի ակտիվացող քաղաքական ու ռազմատեխնիկական կապերը տեսնելով ՝ Ադրբեջանը սկսում է Ռուսաստանին դիտարկել որպես կարևոր գործոն, որը կարող է բալանսավորել այդ ճնշումը: Ադրբեջանը Ռուսաստանի հետ կապված նմանատիպ մտավախություններ չունի ու կարևոր է համարում ռուսական կողմի հետ իր կապերի օգտագործումը Հայաստանի վրա ճնշումն ուժեղացնելու համար: Ռուսական վերահսկողությամբ «միջանցքի» տարբերակը Ադրբեջանի համար որոշ  պայմաններում կարող է ընդունելի լինել:

Մոդել 2

Ադրբեջանական կողմի նպատակն իսկապես հարաբերությունների վերջնական կարգավորումն ու խաղաղության հաստատումն է: COP29-ին ընդառաջ կանոնակարգի ստորագրումն Ադրբեջանի կողմից և՛ դրական ազդակ է արտաքին կողմերին, և՛ խաղաղության պայմանագրի թրեկում՝ դրական սցենար ու որոշակի զիջում, որով Հայաստանին փորձում են շահագրգռել՝ ակնկալելով այլ հարցերում զիջումներ ադրբեջանական կողմին: Ադրբեջանական կողմն օգտագործում է իր ռազմական և ռեսուրսային առավելությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև օգտվում Ռուսաստան-Արևմուտք հակամարտության հետևանքով ստեղծված հնարավորություններից: Տվյալ պայմաններում նա շարունակելու է իր ճնշումը հայկական կողմի վրա, ակնկալելով իր համար առավելագույն բարենպաստ պայմաններով հարաբերությունների կարգավորում: Միաժամանակ նա չունի հին մոտիվացիան ու իրական նպատակներ գնալ միջին կամ մեծ ինտենսիվության ռազմական էսկալացիայի:

Ադրբեջանական կողմը երկարաժամկետ հեռանկարով չի վստահում ռուսական կողմին ու իր քաղաքականության երկարաժամկետ նպատակները տարածաշրջանում ռուսական դիրքերի թուլացումն է: Այնուամենայնիվ, շարունակելով մտավախություններ ունենալ Ռուսաստանից, ադրբեջանական կողմը կտրուկ քայլեր չի ձեռնարկում  նրա դեմ, քանի դեռ պարզ չեն ուկրաինական պատերազմի արդյունքները: Սակայն, վստահ լինելով, որ հայկական կողմը չի համաձայնվելու ռուսական կողմի միջնորդության առաջարկին, սոլիդարություն է դրսևորում վերջինիս հետ՝ Հայաստանի վրա հավելյալ ճնշում գործադրելու միտումով: Այս մոտեցումը կարելի է բնութագրել որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման սցենար Հայաստանի կողմից առավելագույն հնարավոր զիջումների գնով:

Մոդել 3

Ադրբեջանական կողմը չունի առաջին երկու մոդելներով նկարագրված կարծրացած սահմանափակումները: Ըստ միջազգային և բանակցային իրավիճակի զարգացման՝ նա պատրաստ է թե՛ կտրուկ փոխել իր արտաքին հարաբերությունների բնույթը (Ռուսաստանի կամ Արևմուտքի հետ), թե՛ օգտագործվող գործիքակազմը (ռազմական, դիվանագիտական, բանակցային): Կանոնակարգն այն միջոցներից մեկն է, որը թույլ է տալիս նման ճկուն քաղաքականություն. ըստ իրավիճակի՝ կանոնակարգի բովանդակության հետ կապված խնդիրները և գործընթացները կարող են սառեցվել, հետաձգվել, վերանայվել կամ, ընդհակառակը, կառուցողական հունով արագ զարգանալ:
Նշված երեք մոդելներից հակված եմ երկրորդին և երրորդին: Նման անորոշությունը կապված է հակամարտության կարգավորման զգայունությունից (sensitivity),  միջազգային զարգացումներից կախվածությունից և արտաքին տարբեր ակտորների ակտիվությունից ու վճռականությունից (այդ թվում միջնորդական):  Երկրորդ  տարբերակի ընտրությունը պայմանավորված է նաև երկկողմանի այնպիսի որոշումների համաձայնեցումից (ապաշրջափակման կետի հանումը պայմանագրից), որոնք առնվազն ժամանակավորապես խոչընդոտում են ռուսական միջնորդությանն այդ հարցում: Մյուս պատճառը (ստորև)՝  կանոնակարգի բովանդակությունն է, որտեղ ադրբեջանական կողմն  ակնհայտ հետաքրքրվածություն ունի այդ սկզբունքներով գործնական լուծումներից և չի դիտարկում այն որպես զուտ իմիտացիոն:
     
  ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Անցնելով կանոնակարգի բուն բովանդակությանը՝ կարևոր եմ համարում առանձնացնել մի քանի հարցեր:

1. Լեզուները. կանոնակարգը ստորագրվել է երեք լեզվով՝ հայերեն, ադրբեջաներեն, ռուսերեն: Թեև հնչեցին կարծիքներ, որ վերջին փաստը ռուսական կողմին ուղղված քաղաքական ռևերանս է, կարծում եմ, որ պատճառը շատ ավելի պարզ է՝ համապատասխան ու հստակ իմաստով ձևավորված ու գործընթացին վերաբերվող մասնագիտական եզրերի բացակայությունը հայերենում և ադրբեջաներենում, քանի որ առկա գրեթե ամբողջ իրավական և քարտեզագրական նյութը նույնպես ռուսերեն է,  որը հասկանալի է երկու կողմերի հանձնաժողովների անդամներին։ Այս որոշումը, առաջին հերթին, տեխնիկական էր: Պետք է նշել, որ ԵԱՀԿ աշխատություն-ուղեցույցը նույնպես հրատարակվել է միայն ռուսերեն և անգլերեն տարբերակներով։

2. 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումը նախաբանում, սակայն հստակ քարտեզի հղման բացակայությունը: 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը հետխորհրդային հանրապետությունների իրավահաջորդության ճանաչման հիմք է  հանդիսանում՝ նախկին խորհրդային հանրապետությունների սահմաններով և տարածքային ամբողջականության պահպանմամբ:

Կանոնակարգի մեջ հստակ քարտեզի նշումն անհրաժեշտ չէ, քանի որ բոլոր նման դեպքերում սահմանի հիմք է ճանաչվում այն վարչական սահմանը, որն իրավական հիմնավորմամբ եղել է ԽՍՀՄ փլուզման նախօրյակին (այսինքն՝ նույն 1970-ականների քարտեզներով):

3. Քանի որ սահմանի օպտիմիզացիայի մասին կետը (Հոդված 4-րդն ամբողջությամբ) ներառված է կանոնակարգի մեջ, ինչպես այս հարցում, այնպես էլ այլ հարցերում, այս փաստաթուղթը գրեթե ամբողջովին կրկնում է ԵԱՀԿ-ի կողմից հրատարակված սահմանազատման և սահմանագծման մասին ուղեցույց-ձեռնարկը[i]:

Այսպես կոչված «չորս գյուղերի» գործընթացի ժամանակ, օպտիմիզացիայի՝ որպես  ԵԱՀԿ կողմից հրատարակված նշված ուղեցույցի, կարևորագույն սկզբունքներից մեկի անտեսումը ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում ստեղծեց բնակարանային ֆոնդին, ենթակառուցվածքներին ու ավանդական հողօգտագործման պրակտիկաներին առնչվող բազմաթիվ խնդիրներ։ Իմ համոզմամբ՝ ադրբեջանական կողմի որոշումը՝ փոխել մոտեցումը և գնալ նման սկզբունքի ճանաչման, պայմանավորված էր նրանով, որ, ինչպես նշել եմ իմ նախկին հրատարակություններում[ii], մեխանիկական վերադարձն ուշ խորհրդային շրջանի սահմաններին բազմաթիվ խնդիրներ էր ստեղծելու առաջին հերթին ՀՀ Տավուշի մարզին  սահմանակից ադրբեջանական մի շարք գյուղերի համար, այդ թվում՝ ավելի բարդ, քան Կիրանցի պարագայում: Այդ գյուղերի մի մասը կարող է կորցնել իր տրանսպորտային կապը (Բալա Ջաֆարլի, Ներքին Ասկիպարա, Բաղանիս Այրում, Խեյրիմլի, Գուշչի Այրում և այլն), բնակարանային ֆոնդը (Թաթլու, Յարադուլլու, Ալիբեյլի, Աղդամ և այլն), հողային ֆոնդը (նշված գյուղերի մի մասը, Քեմերլի,  Գայմախլի գյուղերը): Նույն սկզբունքը հայկական կողմին թույլ է տալիս բարձրացնել Գորիս-Կապան ճանապարհի հատվածում սահմանի օպտիմիզացիայի խնդիրը:


Քարտեզ 1. Տավուշին հարակից ադրբեջանական Բալա Ջաֆարլի գյուղը, որը խորհրդային սահմաններին վերադառնալու պարագայում կորցնելու է իր կապը երկրի հետ:

5. Կանոնակարգի նախաբանում և Հոդված 6-ում կարգավորումների  հնարավոր փոփոխությունների մասին հատվածը, իմ կարծիքով, այսպես կոչված «եռանկյունիների», «լեզվակների» (օր.՝ Ներքին Խնձորեսկ գյուղից հարավ), ինչպես նաև անկլավների պարագայում, վերաբերվում է հենց տարածքային հնարավոր փոխանակումներին։
Նման անորոշությունը, իհարկե, նաև թույլ է տալիս հասկանալ, թե ապագայում ինչպես ներառել հնարավոր օպտիմալ լուծումներ, որոնք կարող են առաջանալ գործընթացի տարբեր փուլերում, ինչպես նաև ըստ քաղաքական զարգացումների, վաճառքի առարկա դարձնել նույն անկլավների կամ այլ տարածքների փոխանակման հարցը:
 Կանոնակարգում նշված գրեթե բոլոր հոդվածները, ինչպես նշել ենք, ԵԱՀԿ ուղեցույցի բովանդակության համառոտ վերարտադրումններն են:

Հարկավոր է նշել, որ կանոնակարգում նշված հանձնաժողովների ձևավորումն (Հոդված 1 և 3) ու տեխնիկական պահանջները (տեղանքի թարմ իրավիճակը արտացոլող  տոպոգրաֆիկ քարտեզի ստեղծման աշխատանքները) մինչ բուն գործընթացին անցնելը որոշ ժամանակ են պահանջում: Հաջորդող բուն սահմանազատման գործընթացի հետ կապված աշխատանքները, իրենց հերթին,  կարող են շարունակվել տարիներ՝ հայ-ադրբեջանական սահմանի երկարությունից (մոտ 1000 կմ) և խնդիրների բարդությունից ելնելով: Այս իսկ առումով այս գործընթացը, թեև կարող է դրական ազդակ լինել ընդհանուր քաղաքական կարգավորման համար, ինքնուրույն քաղաքական շարժիչ չէ և զգալիորեն կախված է հայ-ադրբեջանական կարգավորման այլ տարրերից, որոնք կարող են լրջագույն խոչընդոտ կամ խթանիչ հանդիսանալ սահմանազատման գործընթացին:


Ամփոփում

Կանոնակարգը ստորագրվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի դրական և բացասական միտումների գրանցման ֆոնին: Ճգնաժամային միտումները, կարծում ենք, գերակշռող են:  Թեպետ, հարկավոր է նշել, որ ադրբեջանական պաշտոնական մարտավարության համար հատկանշական է կարևոր գործնական պայմանավորվածությունների ֆոնին հռետորաբանության կոշտացումը:

Բովանդակային առումով կանոնակարգը գրեթե տառացի հետևում է ԵԱՀԿ-ի կողմից հրատարակված փաստաթուղթ-ուղեցույցի խորհուրդներին: Սկզբունքների նման փոփոխությունը «չորս գյուղերի» գործընթացի տրամաբանության փոխարեն, իմ կարծիքով, պայմանավորված է նրանով, որ այդ տրամաբանությամբ շարունակելու պարագայում զգալիորեն տուժելու էին առաջին հերթին Տավուշին հարող ադրբեջանական գյուղերը: Այն, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, համաձայնվել է կիրառել ավելի օպտիմալ սկզբունքներ, ելնելով սահմանային գոտու բնակչության շահերից, ցույց է տալիս նաև, որ ադրբեջանական կողմն այս գործընթացը չի դիտարկում որպես միայն իմիտացիոն: 


[i] https://www.osce.org/files/f/documents/9/2/363466.pdf

[ii] https://www.ypc.am/lineofcontact/2024/08/02-08-2024-ru/?fbclid=IwY2xjawFZGH9leHRuA2FlbQIxMQABHTBcHYXxOJQ8aPlSxlyB1DChVX4tvSDF6uGE4j0UwekdZG0qroTZlLT4LQ_aem_38yRQsEgePz4dHVTNbYsVg


Հեղինակ՝ ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Սամվել Մելիքսեթյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037