2023 թվականի նոյեմբերի 13-ին Լոնդոնում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ստորագրվեց ռազմավարական երկխոսության առաջին հայտարարությունը։ Սա հույս ներշնչեց, որ տևական ժամանակ լճացման մեջ գտնվող ՀՀ—ՄԹ հարաբերությունները նոր շունչ կստանան։ Հայտարարությունը բավականին բարձր նշաձող սահմանեց` ակտիվացնելով համագործակցությունը տնտեսական, միջազգային անվտանգության, ռազմա-ուսումնական, բարեփոխումների և մի շարք այլ ոլորտներում։ Այսօր, գրեթե մեկ տարի անց, ակնհայտ է հայկական կողմի ծավալած աշխատանքը։ Վերջինս փորձում է Լոնդոնում հանդես գալ նոր էջից՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ու Հայաստանի՝ որպես ժողովրդավարական ուղղությամբ զարգացող ու տարածաշրջանում խաղաղության ձգտող պետության, իմիջի վրա։ Հայաստանն էապես ավելացրել է իր դեսպանատան կապիտալ կարողությունները և ՄԹ է ուղարկել ՀՀ լավագույն դեսպաններից մեկին։ Աշխատանքներ են տարվում Լոնդոն-Երևան ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման, տնտեսական համագործակցության ու առևտրաշրջանառության ավելացման, կրթական ակադեմիական համագործակցության ծավալների ավելացման և հակահայկական նարատիվների սահմանափակման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ հարաբերությունների վերամեկնարկի համար անհրաժեշտ նույն թափն ու խորությունը մյուս կողմից մենք չենք տեսնում։ ՄԹ-ն վերջին տարիներին էապես նվազեցրել է Հայաստանում իր դեսպանատան ինչպես կապիտալ, այնպես էլ մարդկային կարողությունները։ Լոնդոնում հապաղում են առաջ շարժվել ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այն նախկինում սահմանափակված էր՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։ Ընդհանրապես, Հայաստանը շարունակում է դուրս լինել ՄԹ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից՝ ինչպես երկկողմ համագործակցության, այցերի կազմակերպման, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության մակարդակի առումով։ Մյուս կողմից լեյբորիստների իշխանության գալով՝ նոր հնարավորություններ են բացվում արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերանայման, ՄԹ կողմից տարբեր հարցերում ավելի ներգրավված լինելու համար։ ԵՄ-ն և Արևելյան Գործընկերության տարածաշրջանն առաջնային նշանակություն ունեն այս իմաստով։ Չնայած նոր կառավարությունը ժառանգել է ներքին տնտեսական և սոցիալական, առաջին հերթին առողջապահական, լուրջ խնդիրներ և ստիպված կլինի հրատապ կարգով կենտրոնանալ հենց դրանց վրա, սակայն, միջնաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունների մեջ անխուսափելի կլինի նոր արտաքին քաղաքականության խթանումը։ Միացյալ Թագավորության ավելի խորը և ռազմավարական ներգրավվածությունը կարող է առաջանցիկ նշանակություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու գործում, հատկապես հաշվի առնելով, որ դա կհամապատասխանի տարածաշրջանում ՄԹ քաղաքական և տնտեսական շահերին: Վերջին երկու տարիներին Հարավային Կովկասում երկրների ինքնիշխանության ամրապնդման յուրահատուկ հնարավորություն կա, որը կարող է իրացվել տարածաշրջանում խաղաղության և կայունության շուրջ ջանքերին աջակցության դեպքում: Լոնդոնի մասնակցությունն այս գործընթացներին նաև կլրացնի ԱՄՆ-ի և ԵՄ-ի շարունակական ջանքերը: Հատկապես պետք է հաշվի առնել, որ Բաքվից հնչող վերջին ագրեսիվ հռետորաբանությունը մատնանշում է հրատապ գործողությունների անհրաժեշտությունը: Այս առումով, չնայած հիմնականում հենց հայկական կողմի ծավալած մեծ աշխատանքին, կարծում եմ՝ գնդակը շարունակում է մնալ մեր դաշտում։ Կա խնդիր՝ արթնացնելու այս բոլոր գործընթացների նկատմամբ կղզու հետաքրքրությունը։
Միացյալ Թագավորությունը, համագործակցելով արևմտյան իր այլ դաշնակիցների հետ, ունի և՛ գործիքներ, և՛ լծակներ, որպեսզի զսպի Ադրբեջանի հետագա ագրեսիան և ճնշում գործադրի նրան ավելի կառուցողական դաշտ բերելու համար, քանի դեռ շարունակվում են երկկողմ խաղաղ բանակցությունները: Հնարավոր ագրեսիայի հետևանքներին ու բիզնես հետաքրքրություններին վնասող զարգացումներին արձագանքելը շատ ավելի բարդ կլինի, քան զսպման առողջ ռազմավարությունը: Վերջին գործողությունը կարող է նաև մեղմել Հայաստանում Ռուսաստանի կողմից աջակցվող պետական հեղաշրջման վտանգը։ Ստորև ներկայացնում եմ այս ամենի կայացման համար անհրաժեշտ առաջարկություններ:
Առաջարկություններ՝
Կարևոր է, որ հատկապես Դեյվիդ Լամիի վերջին անպատեհ հայտարություններից հետո Մեծ Բրիտանիան հստակ ուղերձ ուղարկի, որ տարածաշրջանում կայունությունը կարևոր նախապայման է շարունակական բիզնես ներդրումների և տնտեսական համագործակցության համար, հատկապես էներգետիկ ոլորտում: Սա կպահանջի Ադրբեջանի կողմից ձեռնարկված շոշափելի քայլեր, որոնք հստակորեն ցույց կտան խաղաղ գործընթացի նկատմամբ ավելի կառուցողական մոտեցում: Մեծ Բրիտանիայի ներդրումներն Ադրբեջանում զգալիորեն աջակցում են տեղական տնտեսությանը։ Քանի որ Բաքուն ծրագրում է զգալիորեն մեծացնել իր էներգակիրների արտահանումը Եվրոպա, Մեծ Բրիտանիան կարող է դեր խաղալ Բաքվի արտաքին քաղաքականությունն ավելի կառուցողական դաշտ բերելու գործում: Բաքվին Հայաստանի հետ հաշտության պայմանագիրը վերջնականապես ստորագրելու մղելուն զուգահեռ, նույնքան կարևոր է հետևողական լինել, որ Բաքուն քայլեր ձեռնարկի, որոնք կհանգեցնեն տեւական խաղաղության։ Սա պետք է ներառի.
- Բոլոր 23 հայ ռազմագերիների և այլ կալանավորների վերադարձը։ Սա համահունչ է Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշմանը, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների և մարմինների կոչերին:
- 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին օկուպացված տարածքներից դուրս գալը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Ստեղծված իրավիճակը լուրջ մարտահրավերներ է ստեղծում տուժած սահմանամերձ տարածքների մերձակայքում ապրող համայնքների համար՝ ի լրումն տարածքային ամբողջականության սկզբունքների խախտման և ենթակառուցվածքային մարտահրավերների։
- Բաքուն պետք է չեղարկի Հայաստանին ուղված «միջանցք» տրամադրելու պահանջները (որը կրկնում է նաև Ռուսաստանը), բացառապես ռուս սահմանապահների «չեզոք վերահսկողության» ներքո: Միացյալ Թագավորությունը կարող է աջակցել Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային ուղիների հետ տարածաշրջանային կապի ապաշրջափակման հայեցակարգին՝ այն խստորեն դիտարկելով Հայաստանի ինքնիշխանության ներքո։
Տարածաշրջանային կայունության ապահովման համար, որպես զսպման միջոց, ՄԹ-ն անհրաժեշտ է որ ունենա հստակ քաղաքականություն և գործողությունների համալիր այն սցենարի համար, եթե Ադրբեջանը որոշի հարձակվել։ Գործողությունների շարքը պետք է բաղկացած լինի ինչպես նպատակային, այնպես էլ տնտեսական պատժամիջոցներից, ինչպես նաև ակտիվների սառեցումից։ Այդ միջոցները պետք է հստակորեն ներկայացվեն Բաքվին, ինչպես նաև նշվեն այն հանգամանքները, որոնք կհանգեցնեն նման միջոցների կիրառմանը։ Միացյալ Թագավորության շահերից է ելնում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի երկկողմ ստուգման մեխանիզմի ստեղծման գաղափարին աջակցությունը՝ դրանք ապագայում կանխելու համար։
Նույնքան կարևոր է, որ Հայաստանն աջակցություն ստանա Միացյալ Թագավորությունից, հատկապես երկու երկրների միջև ուժային մեծ անհավասարակշռության պայմաններում: Նման օգնությունը կարող է լինել տարբեր ձևերով, ներառյալ.
- Զգալիորեն ընդլայնել Հայաստանում դեսպանության աշխատանքը։
- Աջակցել EUMA-ին՝ միանալով առաքելությանը, ինչպես դա արել է Կանադան: Սա ուժեղ ազդանշան կհղի տարածաշրջանային կայունության կարևորության մասին և կարևոր քայլ կլինի նոր կառավարության կողմից ԵՄ-ի հետ հարաբերությունների կայունացման ճանապարհին:
- Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ջանքերին հետագա և նպատակային աջակցությունը կնպաստի Հայաստանի դիմադրունակությանը: Այս համատեքստում այնպիսի միջոցառումները, ինչպիսիք են հայկական որոշ ապրանքների համար բրիտանական շուկա ավելի հեշտ մուտք գործելը, երկու երկրների միջև ուղիղ չվերթները և Հայաստան առևտրային առաքելությունները, կարող են արդյունավետ լինել:
- Շատ օգտակար կլինի նաև հայ սպաների ռազմական կրթությանն ավելի ինտենսիվ աջակցությունը, այդ թվում՝ Միացյալ Թագավորության հաստատություններում:
- Հայաստանի հետ ավելի խորը և ռազմավարական հարաբերություններ ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տիպի համանման համաձայնագրի միջոցով, ինչպես նաև արձանագրելով տարածաշրջանային անվտանգության կարևորությունը ՄԹ ռազմավարական փաստաթղթերում։
Ուշագրավ է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները նույնպես ունեն այս պահին չիրացված պոտենցիալ։ Միացյալ Թագավորությունն ունի սահմանած մոտ 3 միլիարդ փաունդ ստերլինգի արտոնյալ վարկային միջոցներ ՄԹ-ից Հայաստան ներդրումների ու Բրիտանական բիզնեսների գործունեության համար։ Այս միջոցները կարող են բավականին լուրջ խթան հանդիսանալ երկկողմ տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։ Կարևոր է նաև հայկական ընկերությունների հետ աշխատելու London Stock Exchange–ում առկա պատրաստակամությունը։ Կարծում եմ՝ սա հնարավորություն է, որից հայկական բիզնեսը չպետք է հրաժարվի։
Կարևոր նախաձեռնություն կլինի ՀՀ ֆինանսավորմամբ ՄԹ-ում նոր հայագիտական կենտրոնի ստեղծումը, որը կզբաղվի թե՛ ՄԹ-Հայաստան պատմական, մշակութային կապերի ուսումնասիրմամբ ու զարգացմամբ, թե՛ կհակազդի կղզում լայնորեն տարածվող հակահայկական նարրատիվներին։ Նույն տրամաբանությամբ կարևոր է ակադեմիական համագործակցության Chevening ծրագրի շարունակականությունը և Հայաստանի համար սահմանված քվոտայի ավելացումը։
Եզրափակելով՝ շեշտում ենք, որ վերոնշյալ հարցերում Հայաստանին աջակցությունն անհրաժեշտ է հրատապ և թափանցիկ՝ հակազդելու այն ուժերի ջանքերին, որոնք պնդում են, որ Հայաստանի համար Ադրբեջանի հետ հետագա էսկալացիան կանխելու միակ տարբերակը Ռուսաստանի հետ հետագա ինտեգրումն է։ Կարևոր է, որ հայ հասարակությունը տեսնի, որ Միացյալ Թագավորությունը, արևմտյան այլ դաշնակիցների հետ միասին, աջակցում է Հայաստանին։ Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներն էլ ավելի են ուժեղացնում Հայաստանին հրատապ աջակցության անհրաժեշտությունը՝ փորձելով կանխել տարածաշրջանի ռուսականացումը և ավտորիտար ռեժիմների վերարտադրումը:
Հեղինակ՝ ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյան