2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումից և ամբողջական հայաթափումից հետո այդ երկրի բարձրագույն ղեկավարության հռետորաբանության մեջ սկսել են ավելի ու ավելի գերիշխող դառնալ հակաարևմտյան շեշտադրումները: Բաքուն արևմտյան ժողովրդավարական մի շարք երկրների մեղադրում է կողմնակալության, հակաադրբեջանական տրամադրությունների և ճնշումների համար՝ քայլեր ձեռնարկելով տարածաշրջանում նրանց ներգրավվածության թուլացման ուղղությամբ: Զուգահեռաբար Ադրբեջանը նոր թափ է հաղորդել ավտորիտար երկրների հետ հարաբերությունների զարգացմանը:
Ադրբեջանն ընդդեմ Արևմուտքի
Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ այս փոփոխություններն ակնհայտ դարձան 2023 թվականի հոկտեմբերից: Բաքուն սկսեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից եվրոպական կողմի դուրսմղման գործընթաց: Ալիևը բոյկոտեց Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդների հանդիպումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ ամիսներ առաջ: Հոկտեմբերի վերջին ադրբեջանական կողմը հրաժարվեց մասնակցել նաև ԵՄ խորհրդի նախագահի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը՝ փաստացի վերջ դնելով եվրոպական կողմի միջնորդական ջանքերին։
2023 թվականի նոյեմբերին լարվածություն առաջացավ նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներում պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարեց, որսեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե խաղաղության ճանապարհին առաջընթաց չգրանցվի: Բաքուն դա որակեց որպես հարված երկկողմ հարաբերություններին, արձանագրելով, որ հարաբերություններն այլևս չեն կարող լինել նախկինի պես:
Հակաարևմտյան հռետորաբանությունը շարունակվեց նաև 2024 թվականին: Ալիևը հայտարարեց, թե Եվրոպայում հակաադրբեջանական կոալիցիա է ստեղծվել, և առնվազն 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանին։ Թեև նա չհստակեցրեց թե որ երկրների մասին է խոսքը, ակնհայտ է, որ դրանցից մեկը, ըստ Ալիևի, Ֆրանսիան է, որի հետ Ադրբեջանի հարաբերություններն էականորեն լարվել են։ Հայ-ֆրանսիական հարաբերությունների համակողմանի զարգացումն ադրբեջանական կողմն ընկալում է որպես սպառնալիք, և Փարիզի դեմ փորձում է հիբրիդային պայքար ծավալել։ Դա ներառում է ոչ միայն հակաֆրանսիական լայնածավալ տեղեկատվական արշավներ, այլ նաև աջակցություն Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում գործող անջատողական շարժումներին՝ նորաստեղծ «Baku Initiative Group» հարթակի միջոցով։
Ադրբեջանական կողմն այս ընթացքում բացահայտ թիրախավորել է նաև Նիդերլանդներին, Կանադային, Լյուքսեմբուրգին և Հայաստանին աջակցություն հայտնած կամ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտած բոլոր մյուս երկրներին։ Բաքվի թիրախում են անգամ եվրոպական կառույցները, օրինակ՝ Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն և նույնիսկ առանձին եվրոպացի պաշտոնյաներ, օրինակ՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Բաքուն բավական կոշտ է արձագանքում ռազմական ոլորտում Հայաստանի հետ միջազգային գործընկերների գործակցությանը։ Ռազմատեխնիկական գործարքները, համատեղ զորավարժությունները և անգամ «Խաղաղության եվրոպական հիմնադրամից» ոչ ռազմական բնույթի աջակցությունն ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես Հայաստանի ռազմականացում, խաղաղության գործընթացի խաթարում և տարածաշրջանի ապակայունացման փորձ։
Ադրբեջանը բացահայտ ձևով դեմ է արտահայտվում նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը՝ նրան մեղադրելով կողմնակալության, լարվածության առաջացման և անգամ լրտեսության համար։ Բաքուն անընդունելի է համարում առաքելության ժամկետի երկարաձգումը և դրա կազմի ընդլայնումն առանց իր հետ համաձայնեցման՝ պահանջելով այն դուրս բերել հայ-ադրբեջանական սահմանից։
Ադրբեջանի ռազմավարական նոր գործընկերները և դաշնակիցները
Հակաարևմտյան հռետորաբանության ակտիվացմանը զուգահեռ Ադրբեջանը վերջին մեկ տարում վերագնահատում է նաև իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Այդ գործընթացի մասին նախագահ Ալիևը հայտարարել է դեռ 2024թ․ փետրվարին՝ իր 5-րդ երդմնակալության արարողության ժամանակ: Նրա խոսքով՝ Ադրբեջանին ոչ մի տեղ չեն սպասում և նրա միակ ընտանիքը թյուրքական աշխարհն է:
Այդ հայտարարությունը փաստացի ազդարարում է Ադրբեջանի քաղաքական նոր ինքնության ստեղծումը, որն իր արժեքային մոտեցումներով ավելի մոտ է թյուրքական աշխարհին, քան հարավկովկասյան երկրներին: Վերջին մեկ տարում Բաքուն այս ուղղությամբ ձեռնարկել է հստակ քայլեր: Մարտ ամսին ադրբեջանական կողմը Ղազախստանի հետ կնքել է էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր (Ռազմավարական գործընկերություն են հաստատել 2022-ին), ապրիլին «Խորը ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» հռչակագիր է ստորագրել Ղրղզստանի հետ, մայիսին ռազմավարական գործընկերություն է հաստատել Տաջիկստանի հետ, իսկ օգոստոսին էլ դաշնակցային հարաբերություններ է ստեղծել Ուզբեկստանի հետ (Թուրքմենստանի հետ Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրել դեռ 2017-ին):
Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն զարգացնել դաշնակցային հարաբերությունները նաև Թուրքիայի, Ռուսաստանի և Պակիստանի հետ: Հուլիսին Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեց նաև Չինաստանի հետ՝ նոր հարթություն տեղափոխելով երկկողմ հարաբերությունները։
Ուշագրավ է, որ Բաքվի հակաարևմտյան դիրքավորումը չի բացառում եվրոպական երկրների գործակցության հնարավորությունը։ Ադրբեջանն այս ուղղությամբ կենտրոնացել է Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրների հետ գործակցության վրա։ Սակայն այդ հարաբերությունները կառուցում են ոչ այդքան քաղաքական, որքան տնտեսական, մասնավորապես՝ էներգետիկ հիմքի վրա։ Այսօր Բաքուն գազ է մատակարարում ԵՄ անդամ հինգ երկրի՝ Բուլղարիա, Հունաստան, Իտալիա, Հունգարիա և Ռումինիա։ Այդ երկրներից ադրբեջանական կողմն ակնկալում է Եվրամիության շրջանակում իր շահերի պաշտպանության հետ կապված աջակցությունհաշվի առնելով, որ միությունում որոշումների ընդունման գործընթացը հիմնված է կոնսենսուսի սկզբունքի վրա։
Հակաարևմտյան դիրքավորման հիմքերը
Ադրբեջանի հակաարևմտյան դիրքավորման և արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխությունը պայմանավորված է մի քանի գործոնով։ Առաջինը տարածաշրջանային ստատուս քվոն է։ Նախկինում Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս ստիպված էր հաշվի առնել ԼՂ հակամարտության գործոնը և փորձում էր հնարավորինս կառուցողական հարաբերություններ պահպանել ուժային կենտրոնների և, առաջին հերթին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Նոր իրողությունների պայմաններում նման կաշկանդվածություն այլևս չկա։ Ավելին՝ ադրբեջանական կողմն իրեն թույլ է տալիս բավական կոշտ արձագանքել այդ դերակատարների կողմից հնչող ցանկացած քննադատությանը կամ հայտարարությանը, որը վերաբերում է Հայաստանի դեմ ագրեսիային, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտմանը, արցախահայության իրավունքներին կամ հայ ռազմագերիներին։ Նոր ստատուս քվոյի պայմաններում ադրբեջանական կողմի համար նախընտրելի է հարաբերություններ զարգացնել ավտորիտար, սակայն անցանկալի թեմաներ չբարձրացնող երկրների հետ։
Ադրբեջանի հակաարևմտյան դիրքավորման պատճառներից մյուսն էլ ներքաղաքական բնույթ ունի։ Ալիևի ընտանեկան իշխանության համար հնարավոր սպառնալիքներից մեկը երկրում տարիներ շարունակ կուտակված խնդիրներն են, այդ թվում՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի, սոցիալական բևեռացման հետ կապված։ Այդ իսկ պատճառով իշխանությունները փորձում են կանխել հանրային դժգոհության բարձրաձայնման ցանկացած փորձ: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել են ավելի քան երեք տասնյակ լրագրող և ակտիվիստ, որոնց մեծ մասն, ի դեպ, մեղադրվում է արտարժույթի մաքսանենգության մեջ։ Հենց կերպ են որակավորվում տարբեր ժողովրդավարական հիմնադրամների կամ կառավարությունների ֆինանսավորման սխեմաները, որոնց միջոցով աջակցություն են ստանում ադրբեջանցի ակտիվիստները։ Ադրբեջանական քարոզչամիջոցները մարդու իրավունքների, խոսքի ազատության համար պայքարը ներկայացնում են որպես երկիրն ապակայունացնելու փորձ, իսկ քաղաքացիական ակտիվիստներին և անկախ լրագրողներին՝ «Արևմուտքի ազդեցության գործակալներ»։
Ադրբեջանի հակաարևմտյան հռետորաբանությունը բխում է նաև տարածաշրջանում Արևմուտքի ներգրավվածության թուլացման նրա ռազմավարությունից։ Բաքուն դիրքավորվում է որպես տարածաշրջանային հեգեմոն, որի հետ իրենց քայլերը պետք է համաձայնեցնեն Հարավային Կովկասով հետաքրքրված բոլոր ուժերը: Եվ դա ինքնանպատակ չէ․ տարածաշրջանում Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ֆրանսիայի և այլ դերակատարների ներկայությունն ու ներգրավվածությունը Բաքվի համար զսպող գործոններ են, որոնցից նա փորձում է ամեն կերպ ազատվել։ Հենց այդ տրամաբանության շրջանակում է տեղավորվում, օրինակ, Հայաստանում ԵՄ առաքելության դադարեցման պահանջը։
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի նոր դիրքավորումն առնվազն կարճաժամկետ հեռանկարում պահպանվելու է: Այս միտումներն անհրաժեշտ է հետևողականորեն վերլուծել և հաշվի առնել Հայաստանի տարածաշրջանային և արտաքին քաղաքականության մշակման գործընթացում:
Հեղինակ՝ ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյան
Լուսանկարը՝ The Insider կայքից