ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

by RCSP


Ադրբեջանի և Թուրքիայի մոտ 17 կմ ընդհանուր երկարություն ունեցող սահմանի գոյությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում բազմաթիվ իրարամերժ վարկածների հիմք է հանդիսանում, այդ թվում՝ մասնագիտական շրջանակներում: 1980-ականների վերջից հայկական  պատմագրության և փորձագիտական շրջանակներում տարածվեց մի վարկած, որ այդ սահմանը ձևավորվել է 1930-ականներին թուրք-իրանական տարածքային փոխանակումների ու սահմանազատման արդյունքում: Այս հոդվածով հիմնովին հերքվում է այդ վարկածը:


Թուրքիայի՝ Նախիջևանին սահմանակից հատվածը Ռուսական կայսրության կազմում

Ներկայիս ՀՀ, ԱՀ, Թուրքիայի և Իրանի սահմանների հատման գոտին ձևավորվել է 19-րդ դարի սկզբին, երբ Ռուսական կայսրության տարածքային զավթումներն ամրագրվեցին Թուրքմենչայի 1828 թ-ի պայմանագրով և Երևանի ու Նախիջևանի խանություններից ձևավորվեց Հայկական մարզը, իսկ հետագայում (1849 թ-ից)՝ Երևանի նահանգը: Նախկին Երևանի խանության մի փոքրիկ մասը՝ Արարատի զանգվածից հարավ, մնաց Պարսկաստանի կազմում, սակայն Ներքին Կարասու (Ղարասու) և Արաքս գետերի միջև նեղ լեզվակն անցավ Ռուսական կայսրությանը: Ներկայիս Թուրքիայի Հանրապետության Իգդիր նահանգի (իլի) մաս հանդիսացող այդ հատվածը, որով այն սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, ցարական շրջանում, հակառակ տրամաբանությանը, հանդիսանում էր ոչ թե Երևանի նահանգի միակ անդրարաքսյան` Սուրմալուի գավառի (որը համապատասխանում է Իգդիրի նահանգին), այլ հենց Երևանի նահանգի Երևանի գավառի մաս՝ կազմելով գավառի չորրորդ ոստիկանական հատվածի (полицейский участок) երկու գյուղական հասարակությունների՝ Գեջիմկանլիի և Կըրմիզկանլիի տարածքը: 1873 թ. այդ հատվածի քրդական բնակավայրերը դեռ նշված են որպես ձմեռանոցներ (зимовники): Այդ նեղ հատվածում (Երևանի նահանգի գյուղացուցակների և ռուսական ռազմական շտաբի 5 վերստանոց քարտեզից ելնելով) մահմեդականներով բնակեցված 11 գյուղ, որից 10-ը՝ քրդական, 1-ը (Սարուխանլու)՝ թյուրքական (ադրբեջանական) բնակչությամբ:


Քարտեզ 1․ Ե․Կոնդրատենկոյի էթնիկ քարտեզ Երևանի նահանգի Երևանի գավառի անդրարաքսյան հատվածը՝ Կարասու (Ներքին) և Արաքս գետերի միջև (մուգ կանաչ գույնով նշված է քրդական բնակչությունը)[i]



Քարտեզ 2․
Ռուսական ռազմական 5 վերստանոց քարտեզը[ii]



Հայ-թուրքական պատերազմը և Նախիջևանի հյուսիսի սահմանի ձևավորումը հետագա պայմանագրերով


1918-1920 թթ. հետաքրքրող հատվածը հիմնականում գտնվում էր հայկական վերահսկողությունից դուրս և հայկական մամուլի էջերում կարելի է հանդիպել այդ հատվածից Արարատի (Դավալուի) տարածաշրջանի հայկական գյուղերի քրդական խմբերի հարձակումների մասին հաղորդագրություններ։ 1920 թ. հունիս-հուլիս ամիսներին հայկական բանակի առաջխաղացումից հետո նախիջևանյան հատվածում Արաքսի ամբողջ ձախ ափը՝ մինչ Շահթախթի կայարանը անցավ հայկական վերահսկողության տակ: 1920 թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի համաձայն՝ հայկական վերահսկողության տակ էր ճանաչվում ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ամբողջ հայուսիսային հատվածը՝ Շահթախթի-Խոկ-Ազնաբյուրտ (Զնաբերդ)-Սուլթանբեկ (Բարձրունի) – Կուկի լեռ գծով (տե՛ս քարտեզ 3-ը): Այդ պատկերը պահպանվեց մինչ 1920 թ. նոյմեբերի 5-ը, երբ Նախիջևանում տեղակայված թուրքական բանակի ստորաբաժանումներն անցան հարձակման և գրավեցին ամբողջ տարածքը մինչ հայկական Սմո-քենդ գյուղ – Արարատ կայարան – Սարայ-բուլաղ (Ուրծ) բարձրունքը՝ ներկայիս Արարատի մարզի հարավային հատվածում:

Քարտեզ 3․ ՆԻՀ տարածքը հայկական վերահսկողության տակ (կարմիր գծով), իրավիճակը` հայ-թուրքական պատերազմի ավարտին (դեղին)[iii]


Հայ-թուրքական պատերազմում Հայաստանի պարտությունն արձանագրած 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով նշվում էր, որ «Հայաստանի և Թուրքիայի սահմանը սկսվում է այնտեղից, որտեղ Ղարասուն (Վերին Ղարասու գետը միանում է Արաքս գետին Թուրքիան Նախիջևանի հետ կապող լեզվակի սկզբնական հատվածում) թափվում է Արաքսի մեջ», սակայն Նախիջևանի հատվածում Նախիջևանի, Շահթախթի և Շարուրի շրջանների հետ սահմանն անցնում էր ավելի հյուսիս՝ պատերազմի վերջին ռազմաճակատի գծով (Արարատ կայարանից հարավ և Սարայ-բուլաղ (Ուրծ) լեռնազանգվածով): Հետևաբար, այդ պայմանագրով, բացի Շարուրից և Սադարակից, Թուրքիային էր անցնում նաև ներկայիս ՀՀ Արարատի մարզի հարավային փոքր հատվածը` Սուրենավան, Արմաշ և Երասխ բնակավայրերով:

1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով, որով Նախիջևանն անցնում էր Ադրբեջանանին, Նախիջևանի հյուսիսային սահմանը մնում էր անորոշ: Ըստ Մոսկվայի պայմանագրի երրորդ հոդվածի՝ երեք կողմերից (թուրքական, ադրբեջանական և հայկական) կազմված հանձնաժողովը պետք է ճշտեր եռանկյունու հատվածում այդ սահմանը, որն առաջանում է Դահնա-Վելի-դաղ-Բաղարզիկ-Քյումուրլու-դաղ-Սարայ-բուլաղ (Ուրծ)-Արարատ կայարան գծերի, Արաքսի տալվեգի (հոսանքի ամենխորը գծի) և Կարասու գետի գետաբերանի միջև:


Քարտեզ 4․ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի երրորդ հոդվածով նշված եռանկյունին[iv]


1921 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագրի Հավելված III-ում նկարագրվում է Հայաստանի և Նախիջևանի միջև սահմանը, որը անցնում է Ուրմիա գյուղից հյուսիս և Արազդայան (Երասխ) կայարանից հարավ, հատում է Ջահաննամ-դերեսի գետը ռուսական ռազմական քարտեզի վրա նշված աղբյուրից հարավ և անցնում Բաղարսըխ բարձրունքի ջրբժան գծով մինչ Կյոմուրլու-դաղ բարձրունքը: Կարսի պայմանագրում նկարագրված կետերով անցնող գիծը համապատասխանում է ներկա սահմանին և ցույց է տալիս, որ Մոսկվայի պայմանագրում վիճելի նկարագրված եռանկյունին կիսվել էր գրեթե երկու հավասար կեսերի՝ Արաքսի աջ ափին Թուրքիային անցած նեղ լեզվակի երկարության կեսով՝ թույլ տալով պահպանել Թուրքիայի և Նախիջևանի միջև ընդհանուր սահմանը: Սա էր պատճառը, որ թեև Սադարակի գյուղական հասարակությունը ցարական շրջանում գտնվում էր Երևանի գավառի կազմում ( բաժանված էր Շարուրի տարածքից Գայլի դրունք կոչվող լեռնազանգվածով) այդ հատվածի ընդգրկումը Նախիջևանի կազմում թույլ տվեց Թուրքիային Նախիջևանի հետ ունենալ ընդհանուր մոտ 17 կմ սահման: Մյուս կողմից, Ալեքսանդրոպոլի պայմանագրով ավելի հյուսիսով անցնող սահմանը տեղափոխվեց հարավ, մինչ Արազդայան (Երասխ) կայարանը և գյուղը (իրականում՝ հայաբնակ մի քանի նույնանուն, փոքր ագարակներ) անցան Խորհրդային Հայաստանին: Այստեղ որոշակի դեր է խաղացել նաև ազգագրական սկզբունքը, և սահմանն անցել է այդ հատվածի միակ հայակական գյուղից (Երասխից) հարավ:

Կարսի պայմանագիր, Հավելված III[v]


Քարտեզ 5․ Կարսի պայմանագրի Հավելված III-ով Հայաստանի և Նախիջևանի հյուսիսային սահմանը որոշող կետերը[vi]


Հարկավոր է նշել, որ բացի տրամաբանական այն թեզից, որ քանի որ Կարասու և Արաքս գետերի միջև նեղ լեզվակը ցարական շրջանում գտնվում էր Ռուսական կայսրության (այլ ոչ Պարասկաստանի) կազմում, 1921 թ. Կարսի պայմանագրից հետո, գտնվելով Արաքսի ձախ ափին, պետք է անցներ Թուրքիային, Կարսի պայմանագրի տեքստը պայմանագրի առաջին հավելվածի վերջում Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր սահմանի ունի ուղիղ հիշատակում, որտեղ նկարագրվում է սահմանն Արաքս գետի տալվեգով. «Թուրքիայի սահմանը հետևելով Արփաչայ գետի տալվեգին, հասնում է Արաքսը և Արաքսի տալվեգին հետևելով մինչ Ուրմիա գյուղը, որտեղ ավարտվում է Հայաստանի հետ սահմանը և սկսում է Ադրբեջանի հետ սահմանը և հետո Արաքսի տալվեգով մինչ Ներքին Կարասու գետի թափվելը Արաքսի մեջ, որտեղ ավարտվում է Ադրբեջանի հետ սահմանը»:

Կարսի 1921թ պայմանագրի Հավելված I հատվածից[vii]

Այսպիսով, 1921 Կարսի պայմանագրից հետո Ադրբեջանի (Նախիջևանի) և Թուրքիայի ընդհանուր սահմանի բացակայության մասին տարածված թեզը հենց պայմանագրի տեքստով հերքվում է։ Տարածված թյուրիմացությունը, կարծում եմ, կապված է, մի կողմից, Խորհրդային Միությունում 1920-ականներին հրատարակված գրեթե բոլոր քարտեզներում առկա սխալից (որտեղ այդ սահմանը չի նշված, տե՛ս քարտեզ 6-ը), ինչը նաև կարևոր ցուցիչ է այդ շրջանի քարտեզներին խիստ վերապահումներով վերաբերվելու համար (այս թեզը առավել ևս արդիական է նաև հայ-ադրբեջանական սահմանազատմանը վերաբերվող հարցերը քննարկելիս):


Քարտեզ 6․ 1926 թ. Խորհրդային Հայաստանի քարտեզը[viii]

Մյուս կողմից, թուրք-իրանական 1932 թ-ի Թեհրանի կոնվենցիայում ամրագրված տարածքային փոփոխանակումների մասին կետը, այդ թվում Փոքր Արարատի հատվածում (Փոքր Արարատի գագաթին մինչ 1918 թ. հատվում էին երեք պետությունների՝ Ռուսական, Օսմանյան և Պարսկական կայսրությունների սահմանները, թեև լանջերի մեծ մասը Պարսկաստանին էր պատկանում) թույլ է տվել եզրակացնել, որ խոսքը հենց հոդվածում քննարկվող հատվածի մասին է (տե՛ս քարտեզ 7-ը):


Քարտեզ 7․ 1932թ Թեհրանի կոնվենցիայով սահմանված Թուրքիայի և Իրանի միջև կայացած տարածքային փոխանակումները[ix]


Եզրակացություն

Լայն տարածում ստացած պատկերացումը, որ Թուրքիայի և Նախիջևանի ընդհանուր սահմանը ձևավորվել է 1930-ականներին Թուրքիայի և Իրանի միջև կայացած տարածքային փոխանակումներից հետո, չի համապատասխանում իրականությանը և հերքվում է 1921 թ. Կարսի պայմանագրի տեքստով, որտեղ նկարագրված և ուղիղ ձևով նշված է Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր սահմանի փաստը:


[i]https://upload.wikimedia.org/wikipedia/commons/c/c6/Ethnographic_map_of_the_Erivan_Governorate-1902.png

[ii] http://www.etomesto.ru/map-atlas_5-verst-kavkaz/

[iii] Հեղինակ՝ Ս. Մելիքսեթյան

[iv] Հեղինակ՝ Ս. Մելիքսեթյան

[v] Документы внешней политики СССР. Том IV. Москва, 1960. С. 429

[vi] Հեղինակ՝ Ս. Մելիքսեթյան

[vii] Документы внешней политики СССР. Том IV. Москва, 1960. С. 428.

[viii] Большая советская энциклопедия. Том III, 1926. С. 415-416

[ix] https://upload.wikimedia.org/wikipedia/commons/4/47/Tehran_Convention_%281932%29.png

Լուսանկարը՝ armenica.org կայքից

Հեղինակ՝ ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Սամվել Մելիքսեթյան

You may also like

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037