Արտաքին շոկերի նկատմամբ խոցելիությունը. Հայաստանի դեպքը արտահանման կենտրոնացվածության ցուցանիշների իրականության մեջ

հեղ․ RCSP

Ներածություն

Արտահանման կենտրոնացվածության ցուցանիշների տատանումները սերտորեն կապված են արտաքին շոկերի նկատմամբ տվյալ երկրի խոցելիության հետ: Այս համատեքստում, սույն հոդվածի հիմնական նպատակն է՝ հաշվարկել նորմալացված Հերֆինդալ-Հիրշմանի ցուցանիշները (կենտրոնացվածություն՝ ըստ ապրանքների[i] կամ շուկաների[ii])՝ պարզելու, թե որքանով խոցելի դարձավ Հայաստանի տնտեսությունը ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված շոկի նկատմամբ, ինչպես նաև գնահատելու վերջինիս ազդեցությունը միջնաժամկետ հատվածում: Թեև կենտրոնացվածության ցուցանիշների՝ ավելի բարձր արժեքները ենթադրում են ավելի բարձր խոցելիություն, 2025 թվականին և միջնաժամկետ հատվածում կարձանագրվի ցուցանիշների արժեքների կտրուկ նվազում, և դրանք կվերադառնան նախապատերազմյան արժեքներին մոտ ցուցանիշների, իսկ Հայաստանը կշարունակի կախված մնալ հիմնական շուկաներում տեղի ունեցող զարգացումներից և ապրանքների գների տատանումներից:

Հայաստանի արտահանման կենտրոնացվածության ցուցանիշների արժեքների աճը

Հայաստանի կենտրոնացվածության ցուցանիշներն՝ ըստ արտահանման շուկաների և ապրանքների, 2018-24 թվականներին էական տատանումներ են արձանագրել (տե՛ս գծապատկեր 1), որն ուղեկցվել է 2022-2024 թվականներին ապրանքների արտահանման ծավալների զգալի աճով: 2021 թվականին երկու ցուցանիշներն ավելի բարձր էին, քան 2018 թվականին: Այս աճը պայմանավորված էր ապրանքների արտահանման ծավալների մեջ մի շարք շուկաների և ապրանքային դիրքերի կտրվածքով արձանագրված տեսակարար կշռի աճով (մասնավորապես, HS 4-նիշ մակարդակում, ինչպիսիք են պղնձի հանքաքարը, խտանյութը և այլն)։

Գծապատկեր 1. ՀՀ արտահանման կենտրոնացվածության ցուցանիշները 2018-2024 թվականներին[iii]

Ռուս-ուկրաինական պատերազմը 2022-2024 թվականների ընթացքում զգալիորեն ազդեց այս ցուցանիշների արժեքների վրա՝ արտացոլելով ապրանքների արտահանման կառուցվածքում դիտարկվող հիմնական փոփոխությունները, ինչպես նաև Ռուսաստանի փոխարեն Արաբական Միացյալ Էմիրությունների, որպես հիմնական արտահանման ուղղության, ի հայտ գալը 2024 թվականին: Արձանագրված փոփոխություններն են.

  • Երկրորդային պատժամիջոցներից հնարավորինս խուսափելու նպատակով հայաստանյան ընկերությունների կողմից դեպի Ռուսաստան տարբեր ապրանքների վերաարտահանման աճը (ՀՀ տարածքում որոշակի վերամշակում անցնելուց հետո) հանգեցրեց ըստ արտահանվող ապրանքների կենտրոնացվածության ցուցանիշի արժեքի զգալի անկման (տե՛ս գծապատկեր 1), որը 2022 թվականին՝ 2021 թվականի համեմատ, ուղեկցվեց ըստ արտահանվող շուկաների  կենտրոնացվածության ցուցանիշի արժեքի կտրուկ աճով: Ըստ ապրանքների կենտրոնացվածության ցուցանիշի արժեքի այդ անկումը, սակայն, չի հանգեցրել հայկական ծագման ապրանքների (ավանդաբար, արտահանվող) արտահանման ավելի բարձր դիվերսիֆիկացիայի աստիճան ունեցող կառուցվածքի: Դեպի Ռուսաստան արտահանումը կտրուկ աճել էր 2022 թվականին՝ կազմելով ապրանքների արտահանման 45.45%-ը՝ 2021 թվականի 27.87%-ի համեմատ (տե՛ս գծապատկեր 2), ընդ որում, ԱՄԷ-ն դարձել էր առաջատար ուղղություններից մեկը՝ Ռուսաստանից ոսկու և ադամանդի (HS գլուխ 71)՝ տվյալ երկիր վերաարտահանելու շնորհիվ (որոշակի վերամշակումից հետո): Ի տարբերություն նախորդ տարիների՝ ապրանքների արտահանման միայն 12.23%-ն էր կազմել հիմնական արտահանվող ապրանքային դիրքի, մասնավորապես, պղնձի հանքաքարի և խտանյութի արտահանումը (2021-ին՝ 25.51%): Ոչ ավանդաբար արտահանվող ապրանքային դիրքերի ծավալների աճը կապված էր սարքավորումների և այլնի վերաարտահանման հետ (HS ապրանքային խումբ 84, 85):
  • Արևմտյան  պատժամիջոցների շարունակականությունը, որն արձանագրվեց  2023-24 թվականների ընթացքում, բացառությամբ՝ ոսկու արտահանման (թեև դրա արտահանման ծավալները կտրուկ նվազեցին 2024 թվականի երկրորդ կեսին), հանգեցրեց   ոչ ավանդաբար արտահանվող ապրանքների ծավալների կրճատմանը: Հետևաբար, 2023-24 թվականների ընթացքում ըստ ապրանքների կենտրոնացվածության ցուցանիշի արժեքների աճը հիմնականում կապված էր դեպի ԱՄԷ և Հոնկոնգ, որպես նոր արտահանման ուղղություններ, ռուսական ոսկու վերաարտահանման հետ (որոշակի վերամշակումից հետո), որի արդյունքում ըստ շուկաների կենտրոնացվածության ցուցանիշի արժեքները ևս աճ արձանագրեցին:

Գծապատկեր 2. 2018-2024 թվականներին արտահանումը դեպի հիմնական ուղղություններ (%, ՀՀ ապրանքների արտահանում[iv])

Ապրանքների արտահանման կառուցվածքի և առաջատար ուղղությունների ցանկի սպասվելիք փոփոխությունները և տնտեսության վրա ազդեցությունը

2025-26 թվականների ընթացքում Ռուսաստանը կարող է վերականգնել իր դիրքը՝ որպես արտահանման առաջատար ուղղություն, իսկ ԱՄԷ-ն և Հոնկոնգը կարող են դուրս մնալ առաջատար 5 արտահանման շուկաների ցանկից՝ դրանով իսկ հանգեցնելով ըստ շուկայի կենտրոնացվածության ցուցանիշի արժեքի կտրուկ անկմանը և նախապատերազմյան  կենտրոնացվածության արժեքների վերադարձին: Ոսկու և ադամանդների (HS Գլուխ 71) արտահանումն այլևս չի գերակշռի որպես առաջատար ապրանքային խումբ, և, ընդհակառակն, մետաղական հանքաքարերի արդյունահանման արդյունաբերությունը ներկայացնող ընկերությունների արտահանումը (ներառյալ՝ ֆեռոմոլիբդենի արտահանումը) կվերականգնի իր տեսակարար կշիռը ապրանքների արտահանման կառուցվածքում: Այնուամենայնիվ, երկու ցուցանիշների արժեքները կարող են ռուս-ուկրաինական պատերազմին նախորդող տարիներից որոշակիորեն ավելի բարձր լինել, ինչը վկայում է ըստ շուկաների և ապրանքների ավելի լայն դիվերսիֆիկացման և տնտեսությունն ավելի դիմադրունակ դարձնելու անհրաժեշտության մասին: Երկու ցուցանիշների արժեքների սպասվող անկումը բազմաթիվ ընկերությունների և աշխատողների վրա չի ազդի: Ընդհակառակն, աշխատանքից ազատումներ և գործազրկության մակարդակի աճ կարելի է ակնկալել, եթե Ռուսաստանի տնտեսությունը լրջորեն տուժի նավթի գների տատանումներից, ինչը կհանգեցնի ֆինանսական ճգնաժամի (մասնավորապես, արժութային ճգնաժամի): Ընդհանուր առմամբ, արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կարող է զգալիորեն նվազել և մոտենալ նախապատերազմյան արժեքներին (2021-ին՝ 35.9%, 2024-ին՝ 76.3%): ՀՆԱ-ի աճի տեմպը նույնպես կդանդաղի:

Ապրանքերի արտահանման փոփոխությունները հիմնականում կապված կլինեն միջնաժամկետ հատվածում ավանդաբար արտահանվող ապրանքների արտահանման ծավալների հետ: Մետաղական հանքաքարի արդյունահանման արդյունաբերությունը ներկայացնող ընկերությունների արտահանումը (ներառյալ՝ ֆեռոմոլիբդենի արտահանումը) կկազմի արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ ավանդաբար արտահանվող ապրանքների հետ մեկտեղ, ինչպիսիք են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային խմիչքները, հագուստը, գյուղատնտեսական ապրանքները և վերամշակված սննդամթերքը, ինչպես նաև Ամուլսարից հայկական ծագման ոսկու ակնկալվող արտահանումը: Համաշխարհային շուկայում օգտակար հանածոների գների տատանումները կարող են ազդել արտահանման ծավալների և արտարժույթի մուտքերի վրա: Ընդհանուր առմամբ, մետաղական հանքաքարի արդյունահանման արդյունաբերությունը ներկայացնող ընկերությունների արտահանման փոփոխությունները  չեն հանգեցնի ՀՆԱ-ի վիճակագրական նշանակալի փոփոխությունների[v]։ Ռուսաստանում մակրոտնտեսական իրավիճակը կազդի հայկական ծագման գյուղատնտեսական ապրանքների, վերամշակված սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալների վրա:

Եթե հայկական ընկերություններին հաջողվի բավարարել արևմտյան շուկաների (հիմնականում՝ ԵՄ) խիստ չափանիշներին, ապա դա կարող է Հայաստանի տնտեսությունը ավելի դիմադրունակ դարձնել ռուսական շուկայում արձանագրվող զարգացումների նկատմամբ՝ այդպիսով ապահովելով դիվերսիֆիկացման ավելի բարձր աստիճան:

Եզրակացություն

Ըստ արտահանման ապրանքների և շուկաների կենտրոնացվածության ցուցանիշների տատանումները, մասնավորապես, 2022-24 թվականներին, կարող են հանդես գալ որպես միջնաժամկետ հատվածում արտաքին շոկերի նկատմամբ լուրջ խոցելիության մասին ազդանշան: Այնուամենայնիվ, այս ցուցանիշների արժեքները մոտենալու են նախապատերազմյան արժեքներին: Ընդհանուր առմամբ, օգտակար հանածոների գների տատանումները և Ռուսաստանում մակրոտնտեսական իրավիճակը կարող են ազդել հայկական ծագման ավանդաբար արտահանվող ապրանքների արտահանման վրա, եթե հայկական ընկերությունները չկարողանան համապատասխանել չափանիշներին և միջնաժամկետ հատվածում այդ ապրանքներն ուղղորդել դեպի ԵՄ շուկաներ:

Ամփոփում

Հաշվարկված նորմալացված Հերֆինդալ-Հիրշմանի ցուցանիշները մատնանշեցին 2022-2024 թվականներին տնտեսության ավելի մեծ աստիճանի խոցելիությունն արտաքին շոկերի նկատմամբ: Ցուցանիշների արժեքները կմոտենան ռուս-ուկրաինական պատերազմից առաջ արձանագրված արժեքներին: Միջնաժամկետ հատվածում օգտակար հանածոների գների տատանումները և Ռուսաստանի մակրոտնտեսական վիճակը կարող են ազդել ապրանքների արտահանման ծավալների վրա՝ դրդելով Հայաստանին սերտ կապեր հաստատել ԵՄ-ի հետ:

Հեղինակներ

Աննա Մակարյան, տնտեսագիտության թեկնածու, «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ և ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, https://orcid.org/0000-0003-0505-7869

Համլետ Մկրտչյան, տնտեսագիտության թեկնածու, «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, https://orcid.org/0009-0002-8588-2921

Վրեժ Իսանյանս, հանրային քաղաքականության թեկնածու, «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ, https://orcid.org/0009-0008-1145-9251


[i] United Nations Conference on Trade and Development. (2019). Export product concentration index: Indicators explained #3 (UNCTAD/STAT/IE/2019/1). UNCTAD. Retrieved from: https://unctadstat.unctad.org/EN/IndicatorsExplained/statie2019d1_en.pdf, (Date of access: April 29, 2025).

[ii] United Nations Conference on Trade and Development. (2018). Export market concentration index: Indicators explained #1 (UNCTAD/STAT/IE/2018/1). UNCTAD. Retrieved from: https://unctadstat.unctad.org/EN/IndicatorsExplained/statie2018d1_en.pdf, (Date of access: April 29, 2025).

[iii] Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների (հեղինակների հաշվարկներ)։

[iv] Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների (հեղինակների հաշվարկներ)։

[v] Galoyan, D., Tadevosyan, Z., Makaryan, A., & Mkrtchyan, H. (2024). Mining of Metal Ores Industry and Economic Growth Nexus in Armenia: Challenges and Prospects. Proceedings on Engineering Sciences, 6(2), 731–744. Doi: 10.24874/pes06.02.030.

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037