Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունները․ նարատիվների ինստիտուցիոնալացում

հեղ․ RCSP

Նախաբան

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում չի ցուցաբերում քաղաքական կամք: Միևնույն ժամանակ, պաշտոնական Բաքուն շարունակում է գեներացնել նարատիվներ, որոնք թեև քողարկված են «մարդու իրավունքների» շղարշով, իրականում բացահայտ տարածքային հավակնություններ են պարունակում Հայաստանի նկատմամբ: Սույն հոդվածը ներկայացնում է ադրբեջանական այդ նարատիվների զարգացումը, տրանսֆորմացիան և ինստիտուցիոնալացումը: 

Խաղաղության համաձայնագրի ստորագրման տորպեդահարում

Մարտի 13-ին հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստը:[i] Այդ լուրը բավական լայն արձագանք ստացավ աշխարհում: Շուրջ 60 երկիր և տասը միջազգային կազմակերպություն արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը։ Շատերն ընդգծել են համաձայնագրի շուտափույթ ստորագրման անհրաժեշտությունը: Պաշտոնական Երևանը հայտարարել է՝ պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ hամաձայնագրի ստորագրման ամսաթվի և տեղի շուրջ։[ii] 

Ադրբեջանը, սակայն, թեև հայտարարում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումները բավական մոտեցել են, չի  դրսևորում բավարար քաղաքական կամք համաձայնագրի ստորագրման հարցում: Շարունակելով ոչ կառուցողական դիրքավորումը՝ Ալիևն առաջ է քաշել 2 նախապայման՝ նշելով, որ միայն դրանց իրականացման դեպքում է հնարավոր կնքել խաղաղության համաձայնագիրը: Դրանք են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը և Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, որն, ըստ Բաքվի, Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ է պարունակում:

Մինսկի խմբի համանախագահության մասով հայկական կողմն, ընդհանուր առմամբ, առարկություններ չունի՝ առաջնորդվելով հակամարտության կարգավորման տրամաբանությամբ։ Պաշտոնական Երևանն առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ–ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ՝ նույն օրը, նույն վայրում։[iii]

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրության հետ կապված Ադրբեջանի բարձրաձայնած խնդիրներին, ապա իրավական տեսանկյունից դրանք անհիմն են։ ՀՀ Սահմանադրական դատարանը, որը Հայաստանի սահմանադրության մեկնաբանությամբ լիազորված միակ մարմինն է, 2024 թվականի սեպտեմբերի 26-ին անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Այն բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և բեկանման ոչ ենթակա որոշում է։[iv]
Այս ամենի ֆոնին Ադրբեջանը կտրականապես հերքում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին Երևանից հնչող հայտարարությունները, չնայած՝ դրանք ունեն ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական գործնական դրսևորումներ։

Սահմանադրական հավակնություններ


Հայկական կողմը քանիցս բարձրաձայնել է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների առկայության մասին: 1995 թվականին ընդունված Ադրբեջանի սահմանադրության նախաբանում նշվում է, որ «Ադրբեջանի Հանրապետության անկախության մասին» սահմանադրական օրենքի սկզբունքները համարվում են հիմնական սկզբունքներ։[v] 1991 թվականին ընդունված այս օրենքի 2-րդ հոդվածով Ադրբեջանի Հանրապետությունը 1918-1920թթ․ գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդն է։ Սահմանադրական նույն օրենքի պրեամբուլայում նշվում է, որ օրենքի ընդունումը հիմնված է 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Ազգային խորհրդի կողմից ընդունված անկախության հռչակագրի սկզբունքների վրա։[vi]

Ադրբեջանի առաջին անկախության հռչակագրի 1-ին կետը սահմանում է՝ Ադրբեջանի Հանրապետությունը կազմված է «արևելյան և հարավային Անդրկովկասից»։

1919-ի նոյեմբերին Անտանտի երկրներին ներկայացված վարչատարածքային բաժանման համաձայն՝ Ադրբեջանը հավակնում էր Հայաստանի տարածքների զգալի մասին, այդ թվում՝ ներկայիս Հայաստանի տարածքներին՝ Սյունիքի, Վայոց Ձորի մարզերին, ինչպես նաև՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռվա, Շիրակի մարզերից որոշ տարածքների։[vii]

Փարիզի Խաղաղության կոնֆերանսում ներկայացված փաթեթում, որը ներկայացվել էր 1919-ին՝ քարտեզի հետ միասին, Ադրբեջանը պահանջներ չուներ միայն ներկայիս Երևանի ու Լոռվա, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի տարածքների որոշ հատվածների նկատմամբ։

1920-ի նոյեմբերին Ազգերի լիգայում Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը 108 հազար կմ² տարածքի հավակնություն էր հայտնել՝ հավելելով, որ Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային վեճերի հարցերը լուծելու դեպքում այդ տարածքը 141 հզ. կմ² է լինելու։ Արդեն դեկտեմբերին Ազգերի լիգայի 5-րդ հանձնաժողովը մերժել էր Ադրբեջանի հայտը՝ բացատրելով, որ դժվար է եղել որոշել Ադրբեջանի ընդհանուր տարածքը, և որ հարևանների հետ սահմանային վեճերի պատճառով հնարավոր չի որոշել այդ երկրի ներկայիս սահմանները։[viii]

Ըստ հայկական կողմի՝ Ադրբեջանի սահմանադրության հետ կապված մտահոգությունների լուծումը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, որն արձանագրում է, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել, ավելին, համաձայնագրի դրույթների չկատարման համար կողմերը չեն կարող հղում անել ներքին օրենսդրությանը:

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվի վերափոխումը

Սահմանադրությունում տեղ գտած անուղղակի հավակնություններից բացի, ադրբեջանական կողմը հանրային և քաղաքական դաշտում շարունակում է զարգացնել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը, որը նույնպես տարածքային հավակնություններ է ենթադրում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Հայաստանից ադրբեջանական տարածքային պահանջների մասին թեզերը բնավ նոր չեն: Այդ հավակնությունների տրանսֆորմացիան պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի:

  • Փուլ 1. Սկզբնավորում (1991-1998 թվականներ)

Դեռ 1990-ականների սկզբից Հեյդար Ալիևը, թե՛ պատգամավորի, թե՛ նախագահի կարգավիճակում, քանիցս արել է հայտարարություններ՝ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ներկայացնելով «պատմական ադրբեջանական տարածքներ» և պնդելով, թե դրանք հայկական կողմի վերահսկողության տակ են հայտնվել միայն խորհրդային իշխանությունների մեղքով։[ix] [x] [xi] Այդ հայտարարությունները գլխավորապես նախատեսված էին ներքին լսարանի համար և ուղղված էին ազգային միասնության ամրապնդմանը, ռազմական և դիվանագիտական գործողությունների լեգիտիմացմանը:

  • Փուլ 2. Զարգացում և տարածում (1998-2020 թվականներ) 

 1998 թվականին Հեյդար Ալիևի կողմից շրջանառության մեջ դրվեց «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը[xii], չնայած՝ պատմության մեջ նման որևէ միավոր երբևէ գոյություն չի ունեցել։ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները շարունակվեցին և ավելի ակտիվացան նրա որդու՝ 2003 թվականին նախագահի պաշտոնը ստանձնած Իլհամ Ալիևի օրոք:[xiii] [xiv] [xv]

Այս շրջանում «պատմական ադրբեջանական հողերի» ընկալումն ավելի ընդլայնվեց՝ ներառելով նաև պատմական «Երևանի խանությունը»:[xvi] [xvii]

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հայտարարություններում սկսեցին շրջանառվել Հայաստանում ադրբեջանցիների «ցեղասպանության, բռնի արտաքսման» թեզերը: Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմի շեշտադրումները հուզական, պատմական կոնտեքստից տեղափոխվեցին այլ հարթություններ: Սկսեցին հնչել պատմությունը փաստագրելու, նոր սերնդին կրթելու և գաղափարախոսության վրա հիմնված պետություն կառուցելու կոչեր: Պետական պատվերով սկսեցին պատրաստվել հավակնությունները «լեգիտիմացնող հիմքեր»՝ պատմական աշխատություններ, քարտեզներ, հետազոտություններ, ֆիլմեր և այլն:

Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների նարատիվն աստիճանաբար դարձավ պետական քարոզչության մաս, որն արդեն նախատեսված էր ոչ միայն ներքին, այլ նաև՝ արտաքին լսարանի համար: Իլհամ Ալիևը սկսեց դրանք միջազգայնացնել՝ ներկայումս Հայաստանի մաս կազմող «ադրբեջանական տարածքների» մասին բարձրաձայնելով ԵԽԽՎ-ում[xviii], Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում[xix], ՅՈՒՆԵՍԿՕ-ում և այլ հարթակներում[xx]:

2014-ից ադրբեջանական կողմի հայտարարություններում սկսեց ընդգծվել «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի անհրաժեշտության հարցը:[xxi] Իլհամ Ալիևի կողմից դա հայտարարվեց ռազմավարական նպատակ՝ ընդգծելով, որ տնտեսական, քաղաքական, ռազմական ներուժը և ժողովրդագրական վիճակը դա թույլ են տալիս:[xxii]

  • Փուլ 3. Ինստիտուցիոնալացում (2020 թվականից մինչ օրս)

Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ պարունակող հայտարարություններն ավելի ակտիվացան 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ տարածաշրջանում ձևավորվեց նոր ստատուս քվո:

2021 թվականի հուլիսին Իլհամ Ալիևը ստորագրեց «Ադրբեջանի Հանրապետությունում տնտեսական շրջանների նոր բաժանման մասին» հրամանագիրը, որով ստեղծվեց «Արևելյան Զանգեզուր» միավորը:[xxiii] Oրեր անց արդեն Իլհամ Ալիևը հայտարարեց. «Եթե կա Արևելյան Զանգեզուր, կա նաև Արևմտյան Զանգեզուր, ուր անպայման պետք է  վերադառնալ»[xxiv]։

2021 թվականի օգոստոսին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում գտնվող «բոլոր հին ադրբեջանական բնակավայրերը» պետք է կոչվեն իրենց ադրբեջանական անուններով՝ լրագրողներին և հանրությանը «խնդրելով» օգտագործել հենց այդ անունները:[xxv]

2022 թվականի հուլիսին Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ կատարեց «Ադրբեջանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կիրառման հետ կապված որոշ նորմատիվ-իրավական ակտերի հաստատման մասին» բանաձևում։[xxvi] Նոր կանոնների համաձայն՝ Հայաստանի տարածքում տեղանունները պաշտոնական փաստաթղթերում գրվելու են «ադրբեջանական տարբերակներով»։ Այսինքն, Ադրբեջանի քաղաքացիների փաստաթղթերում, շրջանցելով հայկական անվանումները, կնշվեն գոյություն չունեցող բնակավայրերի անուններ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս առաջնորդվում է նույն մոտեցմամբ և սահմանային իրավիճակի մասին բոլոր հաղորդագրություններում Հայաստանի տարբեր շրջանների և բնակավայրերի անվանումները ներկայացնում ադրբեջանական տարբերակներով:

Ուշագրավ է, որ  ադրբեջանական կողմի շրջանառած տեղանուններից շատերը հասնում են Օսմանյան կայսրության, Սեֆեվյան Պարսկաստանի կամ միջնադարյան թյուրքական կազմավորումների ժամանակահատվածներ և ուղիղ առնչություն չունեն Ադրբեջանի հետ։

2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ բացվեց «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված միանգամից 3 բաժին։ Պատմության ինստիտուտում ստեղծվել է  Արևմտյան Ադրբեջանի պատմության, Ֆոլկլորի ինստիտուտում՝ Արևմտյան Ադրբեջանի ֆոլկլորի, իսկ Լեզվաբանության ինստիտուտում՝ Արևմտյան Ադրբեջանի տեղանվանագիտության բաժինները:[xxvii] 

Ադրբեջանի իշխանությունները ձեռնամուխ եղան նաև «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի ինստիտուցիոնալացմանը: 1989թ․-ից ադրբեջանցի փախստականների խնդիրներով զբաղվող «Ադրբեջանի փախստականների միություն» հասարակական կազմակերպությունը 2022 թվականին վերակազմավորվեց՝ ստանալով նաև նոր անվանում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»։ Այս կառույցի վրա դրվեց «Հայաստանից ադրբեջանցիների բռնի տեղահանման», «նրանց վերադարձի իրավունքի» նարատիվների զարգացման, շրջանառման և միջազգայնացման գործառույթները: Կառույցին Բաքվում տրամադրվեց նոր շենք, ուր 2022թ․ դեկտեմբերին այցելեց նաև Ալիևը՝ հանձնարարելով մշակել «Վերադարձի հայեցակարգ», ինչը հրապարակվեց մեկ ամիս անց։

Ուշագրավ է, որ կազմակերպության պաշտոնական կայքում «Արևմտյան Ադրբեջանի» տարածքը նույնական է Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքին:[xxviii] Վերադարձի հայեցակարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածք պետք է վերադառնան ոչ միայն «փախստականները» (որոնց թիվը երբեմն ներկայացվում է 300 հազար), այլև՝ նրանց իրավահաջորդները։ Այդ գործընթացի համար կազմակերպությունը պահանջում է «միջազգային մոնիտորինգի, հաշվետվողականության, անվտանգության, միջամտության և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում՝ վերադարձած բնակչությանը վտարումը, նրանց նկատմամբ խտրականությունը և հնարավոր վնասները կանխելու համար»:

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» սերտ կապերի մեջ է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և արտգործնախարարության հետ և փաստացի համակարգվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Կառույցն ակնհայտորեն ստանում է ֆինանսական, դիվանագիտական, ինչպես նաև տեղեկատվական աջակցություն։ 2023թ.-ից գործում է նաև «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերությունը։ Նարատիվի «արխիվային» հատվածի զարգացման պատասխանատվությունը դրվել է Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի գլխավորած «Հեյդար Ալիևի» հիմնադրամի վրա, որի ֆինանսավորմամբ, օրինակ, ստեղծվել է «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» հարթակը:[xxix]

2024 թվականի դեկտեմբերի Ադրբեջանի Միլլի Մեջլիսում ստեղծվեց դեպի «Արևմտյան Ադրբեջան վերադարձի նախաձեռնող խումբը», որի գլխավոր խնդիրներից է թեմայի բարձրաձայնումը խորհրդարանական դիվանագիտության հարթակներում։ Ուշագրավ է նաև, որ  «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ղեկավարում է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին: Նրա երեք տեղակալները նույնպես պատգամավորներ են:[xxx] Ի պաշտոնե նրանք ներգրավվում են տարբեր միջազգային համաժողովներում, միջոցառումներում, սակայն այնտեղ ներկայանում են որպես «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչներ: 

Ամփոփում

Պաշտոնական Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» և ադրբեջանցիների վերադարձի նարատիվների ակտիվացումը և դրանց ինստիտուցիոնալացումն Ադրբեջանի համար դարձել է Հայաստանի կառավարության և հանրության վրա ճնշում ու ազդեցություն գործելու միջոց, որից ադրբեջանական կողմը հազիվ թե հրաժարվի տեսանելի ապագայում։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է Ադրբեջանի պետական համակարգ այս նարատիվի թափանցման և արմատավորման միտումը: Ռազմավարական առումով, այս նարատիվների շրջանառմամբ Ադրբեջանը հետապնդում է 2 հիմնական նպատակ.

  • Նվազագույն նպատակ

«Արևմտյան Ադրբեջանի», «ցեղասպանության և բռնի տեղահանման» և «ադրբեջանցիների վերադարձի» նարատիվների ակտիվացմամբ  Ադրբեջանի իշխանությունները խնդիր ունեն հայելային ձևով հակադարձել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի պահանջին՝ փորձելով նույն հարթության մեջ դնել երկու խնդիրները և փոխկապակցել դրանք:

  • Առավելագույն նպատակ

Այս նարատիվների հետ կապված Ադրբեջանի առավելագույն ծրագիրը պետք է դիտարկել իրեդենտիզմի քաղաքականության տեսանկյունից։ Չենք կարող բացառել, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի տորպեդահարմամբ, «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակի պահպանմամբ, Հայաստանի նկատմամբ մեկուսացման և շրջափակման քաղաքականության շարունակմամբ Ադրբեջանը խնդիր ունի ժամանակ ձգել՝ սպասելով այնպիսի նպաստավոր միջազգային իրադրության, երբ անխոչընդոտ ուժային կամ այլ միջոցներով Հայաստանից կկարողանա հավելյալ զիջումներ կորզել, այդ թվում՝ «վերադարձի» կոնցեպտի» հետ կապված, ինչը կդառնա դանդաղ գործողության ռումբ Հայաստանի պետականության համար։

Նարեկ Մինասյան

Լուսանկարը՝ JamNews-ի


[i] https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2025/03/13/mfa_statement/13114

[ii] https://shorturl.at/PbzvP

[iii] https://www.azatutyun.am/a/33386149.html

[iv] https://www.concourt.am/decision/decisions/66f6b9067b29c_sdv-1749.pdf

[v] https://e-qanun.az/framework/897

[vi] https://e-qanun.az/framework/6693,%20https:/files.preslib.az/projects/remz/pdf_ru/atr_kons.pdf

[vii] https://web.archive.org/web/20201013061459/https:/ebooks.az/view/iDeYnxc8.pdf

[viii] https://fip.am/25170

[ix] https://files.preslib.az/projects/heydaraliyev/cixislar.pdf

[x] https://files.preslib.az/projects/heydaraliyev/cixislar.pdf

[xi] https://files.preslib.az/projects/heydaraliyev/cixislar.pdf

[xii] https://lib.aliyev-heritage.org/az/7012267.html

[xiii] https://ilhamaliyev.preslib.az/docs/i09.pdf

[xiv] https://lib.aliyev-heritage.org/print.php?lang=az&page=6966585

[xv] https://president.az/az/articles/view/2041

[xvi] https://president.az/az/articles/view/9397

[xvii] https://president.az/az/articles/view/12392

[xviii] https://president.az/az/articles/view/12149

[xix] https://president.az/az/articles/view/16110

[xx] https://president.az/az/articles/view/16799

[xxi] https://president.az/az/articles/view/12487

[xxii] https://president.az/az/articles/view/14805

[xxiii] https://president.az/ru/articles/view/52389

[xxiv] https://haqqin.az/news/215119

[xxv] https://president.az/az/articles/view/52742

[xxvi] https://www.kaspiy.az/v-vydannyh-v-armenii-dokumentah-vosstanovyat-s

[xxvii]https://azertag.az/ru/xeber/v_akademii_nauk_sozdany_novye_otdely_svyazannye_s_zapadnym_azerbaidzhanom-2430677

[xxviii] https://westaz.org/az/qerbi-azerbaycan/erazi

[xxix] https://demokrat.az/az/news/189427/virtual-qerbi-azerbaycan-platformasi-teqdim-edildi-foto

[xxx] https://westaz.org/az/details/%C4%B0CMA/idareetme-orqanlari/idare-heyeti/idare-heyeti

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037