Ադրբեջանա-չինական «մեղրամիսը» և թուրքական խանդը

հեղ․ RCSP

Ադրբեջանի և Չինաստանի փոխհարաբերությունների զարգացումը մեծ տեմպեր է ստացել հատկապես վերջին տարիներին։ Մեկ տարվա ընթացքում կողմերը կնքեցին հարաբերությունները ռազմավարական, իսկ այս տարի՝ համընդգրկուն մակարդակի հասցնելու պայմանագրեր։ Չինաստանի համար Ադրբեջանը հետաքրքիր է, նախ, լոգիստիկ առումով, հետո արդեն՝ որպես ներդրումների միջավայր։ Ադրբեջանն, իր հերթին, արևմտյան ուղղությամբ հակասությունները ապահովագրելու համատեքստում, փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։ Ընդ որում, Ռուսաստանի հետ քաղաքական առևտրի տրամաբանությունում Չինաստանը կարող է նաև հավելյալ գին դառնալ Ադրբեջանի համար։ Առավել ևս, որ Ուկրաինայում խրված լինելու պատճառով Ռուսաստանն այսօր Ադրբեջանի համար քաղաքական առևտրի «հարմար օբյեկտի» կարգավիճակում է հայտնվել։ Եթե փորձենք ավելի պարզ դիտարկել, ապա Ադրբեջանի դերակատարումը Ռուսաստանի համար այնքան կարևոր է դարձել, որ Մոսկվան աջակցության դիմաց շատ դեպքերում անհամաչափ մեծ գին է վճարում, իսկ Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա ազդեցության լծակներ, փաստացի, չունի։

Սակայն կա ևս մեկ դերակատար, որը, մեղմ ասած, խանդավառված չէ իրադարձությունների՝ նման զարգացմամբ։ Խոսքը Թուրքիայի մասին է։ Թուրք-ադրբեջանական հարաբերություններում վերջին 2-3 տարում հետընթաց է նկատվում։ Նախ, Շուշիում «հռչակագրի» ընդունումից հետո, փաստացի, համատեղ ինտեգրացիոն ծրագրերի առաջընթաց չկա։ Ավելին, Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր է կնքում Ռուսաստանի հետ, որտեղ «պարտավորվում է հետախուզական տվյալներ փոխանցել երրորդ երկրների վերաբերյալ»։ Բացի այդ, տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման՝ թուրքական հույսերը չեն արդարանում, քանի որ Ադրբեջանը շարունակում է հավելյալ պահանջներ ներկայացնել. առաջին հերթին, ռուսական ուժերի տեղակայման պահանջը։ Ադրբեջանը, փաստացի, լուծարում է ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը Աղդամում, որից հետո թուրքական զինված ուժերը կորցնում են Հարավային Կովկասում իրենց միակ ներկայությունը։ Էրդողանը հայտարարում է, թե «իրենք մտել են Ղարաբաղ», ինչն Ադրբեջանում գնահատում են որպես 44-օր պատերազմում իրենց «դափնիները սեփականացնելու» փորձ։ Ի վերջո, Հայաստան-Թուրքիա սահմանը 10 օրով բացվում է հումանիտար բեռների համար, ինչին ի պատասխան Բաքվում Էրդողանին մեղադրում են «հակաթյուրքական» դիրքավորման մեջ։

Այս բոլոր արտաքին գործոններին ավելանում է Ադրբեջանի և Չինաստանի հարաբերություններում Թուրքիային շրջանցելու երևույթը։ Ակնհայտ է, որ Անկարայում մեծ հետաքրքրություն կար Չինաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ծրագրերի նկատմամբ։ Սակայն ժամանակին «փոքր եղբոր» դերին հավակնող Ադրբեջանն իր խաղն է խաղում՝ հաշվի չառնելով Անկարայի ցանկություններն ու շահերը։ Թուրքական խանդը մինչև հիմա դրսևորվել է ինչ-որ տեղ խորհրդանշական վերոնշյալ քայլերում։ Մյուս կողմից, չի բացառվում, որ Էրդողանը կարող է ավելի վճռական գործողությունների անցնել, եթե Ադրբեջանը շարունակի «չնկատելու տալ» Թուրքիայի անհանգստությունները։ Օրինակ, կարելի է նկատել, որ ինչքան էլ դժվար է պատկերացնել, սակայն ձևավորված իրողությունների որոշ զարգացումներում Անկարայի նախընտրությունները համադրվում են Հայաստանի պատկերացումների հետ և խոչընդոտվում են Ադրբեջանի դիրքավորման պատճառով։ Թեև դրանք դեռ բավարար չեն հայ-թուրքական սահմանը բացելու որոշում կայացնելու համար, սակայն հնարավոր է՝ կուտակային էֆեկտն, ի վերջո, հանգեցնի անգամ նման զարգացման։

Ռոբերտ Ղևոնդյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037