«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը՝ որպես ճնշման միջոց

հեղ․ RCSP

Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը Հայաստանին կրկին ներկայացրեց «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու իրավունքի վերաբերյալ մտացածին պահանջ։ Հարկ է նշել, որ Ալիևի մոտեցումն այս հարցին Ադրբեջանում հատվածական վերաբերմունք չէ, և երկրի ներսում դրա շուրջ համընդհանուր համախմբում կա։ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական կազմակերպությունը չափազանց ակտիվ է, ստանում է պետական աջակցություն բոլոր նախաձեռնություններում, իսկ տարբեր պաշտոնյաներ, փորձագետներ և լրագրողներ հաճախ իրենց խոսքում և վերլուծություններում հղում են անում այդ կազմակերպությանը։

Հայաստանի կողմից արձագանքները մշտապես կտրուկ են: ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Արևմտյան Ադրբեջան կարող է համարվել ՀՀ արևելյան սահմանից անդին սկսվող տարածքը, առիթի դեպքում կրկնում են նաև այլ պաշտոնյաներ։ Վերջին նման դեպքը Ալիևի հերթական հայտարարությանը ՀՀ ԱԳՆ խոսնակի հակադարձումն էր։ Այնուամենայնիվ, Ադրբեջանում կարծես ուշադրություն չեն էլ դարձնում Հայաստանի արձագանքներին։

Ի վերջո, Ալիևի և Ադրբեջանի ինչի՞ն է պետք խոսել իբր Հայաստան վերադառնալու օրինական իրավունք ունեցող, սակայն գոյություն չունեցող և միֆական բնակչության մասին։ Բանն այն է, որ այս խոսույթը, տեսական առումով արժեք և հեռանկար չունենալով հանդերձ, Ալիևի համար գործնականում լուծում է այսօր գոյություն ունեցող մի քանի խնդիր։

Գլխավոր խնդիրն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանից 90-ականներին տեղահանված անձանց» և Արցախում էթնիկ զտման ենթարկվածների միջև հավասարության մթնոլորտ ձևավորելու փորձն է։ Ալիևն այսպիսով փորձում է կանխել Հայաստանի կամ այլ պետությունների կողմից արցախահայության իրավունքների հարցի բարձրաձայնումը՝ նրանց իրավունքների հարցը հավասարեցնելով «ադրբեջանցի փախստականների» իրավունքների հետ։

Խնդիրներից ևս մեկը Հայաստանի նկատմամբ ճնշումը չնվազեցնելու, ներքաղաքական կյանքի վրա ազդելու, հասարակական տրամադրություններ գեներացնելու մեջ է։ Ադրբեջանը փորձում է Հայաստանին թույլ չտալ ուշքի գալ, որի համար օգտագործում է հասարակության վրա էմոցիոնալ դաշտում ազդեցություն գործելու բոլոր մեթոդները։

Մեկ այլ խնդիր է խաղաղության հնարավոր գործընթացն արգելակելը։ Ինչպես սահմանադրության փոփոխության պահանջի, այնպես էլ «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մասին հայտարարությունները թույլ են տալիս միջազգային հանրության մոտ ձևավորել խոր հակասությունների վերաբերյալ պատկերացում, որի միջոցով Ալիևը արդարացնում է համաձայնությունների չգնալու՝ իր ցանկությունը։

Ի վերջո, Ալիևը ունի նաև ներքաղաքական կարևորագույն խնդիրներ, որոնց շարքում առանձնանում է իշխանությունը որդուն փոխանցելու հնարավորությունը։ Անհրաժեշտ է շեղել Ադրբեջանի հասարակության ուշադրությունը նման հարցերից, ապահովել «արտաքին թշնամու» հետ կապված հարցերի շուրջ համախմբում, իսկ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լավագույն թեմաներից մեկն է, որը կարելի է այդ նպատակով օգտագործել։

Անկախ նպատակներից՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը էական սպառնալիք է ՀՀ պետականությանը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է հետևողական լինել առաջադրվող կեղծ թեզերը ժխտելու հարցում և թույլ չտալ Ադրբեջանի իշխանություններին՝ խնդիրը դարձնել առևտրի առարկա։ Լավ կլիներ, որ այս հարցի շուրջ, որպես հայելային արձագանք, Հայաստանում լիներ հասարակական համախմբում։ Քանզի պետությանը սպառնացող խնդիրների չեզոքացումը ոչ միայն իշխանությունների, այլև հասարակական-քաղաքական դաշտի բոլոր դերակատարների և ամեն մի քաղաքացու գործն է։

Ռոբերտ Ղևոնդյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037