Նախաբան
Ստամբուլում սպասվող ռուս-ուկրաինական երրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների ֆոնին ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները նորից միջազգային ուշադրության կենտրոնում են։ Առաջընթացի հնարավորությունը շարունակում է ցածր գնահատվել՝ պայմանավորված Կիևի և Մոսկվայի մոտեցումների խորքային տարբերություններով և ռազմաճակատում ստեղծված իրավիճակով։
Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններ
Ավելի քան երեք տարվա ընդմիջումից հետո Թուրքիայում վերսկսվել են ռուս-ուկրաինական բանակցությունները, արդեն տեղի է ունեցել երկու հանդիպում, որոնց արդյունքում, ինչպես և կարելի էր կանխատեսել, շոշափելի տեղաշարժեր չգրանցվեցին։ Կարգավորման հեռանկարները շարունակում են մնալ անորոշ։ Մայիսի 16-ին[i] և հունիսի 2-ին[ii] տեղի ունեցած հանդիպումների ժամանակ կողմերին հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել միայն հումանիտար հարցերի շուրջ։ Առաջին հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին «1000-ը 1000-ի դիմաց» ֆորմատով ռազմագերիների փոխանակման վերաբերյալ, ինչը հաջողությամբ իրականացվեց։ Երկրորդ հանդիպմանը կողմերը համաձայնության եկան նոր, ավելի մեծածավալ փոխանակման շուրջ՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով։ Այն վերաբերում էր երկու խմբի՝ մինչև 25 տարեկան, ինչպես նաև ծանր հիվանդ և վիրավոր ռազմագերիներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև զոհված զինծառայողների մարմինների փոխանակման վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան տեղափոխված երեխաների վերադարձի հարցին։
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցման հեռանկարին և հակամարտության կարգավորման հարցին, այս առումով կողմերը դեռևս բանակցային դիրքորոշումների ձևակերպման և հստակեցման փուլում են։ Ուկրաինական և ռուսական պատվիրակությունները փոխանակել են հակամարտության կարգավորման վերաբերալ հուշագրերը, որոնք ամփոփում են կողմերի դիրքորոշումները։ Արտահոսքերի արդյունքում դրանք հրապարակվել են նաև մամուլում։ Ռուսական հուշագրի համաձայն[iii]՝ Ուկրաինան պետք է ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը հինգ օկուպացված շրջանների նկատմամբ (Ղրիմ, Դոնեցկ, Լուգանսկ, Խերսոն և Զապորոժիե)։ Ընդ որում, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների զգալի մասը ներկայումս չեն գտնվում ռուսական ուժերի վերահսկողության տակ: Ռուսաստանը պահանջում է նաև, որ Ուկրաինան հրաժարվի որևէ ռազմական դաշինքի միանալուց, սահմանափակի բանակի թվաքանակը, ճանաչի ռուսերենը որպես պետական լեզու և աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը:
Ռուսական կողմը ներկայացրել է նաև հրադադարի հաստատման երկու տարբերակ: Առաջինի համաձայն՝ ուկրաինական զորքերը անհապաղ պետք է դուրս բերվեն Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից՝ Ռուսաստանի հետ համաձայնեցված հեռավորության վրա: Ըստ հրադադարի հաստատման մյուս տարբերակի՝ Ուկրաինան պետք է լիովին հրաժարվի արտաքին ռազմական աջակցությունից, դադարեցնի զորահավաքը, չեղարկի ռազմական դրությունը և անցկացնի նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։
Ռուսաստանն այս պահանջներից շատերն առաջ է քաշել նաև նախկինում, սակայն Կիևը կտրականապես մերժել է դրանք: Ուկրաինայի նախագահը ռուսական փաստաթուղթը բնորոշել է որպես «վերջնագիր», որը Կիևը չի ընդունի, իսկ փորձագիտական շրջանակներն այն որակում են «կապիտուլյացիայի պահանջ»։
Ուկրաինական կողմի մշակած հուշագրի բովանդակությունը ևս հայտնի է[iv]։ Կիևը պնդում է, որ չի համաձայնվի չեզոքության, չի սահմանափակի իր բանակը և չի ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունն իր ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Ուկրաինական կողմը պահանջում է լիակատար հրադադար, փոխվստահության հաստատման միջոցներ, միջազգային հանրության մասնակցությամբ անվտանգության երաշխիքների մշակում, որից հետո միայն՝ աջակցություն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական չեղարկմանը:
Ըստ պաշտոնական Կիևի՝ ռազմական գործողությունների դադարեցումը խաղաղության բանակցությունների անհրաժեշտ նախադրյալ և նախապայման է, և պետք է հաստատել առնվազն 30-օրյա համապարփակ հրադադար՝ ամեն անգամ ևս 30-օրյա ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Ուկրաինական կողմի առաջարկի համաձայն՝ հրադադարը պետք է մոնիտորինգի ենթարկվի Միացյալ Նահանգների և երրորդ երկրների կողմից։
Այս մոտեցումը վայելում է նաև Կիևի եվրոպական գործընկերների աջակցությունը։ ԱՄՆ նոր վարչակազմը Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը[v] միանալու որևէ ցանկություն չունի։
Ռուսական կողմը, որը կարծում է, թե այժմ ռեալ ռազմական առավելություն ունի, դեմ է ուկրաինական կողմի առաջարկին և նշում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը Կիևի կողմից կարող է օգտագործվել ուժերի վերակազմակերպման և դիրքերի ամրապնդման համար։ Մոսկվան կտրականապես դեմ է արտահայտվում նաև հրադադարի մոնիտորինգին[vi] ՆԱՏՕ-ի անդամ երկրներից խաղաղապահների ներգրավման հնարավորությանը։
Բովանդակային առումով հակասական հուշագրերը ուկրաինական և ռուսական կողմերը պատրաստվում են քննարկել Ստամբուլում նախատեսվող երրորդ հանդիպման շրջանակում, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Սակայն, հաշվի առնելով Կիևի և Մոսկվայի մոտեցումների խորքային տարբերությունները, շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների լճացումը և դիրքային պայքարի ծավալումը, ռազմական և մարդկային ռեսուրսների առկայությունը, բավական փոքր է հավանականությունը, որ կողմերը տեսանելի ապագայում կկարողանան համաձայնության գալ ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։ Կողմերը դեռևս պատրաստ չեն իրական փոխզիջումների՝ չնայած խաղաղության հասնելու պատրաստակամության մասին Մոսկվայից և Կիևից հնչող հայտարարություններին։
Ռուսական և ուկրաինական կողմերի հայտարարությունները և գործողությունները վկայում են, որ կողմերը բանակցային գործընթացն օգտագործում են ամերիկյան նոր վարչակազմի աչքերում առավել կառուցողական երևալու համար՝ մյուս կողմի վրա Վաշինգտոնի կողմից ճնշման մեծացման ակնկալիքով: Այդ նպատակին են ծառայում նաև երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման պատրաստակամության մասին հայտարարությունները, որին չի բացառվում նաև Թրամփի մասնակցությունը։ Գործնականում, սակայն, նույն ռուսական կողմը շարունակում է կասկածի տակ դնել Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմությունը և նրա իրավազորությունը՝ ստորագրելու որևէ փաստաթուղթ[vii]։
Թրամփի վարչակազմի դիրքավորումը
Ուկրաինական հակամարտության կարգավորումը Դոնալդ Թրամփի նախընտրական արշավում արտաքին քաղաքական հիմնական խոստումներից էր, և նոր վարչակազմը խնդիր ունի այս ուղղությամբ որևէ արդյունք ապահովել: Դեռ նախընտրական արշավի շրջանակում Թրամփը բազմիցս վստահություն է հայտնել, որ 24 ժամում կդադարեցնի պատերազմը: CNN-ի հաշվարկով՝ Թրամփը նման խոստում է տվել 53 անգամ[viii]։ Վերընտրվելուց հետո, սակայն, նա այդ հայտարարությունները որակել է սարկազմ[ix]։ Թրամփի վարչակազմի փոփոխական, երբեմն՝ հակասական հայտարարություններից ի սկզբանե ակնհայտ էր, որ Սպիտակ տան նոր ղեկավարը Ուկրաինայի հարցում չունի հստակ ռազմավարություն, իսկ այդ ուղղությամբ առանցքային դերակատարները չունեն բավարար փորձառություն։ Այս ընթացքում ԱՄՆ նախագահը հրադադարի գործարք կնքելու համար արդեն 3 անգամ երկշաբաթյա ժամկետ է տվել Ռուսաստանի նախագահին, ինչը տեղի չի ունեցել և, ամենակարևորը, մնացել է անհետևանք:
Ուշագրավ է, որ ի տարբերություն նախորդ վարչակազմի, Թրամփի համար Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր առաջընթացն ավելի առաջնային նշանակություն ունի, քան այն, թե ինչ գնով կամ որ կողմի շահերի հաշվին այդ առաջընթացը կգրանցվի։ Վերջին ամիսներին նա քանիցս հրապարակային դժգոհություն է հայտնել ոչ միայն ռուսական, այլև՝ ուկրաինական կողմի դիրքորոշումների հետ կապված։ Այս ընթացքում Կիևի նկատմամբ կիրառվել են նաև ազդեցության կամ ճնշման տարբեր լծակներ (ռազմական աջակցության կրճատում, նոր օգնության փաթեթների կասեցում, մաքսատուրքերի սահմանում և այլն)։ Մինչդեռ ռուսական կողմի նկատմամբ Թրամփի վարչակազմն իր իշխանության ավելի քան 5 ամսվա ընթացքում որևէ շոշափելի քայլ չի ձեռնարկել։ Ավելին, Վաշինգտոնը դադարեցրել է Ռուսաստանի միջազգային մեկուսացման քաղաքականությունը, իսկ միջազգային հարթակներում նկատելի են անգամ նրանց հետ համագործակցության դրսևորումներ[x]։
Սպիտակ տունը չի շտապում նաև գործնական քայլեր ձեռնարկել ՌԴ դեմ պատժամիջոցների ընդլայնման ուղղությամբ։ ԱՄՆ կոնգրեսական Լինդսի Գրեհամի նախաձեռնությամբ մշակվել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ, որով նախատեսվում է ԱՄՆ կողմից 500% մաքսատուրք սահմանել ռուսական նավթ, գազ կամ ուրան գնող երկրների նկատմամբ։ Սպիտակ տան կողմից փաթեթի հաստատման հավանականությունը դիտարկվում է բավական փոքր։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ նման քայլը կարող է վնասել բանակցային գործընթացը[xi]։
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարները շարունակում են մնալ անորոշ։ Թրամփի թիմը, ի տարբերություն Բայդենի վարչակազմի, փորձում է դիրքավորվել որպես բանակցությունների ֆասիլիտատոր, ոչ թե՝ Կիևի դաշնակից։ ԱՄՆ նախագահը Ռուսաստանին դիտարկում է որպես հնարավոր աշխարհաքաղաքական գործընկեր և առայժմ չի պատրաստվում կոշտ գործիքակազմ կիրառել Մոսկվայի հանդեպ՝ նրան կառուցողականության դաշտ տեղափոխելու համար։ Ավելին, ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ բանակցությունները և բանագնացների փոխայցերը լուրջ մտահոգություններ են առաջացնում ինչպես Կիևում, այնպես էլ՝ եվրոպական մայրաքաղաքներում:[xii] Այդ զարգացումները զգալիորեն նեղացրել են Ուկրաինայի մանևրելու դաշտը՝ ստեղծելով հավելյալ մարտահրավերներ։
Նարեկ Մինասյան
[i] https://www.bbc.com/russian/articles/c62v7zl1g1yo
[ii] https://www.bbc.com/russian/articles/clygxp5jpv2o
[iii] https://tass.ru/politika/24117657
[iv] https://www.reuters.com/world/europe/ukrainian-proposals-june-2-talks-with-russia-istanbul-2025-06-01/
[v] https://san.com/cc/us-forces-will-not-join-ukraine-peacekeeping-mission-hegseth/
[vi] https://kyivindependent.com/russia-rejects-european-peacekeepers-nato-infrastructure-in-ukraine-amid-potential-peace-talks-peskov-says/
[vii] https://www.washingtonpost.com/world/2025/06/19/russia-putin-ukraine-talks/
[viii] https://edition.cnn.com/2025/04/25/politics/fact-check-trump-ukraine-war
[ix] https://www.irishstar.com/news/us-news/humiliated-trump-gives-bumbling-answer-35451965
[x] https://www.euronews.com/my-europe/2025/02/25/us-split-with-eu-allies-to-side-with-russia-in-un-vote-on-ukraine-sparks-concern
[xi] https://www.reuters.com/world/europe/us-will-not-sanction-russia-yet-rubio-tells-politico-2025-06-25/
[xii] https://www.bbc.com/news/articles/c0kxrlypg6vo