Ներածություն
2021-24թթ. Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տարեկան աճի տեմպը կազմել է 8.9%, որը բավական բարձր ցուցանիշ է: Սակայն այսօրինակ տնտեսական աճի ցուցանիշը բարդ կլինի պահպանել միջնաժամկետ հատվածում, եթե այնպիսի արտաքին շոկեր տեղի չունենան, որոնք կարող են կարճաժամկետ-միջնաժամկետ հատվածում դրական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա: Ինքնին, 2021-24թթ. արձանագրված տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր ոչ արտահանելի (առևտուր, շինարարություն և ծառայությունների որոշ ոլորտներ) ու արտահանելի ծառայությունների հատվածի կատարողականով (տե՛ս աղյուսակ 1), ինչը բացատրվում էր նաև ապրանքների վերարտահանմամբ: Միևնույն ժամանակ, արտահանելի հատվածի աճի տեմպերը զիջում էին ոչ արտահանելի հատվածի ոլորտների կատարողականին: Հատկապես 2024թ. տնտեսության մի շարք ոլորտների կատարողականի վրա բացասաբար է ազդել ՀՀ դրամի ամրապնդումը ԱՄՆ դոլարի, եվրոյի և ՌԴ ռուբլու նկատմամբ: Այս պարագայում, եթե ներքին պահանջարկի աճ չարձանագրվի, և վերջինս չուղեկցվի արտահանման դիվերսիֆիկացիայով, ապա ՀՆԱ-ի աճի տեմպերը կարճաժամկետ-միջնաժամկետ հատվածում կարող են լինել բավականին ցածր և, նույնիսկ, բացասական՝ արտաքին շոկերով պայմանավորված վերարտահանման ծավալների զգալի կրճատման պարագայում (ՀՀ տարածքում որոշակի վերամշակում անցնելուց հետո):
Տնտեսության ոլորտները | 2021 | 2022 | 2023 | 2024 | 2021-24թթ. |
ՀՆԱ-ի կառուցվածքն ըստ ընտրված ոլորտների (%) | Տարեկան միջին աճի տեմպ (CAGR) | ||||
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն | 11.4 | 10.1 | 8.1 | 7.8 | 0.11% |
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում | 5.5 | 3.9 | 3.0 | 3.0 | -8.07% |
Մշակող արդյունաբերություն | 11.0 | 11.4 | 10.2 | 10.2 | 10.31% |
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում | 2.9 | 2.9 | 2.4 | 2.4 | 5.70% |
Շինարարություն | 6.5 | 6.8 | 6.9 | 7.1 | 16.52% |
Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում | 11.0 | 11.6 | 13.7 | 13.9 | 22.56% |
Փոխադրումներ և պահեստային տնտեսություն | 3.1 | 3.5 | 3.6 | 3.4 | 17.48% |
Կացության և հանրային սննդի կազմակերպում | 1.5 | 1.8 | 2.2 | 2.4 | 31.42% |
Տեղեկատվություն և կապ | 3.7 | 4.5 | 5.4 | 5.5 | 29.13% |
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն | 6.0 | 8.2 | 7.8 | 9.1 | 30.73% |
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն | 7.5 | 8.1 | 8.7 | 9.6 | 23.09% |
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն | 1.2 | 1.4 | 1.6 | 1.7 | 28.55% |
Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովագրություն | 5.1 | 4.4 | 5.3 | 4.0 | 4.79% |
Կրթություն | 2.7 | 2.5 | 2.4 | 2.5 | 10.15% |
Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում | 6.8 | 5.5 | 5.5 | 5.1 | 2.97% |
Մշակույթ, զվարճություններ և հանգիստ | 3.1 | 2.8 | 2.7 | 3.1 | 13.48% |
Աղյուսակ 1. ՀՆԱ-ի կառուցվածքը՝ ըստ ընտրված ոլորտների[i]
Ոչ արտահանելի հատվածի աճը և հիմնական շարժիչ ոլորտները
Հիմնականում ՌԴ-ից միգրանտների ներհոսքը, Արցախից բռնի տեղահանված հայերի ներգաղթը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից շինարարության ոլորտը խթանող քաղաքականությունը, տնային տնտեսությունների դրամական եկամուտների և վերջիններիս կողմից կատարված ծախսերի աճը հանգեցրեցին ոչ արտահանելի հատված զգալի աճին: Ընդհանուր առմամբ, ոչ արտահանելի հատվածի աճը գերազանցապես պայմանավորված էր կապիտալի ներհոսքով (ՌԴ-ից միգրանտների և Արցախից բռնի տեղահանված հայերի)։ Նաև շինարարական բումը հանգեցրեց ներքին պահանջարկի աճին, ինչն, իր հերթին, բացատրվում էր նաև աշխատավարձերի բարձրացմամբ և տնային տնտեսությունների կողմից սպառողական ծախսերի աճով: Այս համատեքստում, տնտեսական աճի տեսանկյունից, երկրի տնտեսությունը ներքին պահանջարկի աճի պարագայում խոցելի է դարձել ՌԴ-ից դրամական հոսքերի, ինչպես նաև շինարարության տեմպերի դանդաղեցման հանդեպ: Միևնույն ժամանակ, ՀՀ առևտրային բանկերի կողմից ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ մասնավոր հատվածին տրամադրված վարկերի ծավալների աճը վերջիններիս խոցելի է դարձնում մի շարք ռիսկերի հանդեպ, որը ՀՀ պարագայում վատագույն դեպքում կարող է հանգեցնել ֆինանսատնտեսական ճգնաժամի:
Արտահանելի ծառայությունների հատված
Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանից միգրանտների հոսքը, կապիտալի ներհոսքն ու արտահոսքը, զբոսաշրջիկների թվի աճը, ապրանքների վերարտահանմամբ պայմանավորված և օնլայն հարթակներից օգտվողների թվի աճը հանգեցրել են ծառայությունների ծավաների զգալի աճի՝ 2024թ. կազմելով շուրջ 5.9 մլրդ ԱՄՆ դոլար, 2021թ. 1.77 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ: Ընդհանուր առմամբ, արտահանելի հատվածի (ծառայությունների), ինչպես նաև ոչ արտահանելի հատվածի ծառայությունների պարագայում, 2021թ. համեմատ 2022-24 թթ. ցուցանիշները փաստել են, որ ՌԴ-ից ստացվող արտարժույթը կարևոր դերակատարում ունեցավ, հատկապես, զբոսաշրջության կատարողականի բարձրացման, իսկ միգրանտների ներհոսքը՝ տեղեկատվության ոլորտի աճի համար: Ապրանքների վերարտահանումը նպաստեց բեռնափոխադրումների ծավալի զգալի աճի: Իսկ 2024թ. ցուցանիշները, 2022-23թթ. համեմատ, փաստում են, որ ՀՀ-ն խոցելի է դրամի փոխարժեքի տատանումների համեմատ, հատկապես, եթե դրամը շարունակի արժևորվել ինչպես ՌԴ ռուբլու, այնպես էլ՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ:
Արտահանելի հատված՝ գյուղատնտեսություն և արդյունաբերություն
Թեպետ 2021-2024թթ. գյուղատնտեսության կատարողականը բավականին համեստ էր, սակայն ՌԴ ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի արժևորումը հանգեցրել էր նրան, որ արտահանողները ավելի շատ արտահանեն՝ կոմպենսացնելու դրամով արտահայտված եկամուտների կրճատումը: Գերազանցապես վերարտահանմամբ պայմանավորված, ՀՀ տարածքում տվյալ ապրանքների որոշակի վերամշակումը, ինչպես նաև միգրանտների և Արցախից բռնի տեղահանված հայերի ներհոսքը նպաստել էին արդյունաբերության, մասնավորաբար, մշակող արդյունաբերության ծավալների աճին՝ հաշվի առնելով նաև զբոսաշրջիկների թվաքանակի աճը: Գյուղատնտեսական ապրանքների արտահանման դեպքում ՀՀ դրամի արժևորումը ՌԴ ռուբլու նկատմամբ հանգեցրել էր արտահանման ծավալների աճին։ Արդյունաբերական արտահանվող ապրանքախմբերի պարագայում (բացառությամբ խտահանքերի արտահանման ծավալները) աճի տեմպը պայմանավորված էր երկրորդային պատժամիջոցներից խուսափելու հնարավորությամբ: Հետևաբար, ՌԴ-ում կարճաժամկետ-երկարաժամկետ հատվածում արժութային ճգնաժամի արձանագրման դեպքում այն կհանգեցնի ՀՀ գյուղատնտեսության ոլորտի կրճատմանը։ Արդյունաբերական արտահանվող ապրանքախմբերի դեպքում (մշակող արդյունաբերություն), հատկապես ռուբլու նկատմամբ դրամի արժևորումը բացասաբար կազդի խմիչքների արտադրության ծավալների վրա։ Միևնույն ժամանակ, արտահանվող որոշ ապրանքախմբերի պարագայում, վերարտահանման ծավալների փոփոխությունը կհանգեցնի ընդհանուր ապրանքների արտահանման ծավալների զգալի կրճատմանը։ Հետևաբար, միջնաժամկետ հատվածում վերարտահանման ծավալների փոփոխություններն են ազդելու արդյունաբերության ծավալների փոփոխության վրա:
Միջնաժամկետ հատվածում ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերի ավարտով և ՌԴ-ից զբոսաշրջիկների թվաքանակի կրճատմամբ պայմանավորված, երկրորդային պատժամիջոցների շրջանցման հնարավորությունների բացակայության և ՀՀ դրամի արժևորման պարագայում, միայն դիվերսիֆիկացված արտահանման ծավալների աճը հնարավորություն կտա միջնաժամկետ հատվածում տնտեսական աճ ապահովել։ Հակառակ դեպքում, ՀՆԱ-ի աճի տեմպերը բավականին ցածր կլինեն, իսկ վատագույն սցենարի դեպքում ֆինանսատնտեսական ճգնաժամ կարձանագրվի:
Դիվերսիֆիկացման մոտեցումները՝
- ՀՀ ծագում ունեցող ապրանքները, ստանդարտներին համապատասխանելու պարագայում, արտահանել արևմտյան շուկաներ և միջինից բարձր եկամտի մակարդակ ունեցող երկրներ: ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացումը, գնային մրցունակություն ապահովելու տեսանկյունից, հնարավորություն կտա զգալիորեն կրճատել լոգիստիկ ծախսերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը ԵՄ արտահանելիս փոխհատուցում է մաքսատուրքերը:
- Զբոսաշրջիկների կողմից ՀՀ տարածքում կատարվող ծախսերի ավելացման նպատակով անհրաժեշտ է ավելացնել ԵՄ-ից, բարձր և միջինից բարձր եկամտի մակարդակ ունեցող երկրներից այցելուների թիվը՝ նույնիսկ կարճատև ուղևորության պարագայում, եթե ՀՀ դրամը շարունակի արժևորված մնալ ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ: Հայաստանը կարող է դիրքավորվել որպես արաբական երկրներում աշխատողների տարանցում ապահովող երկիր:
- Բարձր տեխնոլոգիական ոլորտների պարագայում խթանել ստարտափերի աճը՝ Հայաստան ներգրավելով ռազմավարական ակտիվներ փնտրող ներդրողների։
- Արտահանման ծավալների աճ ապահովելու նպատակով մի շարք ոլորտներում, որոնք մատնանշված են ՀՀ արտահանման ռազմավարության նախագծով, ներգրավել արդյունավետություն փնտրող ներդրողների:
Արտահանման ծավալների աճը, ՀՀ տնային տնտեսությունների եկամուտների ավելացմանը զուգահեռ, կխթանի ներքին պահանջարկը:
Եզրակացություն
ՀՀ կառավարության կողմից իրականացվող ոլորտային աջակցման ծրագրերը հանգեցրին մի շարք ոլորտների աճի, մասնավորապես, շինարարության, ֆինանսական և ապահովագրական գործունեության, ինչպես նաև տեղեկատվության և կապի (ՏՏ ոլորտ)։ Վերարտահանմամբ պայմանավորված, ՀՀ մի շարք ոլորտներ կտրուկ աճ արձանագրեցին: Միգրանտների ներհոսքը և Արցախից բռնի տեղահանվածների ներգաղթը, ինչպես նաև տնային տնտեսություններին տրամադրված սպառողական վարկերի ծավալների աճը ներքին պահանջարկի աճը ևս խթանեցին: Զբոսաշրջիկների թվի աճն, իր հերթին, մի շարք ոլորտներում ևս խթանեց աճ: Միևնույն ժամանակ, 2022-2024թթ. գրանցված աճի տեմպերը գրեթե անհնար կլինի պահպանել միջնաժամկետ հատվածում, իսկ վատագույն սցենարի դեպքում կարող է ֆինանսատնտեսական ճգնաժամ արձանագրվել: Հետևաբար, ՀՀ հիմնական մարտահրավերը պետք է լինի արտահանման դիվերսիֆիկացումը և վերջինիս միջոցով արտահանման ծավալների աճը:
Հեղինակներ
Աննա Մակարյան, տնտեսագիտության թեկնածու, «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, https://orcid.org/0000-0003-0505-7869
Համլետ Մկրտչյան, տնտեսագիտության թեկնածու, «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, https://orcid.org/0009-0002-8588-2921
Վրեժ Իսանյանս, հանրային քաղաքականության թեկնածու (ԱՄՆ), «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ, https://orcid.org/0009-0008-1145-9251
Աղբյուրներ՝
[i] ՀՀ ՎԿ-ի «ՀՆԱ-ի արտադրությունը»՝ ըստ ԱՀՀ 2008-ի տարեկան ցուցանիշների առցանց բազա, հասանելի է՝ https://www.armstat.am/am/?nid=202
