Ներդրված գործակալնե՞ր, թե՞ անփույթ կառավարում

հեղ․ RCSP

     Հայաստանի ամերիկյան համալսարանի շուրջ կրքեր են բորբոքվել։ Համալսարանի դասախոս, ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հեռացվել է համալսարանից։ Ըստ որոշ աղբյուրների՝ հեռացման պատճառը ուսանողներից մեկի կողմից մեկ տարի առաջ արված հայտարարությունն է առ այն, որ Ղազարյանը դասի ընթացքում խոսել է «հարևանների հետ խաղաղություն հաստատելու մասին», ինչը գնահատվել է որպես քաղաքական հայտարարություն։ Ինքը՝ Ղազարյանը նշում է, որ անձնական զրույցում համալսարանի ՀԱՀ Հումանիտար և հասարակագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ, Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ով նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, նշել է, թե «անհրաժեշտ է ընտրություն կատարել քաղաքական և ակադեմիական գործունեության մեջ»։ Այդ խոսակցությունից հետո՝ Ղազարյանի կողմից իրեն հեռացնելու որոշումը վիճարկվել է համալսարանի հոգաբարձուների խորհրդում, որի կողմից կազմված փաստահավաք միջազգային խումբն առաջարկել է Ղազարյանին վերականգնել նախկին պաշտոնում, ինչպես նաև Տեր-Մաթևոսյանին՝ վերապատրաստվել կառավարչական ոլորտում։ Սակայն մինչև այս պահը այդ առաջարկները մնացել են բուհի կողմից անարձագանք։

      Թագուհի Ղազարյանի կողմից Վահրամ Տեր-Մաթևոսյանին հրապարակային բանավեճի հրավիրելուց հետո՝ ընդդիմադիր դաշտում գործող և շատ դեպքերում դեղին մամուլի հատկանիշներով ներկայացող 168․am կայքը հոդված է հրապարակել, որտեղ «մեծ ջանասիրությամբ և եռանդով» փորձել է տեղի ունեցողը կապել համալսարանի մեկ այլ դասախոս, Վահրամ Տեր-Մաթևոսյանի մտերիմ գործընկեր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի հակաիշխանական ելույթների հետ, իսկ Թագուհի Ղազարյանի դասախոսական գործունեությունը որակել է որպես «դասաժամերը ՔՊ-ական քարոզի վերածելու» գործողություն։

      ՀՀ բարձրագույն կրթական համակարգի խնդիրներն այնքան շատ են, որ մեկ կամ երկու գործողությամբ հնարավոր չէ վերբեռնել այն կամ հասցնել քիչ թե շատ բավարար մակարդակի։ Սակայն շատ դեպքերում այդ արատավոր համակարգի ծնած կադրերը դառնում են «մետաստազներ», որոնք տեղաշարժվելով տարբեր ուղղություններով՝ ամեն ինչ հոշոտում և ապականում են իրենց ճանապարհին։ Հայաստանում գործող բազմաթիվ կրթական հաստատություններում կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ոչ միայն չեն խորշում երկակի ստանդարտներ կիրառել, քաղաքական համատեքստ և տրամաբանություն ներբեռնել դասապրոցեսում, այլև ակնհայտորեն թշնամական վերաբերմունք են ցույց տալիս իրենց քաղաքական գաղափարները չկիսողների նկատմամբ՝ իրենց ունեցած իշխանության շրջանակներում ազատվելով նրանցից։ Նման մի օրինակ է Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ով փաստորեն «չի նկատում» իր կուսակից և գործընկեր Սամվել Ֆարմանյանի քաղաքական գործունեությունը, փոխարենը՝ խորհուրդներ է տալիս Թագուհի Ղազարյանին։ Գլխավոր հարցն այստեղ այն է, որ Տեր-Մաթևոսյանն ընդամենը դեկանի տեղակալ է, այսինքն որոշումների կայացման հարցում ավելի մեծ իրավասություն ունեցող օղակներ կան, որոնք, փաստորեն, չեն կանխել նման ինքնիրավչությունը։ Սա կարող է նշանակել, որ բուհի խնդիրները չեն սկսվում և ավարտվում «հանրապետական գիտնականի» սուբյեկտիվ տեսակետներով, այլև ավելի խորքային են։

      Պետք է փաստենք, որ թեև Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտնի է որպես բարձրակարգ կրթօջախ, բայց ներկայում այնտեղ տարբեր եղանակներով բարձր պաշտոններում մարդիկ են հայտնվել, որոնց ներկայությունը և գործունեությունը հաստ բիծ են թողնում այդ հաստատության պատվի ու հեղինակության վրա։

Իսկապես․ ՀԱՀ-ն միակ բուհը չէ, որտեղ կառավարման գործընթացն ուղեկցվում է քաղաքական և գաղափարախոսական անհանդուրժողականությամբ։ Բայց այս օրինակը ողջամիտ հարցեր է առաջացնում դրանց հիմքերի վերաբերյալ։ Արդյո՞ք նման դրսևորումների պատճառը անփույթ կառավարումն ու նշանակվող կադրերի անձնական որակների անհամապատասխանությունն է, թե՞ գործ ունենք հիբրիդային պատերազմի տրամաբանությունում՝ ներդրված գործակալների և նրանց առաջադրված հանձնարարությունների հետ։ Գուցե հարկ է, որ ՀՀ ներքին անվտանգությունն ապահովող մարմինները ուսումնասիրե՞ն նմանատիպ դրսևորումները։ Հակառակ դեպքում կարող է գալ մի օր, երբ ՀՀ բարձրագույն կրթական համակարգը բարեփոխելու համար ստիպված կլինենք «կուսակրոնության խախտումներ» հայտնաբերել և «հրապարակներում հանրահավաքներ հրավիրել»։

Ռոբերտ Ղևոնդյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037