Ներածություն. ընտրական համակարգն ու ազդեցությունը կուսակցական համակարգի վրա
Ընտրություններն ու ընտրական համակարգը, բացի սահմանված կանոններով հանրության կամքի արտահայտման ձև լինելուց, իր հերթին նաև կուսակցական համակարգի վրա է ազդում։ Տարածված և փաստերով ապացուցված ճշմարտություն է, որ համամասնական ընտրակարգը (երբ մանդատները բաշխվում են ստացած ձայներին համամասնորեն) նպաստում է բազմակուսակցական համակարգի ձևավորմանը, իսկ մեծամասնական ընտրակարգը (երբ ընտրվում է ստացած ձայների մեծամասնություն հավաքածը) նպաստում է երկկուսակցական համակարգի ձևավորմանը[i]։ Վերջինս տեղի է ունենում, այդ թվում, այն պատճառով, որ ընտրողը, գիտակցելով, որ հաղթելու է ձայների մեծամասնություն հավաքածը, իր քվեն տալիս է հիմնական երկու ֆավորիտներից մեկին՝ քվեն չփոշիացնելու նպատակով։
Ընտրական համակարգը կուսակցական համակարգի վրա ազդեցություն է ունենում հիմնականում չորս բաղադրիչների միջոցով՝ ընտրությունների անցողիկ շեմ, ընտրական բանաձև, խորհրդարանի չափ (պատգամավորների թիվը խորհրդարանում) և ընտրատարածքի մեծություն (ընտրատարածքից քանի մանդատ է ընտրվում)[ii]: Որքան մեծ է խորհրդարանի չափը, կամ որքան ցածր է անցողիկ շեմը, այդքան ներկայացուցչական է խորհրդարանը՝ բազմազան մասնակից ուժերը ավելի շատ հնարավորություն են ստանում ներկայացված լինել խորհրդարանում։ Եվ ընդհակառակը․ բարձր անցողիկ շեմը և փոքրաքանակ խորհրդարանը հանգեցնում են ցածր ներկայացուցչականության։ Ընտրական բանաձևը կախված է նրանից, թե ինչպես են ձայները վերածում մանդատների (օր․՝ անցողիկ շեմը չհաղթահարածների ստացած քվեները), ինչը նույնպես ազդում է ներկայացուցչականության վրա։
Ընտրական համակարգի ազդեցությունը գնահատելու մի քանի չափանիշներ կան։ Կախված ընտրական համակարգից՝ ա) որքան կայուն է կուսակցական համակարգը, բ) որքան անհամամասնական է ձայներից մանդատներ ստանալու մեխանիզմը, և գ) քանի կուսակցության է հնարավորություն տրվում մասնակցել և հայտնվել խորհրդարանում։
Այս աշխատանքում մանրամասն կանդրադառնանք այն կետին, թե ինչպես են Հայաստանում ընտրական համակարգի փոփոխություններն ազդել խորհրդարանում կուսակցությունների թվի վրա։ Գիտական գրականության մեջ վերջինս կոչվում է կուսակցությունների արդյունավետ թիվ։ Այն արտահայտում է քաղաքական համակարգում ընտրական համակարգի մասնակից գործող կուսակցությունների թիվն՝ ըստ իրենց կշռի, ոչ թե՝ պարզապես քանակապես։ Առկա են տարբեր հաշվարկային մոդելներ, սակայն դասականն է Ns = 1/ ∑(Si)2, որտեղ ∑-ն հանրագումարն է, S-ը՝ i կուսակցության խորհրդարանում տեղերի չափը[iii]։ Սրա հիմքով հաշվում են նաև կուսակցական համակարգի մասնատվածությունը (ֆրագմենտացիան)։
Պետք է ընդգծել, որ աշխատանքը թվային տվյալներով շատ չծանրաբեռնելու համար խորհրդարանական կուսակցությունների արդյունավետ թվերը և ընտրական այլ տվյալներ ամբողջական կերպով ներկայացված են աղյուսակում։
Հայաստանի ընտրական համակարգը և խորհրդարանական կուսակցությունների արդյունավետ թիվը
Հայաստանի ընտրական համակարգը Խորհրդային Միությունից, երկփուլանի մեծամասնական ընտրակարգ ժառանգելուց զատ, նաև ժառանգություն էր ստացել 260 տեղանոց խորհրդարանը։ Այն իր գործունեությունը դադարեցրեց 1995 թվականին։ Հատկանշական է, որ ընտրությունները կարգավորող օրենքը, որ նախատեսված էր հենց խորհրդարանական ընտրությունների համար, ուժի մեջ մտավ ընտրությունների անցկացումից ընդամենը երեք ամիս առաջ։
Ընդունված օրենքի համաձայն՝ մեծամասնական ընտրակարգից անցում էր արվում խառը ընտրական համակարգին։ Խորհրդարանի չափը՝ տեղերի քանակը, 260-ից իջեցվում էր 190-ի, որից համամասնական ընտրակարգով պետք է ընտրվեր 40-ը (~21%), իսկ մնացած 150-ը (~79%) պետք է ընտրվեին միամանդատ ընտրատարածքներից՝ մեծամասնական կարգով։
Համամասնական բաղադրիչի դեպքում անցողիկ շեմը 5% էր։ Կարևոր է նաև ընդգծել, որ այս շեմը թե՛ կուսակցությունների, թե՛ դաշինքների համար նույնն էր։
Այսպես, որոշ կուսակցությունների մասնակցության արգելքի պարագայում, ընտրությունների համամասնական բաղադրիչով մասնակիցների թիվը 13 էր։ Ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմում էր շուրջ 59%։ Համամասնական բաղադրիչով 13 մասնակիցներից խորհրդարան անցան 5 կուսակցություն և դաշինք։ 40 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 20, 8, 6, 3, 3։
Հաջորդ խորհրդարանական ընտրությունները, ըստ սահմանադրության, անցկացվեցին չորս տարի անց՝ 1999-ին։ Ընտրություններն անցկացվում էին ամբողջովին այլ քաղաքական իրողությունների պայմաններում՝ նախագահի պաշտոնից Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի և այդ պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու հաջորդ տարում։
1999թ․ ընտրություններն անցան նորացված համակարգով՝ արդեն գործող սահմանադրությամբ և ընդունված օրենսգրքով։ Նոր օրենսգրքով ընտրական համակարգը շարունակեց մնալ խառը։ Սակայն նվազեցվել էր խորհրդարանի չափը՝ 131, որից 75 պատգամավոր (~57%) ընտրվում էր միամանդատ ընտրատարածքներից, 56-ը (~43%)՝ համամասնական ընտրակարգով, կուսակցությունների և կուսակցական դաշինքների ցուցակներից։ Ինչպես նախորդ ընտրություններում, այս ընտրություններում ևս ընտրական անցողիկ շեմը սահմանվում էր 5%։
Քաղաքական նոր իրողության ու նոր ընտրական համակարգի պայմաններում մասնակիցների թիվը համամասնական ցուցակներով 21 էր: Սակայն խորհրդարան անցան ընդամենը 6-ը։ 56 մանդատները բաշխվեցին՝ 29, 8, 6, 5, 4, 4: Խորհրդարանական կուսակցությունների արդյունավետ թիվը կազմում է 3.33:
Քաղաքական իրողությունը կտրուկ փոխվել էր նաև 2003թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Պատճառը 1999թ․ հոկտեմբերյան ահաբեկչությունն էր։ Խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին նախագահական ընտրություններից մի քանի ամիս հետո և սահմանադրական հանրաքվեի հետ նույն օրը։ Ենթադրաբար, կարճ ժամանակահատվածում ընտրությունների այդպիսի առատությունը ցածր մասնակցության պատճառ դարձավ։ Նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտորդների կողմից ցածր գնահատականի արժանացան. համարվեց, որ դրանք չեն բավարարում ժողովրդավարության պահանջներին[iv]։
Մեկ առանցքային փոփոխություն տեղի ունեցավ ընտրական համակարգում՝ մեծամասնական բաղադրիչով մանդատների թիվը դարձավ 56 (~43%), իսկ համամասնական բաղադրիչով՝ 75 (~57%): Ինչպես նախորդ ընտրությունների, այս ընտրությունների մասնակիցների թիվը ևս 21 էր, և նույնպես մանդատներ ստացան 6-ը։ 75 համամասնական մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 23, 14, 12, 11, 9, 6։
Այսպես, կարելի է նշել, որ համամասնական բաղադրիչի ընդլայնմամբ խորհրդարանում բարձրացավ կուսակցությունների ֆրագմենտացիայի աստիճանը, ինչի արդյունքում ոչ մի ուժ ինքնուրույն չկարողացավ ձևավորել մեծամասնություն, և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այդ նպատակով ձևավորվեց կոալիցիա՝ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի միջև[v]։
Հաջորդ՝ 2007թ․ ընտրությունները, կարելի է ասել, նույնպես անցան նոր ընտրակարգի պայմաններում։ Այս ընտրական շրջանի համար կարևոր հանգամանք էր հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները գործող նախագահի սպառված ժամկետների պարագայում։ Այլ կերպ ասած՝ խորհրդարանական ընտրությունները նախապատրաստական էին դիտվում։
Այս ընտրություններում ևս գրանցվեց հարաբերականորեն բարձր մասնակցություն՝ ~59%: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները երկու կարևոր նորություն մտցրին ընտրական համակարգում։ Հերթական անգամ ընդլայնվեց համամասնական բաղադրիչը՝ դառնալով 90 մանդատ (~69%), իսկ մեծամասնականը, համապատասխանաբար, 41 (~31%): Մեկ այլ փոփոխություն վերաբերում էր անցողիկ շեմին՝ դաշինքների համար սահմանվում էր առանձին 7%:
Ընտրություններին կուսակցությունների մասնակցությունը նախորդ տարիների պես բարձր էր՝ 22 կուսակցություն և մեկ դաշինք։ Խորհրդարանում համամասնական ընտրակարգով հայտնվեցին 5 կուսակցություն՝ 90 մանդատները բաժանելով հետևյալ կերպ՝ 41, 18, 16, 8, 7: Այս ընտրություններում բավական շատ էր փոշիացած ձայների բաժինը։ Կուսակցություններին ու դաշինքներին քվեարկած ձայների 25%-ը այդպես էլ մանդատի չվերածվեց։
2012թ․ ընտրություններն անցան 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամի ու հետցնցումների պայմաններում։ Հատկանշական է, որ նախորդ երկու ընտրությունների համեմատությամբ՝ մասնակիցների թիվը զգալի նվազել էր, ինչը կարող էր պայմանավորված լինել ռեժիմի՝ առավել ռեպրեսիվ դառնալով։ Ըստ այդմ, մասնակիցներն ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորություն չէին տեսնում։ Ինչևէ, այս ընտրություններին մասնակիցներն ինն էին՝ 8 կուսակցություն և 1 դաշինք։ 90 մանդատները համամասնական ընտրական բաղադրիչով բաշխվում են հետևյալ կերպ՝ 40, 28, 7, 5, 5, 5:
2017թ․ հերթական ընտրությունները անցան բացարձակ այլ կարգավորումներով և տրամաբանությամբ։ Նախ և առաջ, 2015-ի սահմանադրական փոփոխությունների ընդունմամբ անցում էր կատարվում խորհրդարանական համակարգի։ Ընտրական համակարգի փոփոխություններն առնչվում էին, կարելի է ասել, ընտրական համակարգի գրեթե բոլոր բաղադրիչներին։ Այսպես, խորհրդարանի չափը փոքրացվում էր՝ հասցվելով նվազագույնը 101-ի։
Այս ընտրություններում ներդրվեց նաև բաց և փոխկապակցված ցուցակների որոշակի ձև՝ «ռեյտինգայինը»։ Այն դիտարկվում էր որպես մեծամասնական բաղադրիչի շարունակություն։ 2017թ․ ընտրություններն անցկացվում էին իշխանության փոխանցման նախապատրաստության և փոխանցման որոշակի անորոշության պայմաններում։ Ընտրություններին մասնակցում էր 9 կուսակցություն և դաշինք։ Դրանցից ընտրական համապատասխան շեմերը հաղթահարեցին և մանդատներ ստացան չորսը։ Մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ`55, 30, 9, 7։ Արդյունքում, խորհրդարանում մանդատների բաշխվածությունն ունեցավ հետևյալ տեսքը՝ 58, 31, 9, 7:
Հաջորդ ընտրությունները Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին։ Դրանք անցան հիմնականում նույն ընտրակարգով, սակայն՝ ամբողջովին այլ քաղաքական իրողության պայմաններում։ Արտահերթ ընտրություններն արդյունք էին իշխանության փոխանցման և շարունակականության ապահովման ճգնաժամի և դրա հետևանքով տեղի ունեցած հեղափոխության։ Տեղի ունեցած ընտրությունները միջազգային դիտորդները գնահատեցին ազատ և արդար։
Արտահերթ ընտրություններին մասնակցեցին 11 կուսակցություն և դաշինք։ Խորհրդարան անցան երեքը։ Հատկանշական է, որ այս ընտրությունների արդյունքում ընդդիմությանը տրամադրվեցին լրացուցիչ մանդատներ, որպեսզի միասին զբաղեցնեն մանդատների 1/3-ը։ Արդյունքում, խորհրդարանի չափը հասավ 132-ի։ Իսկ մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 88, 26, 18։
Հաջորդ և, ներկայիս դրությամբ, Հայաստանի համար վերջին ընտրությունները նույնպես արտահերթ էին և տեղի ունեցան 2021 թվականին։ Ընտրությունները, չնայած բացարձակ նոր քաղաքական իրողությանը, հիմնականում անցան հին կարգավորումներով՝ ընդունված դեռ 2016 թվականին։ Էական փոփոխություններից կարելի է առանձնացնել «ռեյտինգային» համակարգից հրաժարվելը։ Ընտրությունները, չնայած լարված մթնոլորտին, գնահատվեցին հիմնականում որպես մրցակցային, ազատ և արդար։
Քաղաքական անորոշության պայմաններում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրին 26 կուսակցություն և դաշինք։ Հետագայում մեկ կուսակցություն հայտարարեց ինքնաբացարկի մասին։ Սակայն քաղաքական ուժերի բարձր մասնակցության պայմաններում խորհրդարան անցավ երեք ուժ։ Խորհրդարանում մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 68+3, 28+1, 7: Այս ընտրություններում ևս անհրաժեշտություն առաջացավ ընդդիմությանը տրամադրել լրացուցիչ մանդատներ։
Եզրակացություն
Ամփոփելով վերոնկարագրյալ և աղյուսակում արտահայտված տվյալները՝ կարևոր է ընդգծել հետևյալ կետերը։ Հայաստանի ընտրական համակարգը 90-ականներից անցել է համամասնական ընտրակարգի զարգացման դինամիկայով։ Զուգահեռաբար, անցողիկ շեմը գրեթե անփոփոխ է մնացել, իսկ խորհրդարանի չափը նկատելիորեն նվազել է։ Սա, ըստ էության, նշանակում է, որ խորհրդարանը պետք է որոշակիորեն ավելի ներկայացուցչական/մասնատված դառնար։ Սակայն տեսնում ենք, որ քաղաքական դաշտը 2012-ի ընտրություններից մասնակիցների թվի նվազման է գնացել, ինչը կարելի է բացատրել արդյունքների ժողովրդավարական (2018 և 2021) և ավտորիտար (մնացած դեպքերում) բնույթի կանխատեսելիությամբ։ Այս փաստարկի օգտին է խոսում 2021 թվականին մասնակիցների անկանխատեսելի բարձր թիվը, ինչը կարելի է ակնկալել նաև հաջորդ խորհրդարանական ընտրություններին։
Ինչ վերաբերում է խորհրդարանական կուսակցությունների արդյունավետ թվին, այն աստիճանաբար և զգալիորեն նվազում է։ Կարելի էր կարծել, որ համամասնական բաղադրիչի ընդլայնմամբ ավելի շատ կուսակցություններ պետք է հնարավորություն ունենային ներկայացված լինել խորհրդարանում, սակայն պատկերը հակառակն է։ Սա հիմնավորապես ընտրական օրենսգրքում առկա «մեծամասնական» կարգավորումների հետևանքն է, այն էլ՝ «կայուն մեծամասնության» դրույթի չկիրառման պայմաններում։ Այս իրավիճակը խնդրահարույց է, քանի որ խորհրդարանում քիչ ուժերի ներկայացվածությունը՝ մեկի դոմինանտության պայմաններում, քաղաքական օրակարգերն աղքատացնում է, հանրային ներկայացվածությունը և հետաքրքրությունը՝ նվազեցնում։ Ավելին, այս կարգավորումները խորացնում են քաղաքական բևեռացվածությունը՝ քաղաքական գունապնակում գերակշիռ և պահանջված պահելով ծայրահեղ դիրքորոշումները։
Ընտրակարգ | Մասնակիցներ | Խորհրդարան անցածների թիվ | Խորհրդարանական կուսակցությունների արդյունավետ թիվ | Ընտրատարածքի մեծություն | Անցողիկ շեմ | Ընտրական բանաձև | Խորհրդարանի չափ | |
1995 | Խառը | 13 | 5 | 2.26 (3.09; 2.23) | 1.26 | 5% | Պարզ | 190 |
1999 | Խառը | 21 | 6 | 3.33 (3.14; 2.63) | 1.72 | 5% | Պարզ | 131 |
2003 | Խառը | 21 | 6 | 5.24 (5.08; 2.06) | 2.29 | 5% | Պարզ | 131 |
2007 | Խառը | 23 | 5 | 3.66 (3.41; 3.07) | 3.11 | 5% (7%) | Պարզ | 131 |
2012 | Խառը | 9 | 6 | 2.73 (3.22; 1.81) | 3.11 | 5% (7%) | Պարզ | 131 |
2017 | Համա մասնական | 9 | 4 | 2.47 | 101 | 5% (7%) | Պարզ | 105 |
2018 | Համա մասնական | 11 | 3 | 1.99 | 101 | 5% (7%) | Պարզ | 132 |
2021 | Համա մասնական | 25 | 3 | 1.92 | 101 | 5% (7%) | Պարզ | 107 |
Աղյուսակ 1. ՀՀ ընտրական համակարգի բաղադրիչները
[i] Herron, E. S., Pekkanen, R. J., & Shugart, M. S. (Eds.)., The Oxford handbook of electoral systems, Oxford University Press, 2018.
[ii] Lijphart, A., Electoral systems and party systems: A study of twenty-seven democracies, 1945-1990. Oxford University Press, 1994.
[iii] Laakso, M., & Taagepera, R., “Effective” number of parties: a measure with application to West Europe. Comparative political studies, 12(1), 1979, pp. 3-27.
[iv] https://www.osce.org/files/f/documents/1/2/42370.pdf
[v] https://mediamax.am/am/news/Elections/4710/
Տիգրան Մուղնեցյան