2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ․Կուսակցությունների մասնավոր ֆինանսավորում

by RCSP

Վերջին 10 տարում իրավական-ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգում կուսակցությունների դերը զգալիորեն բարձրացել է։ Անցումը խորհրդարանական կառավարման համակարգի, այդ թվում նախագահական ուղիղ ընտրությունների բացակայությունը, խորհրդարանական ընտրություններում անցումն ամբողջովին համամասնական ընտրակարգի, իսկ ՏԻՄ-երի ընտրությունների ճնշող մեծամասնության դեպքերում անցումը համամասնականի, աստիճանաբար հանգեցրին կուսակցությունների՝ քաղաքական համակարգում գլխավոր սուբյեկտի կարգավիճակին։ Այսպես Հայաստանում տեղի ունեցող բոլոր ընտրություններում, բացառությամբ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքների, մասնակիցները կուսակցություններն են և դրանցից կազմված դաշինքները։ Կուսակցությունների դերի և կարգավիճակի բարձրացմանը զուգահեռ Հայաստանում կուսակցական համակարգը շարունակում է զգալի խնդիրներ ունենալ և հարաբերականորեն չկայացած մնալ։ 

Ըստ Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադիր օրենքի՝ կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է։ Հայաստանում կուսակցությունների գրանցման համար հարկավոր է առնվազն 300 քաղաքացի-հիմնադիր։ Կուսակցությունների դերի ավելացմանը զուգահեռ գրանցման այս պայմանը 2021 թվականին խստացվեց, դրանից առաջ գրանցման համար հարկավոր էր առնվազն 100 հիմնադիր։ Այս փոփոխությունն ի թիվս այլնի, պետք է բարդացներ նոր կուսակցությունների քաղաքական համակարգ մուտքը, քանակի նվազեցման հաշվին բարձրացներ դրանց որակը։

Հայաստանում ներկայումս գործում է 119 կուսակցություն։ Ընդ որում,  դրանցից 35-ը գրանցվել է 2021-2024 ժամանակահատվածում։ Կուսակցությունների այս մեծ թվով մուտքը քաղաքական համակարգ հիմնավորապես 2020 թվականից շարունակվող քաղաքական ճգնաժամի և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև համայնքներում ընտրությունների համամասնական ընտրակարգին անցման արդյունք է։ Կարող ենք նկատել, որ կուսակցությունների գրանցման համար բարձրացրած շեմը մասամբ է ծառայել իր նպատակին։ Ընդհանուր առմամբ Հայաստանի անկախությունից ի վեր գրանցվել է 154 կուսակցություն, որից 35-ն այդ ժամանակահատվածում լուծարվել է։

Մասնավոր ֆինանսավորումն ու խոչընդոտները

Կուսակցությունների կայուն կենսագործունեության և զարգացման համար առանցքային են գաղափարական հիմքն ու ֆինանսական կարողությունները։ Ընդ որում, ցանկալի է, որ այդ գաղափարական հիմքը ձևավորի և ներգրավի ֆինանսական կարողություններ։ Գործող կուսակցությունների զգալի մեծամասնությունը քաղաքական համակարգում պասիվ է` խորհրդարանական և համայնքային ընտրություններում մասնակցում է միջինում մինչև 20 կուսակցություն։ Մինչև ընտրություններն ընկած ժամանակահատվածում շատ ավելի քիչ թվով կուսակցություններ են, որ որևէ քաղաքական գործունեություն են ծավալում։ Նկատում ենք, որ գործող 119 կուսակցությունից միայն  մոտ 10%-ն է, որ ծառայում է օրենքով սահմանված նպատակին՝ ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելուն։ Վերջինիս ապացույցը քաղաքական ապատիան է, ընտրություններում ցածր մասնակցությունը և ըստ սոցիալական հարցումների՝ քաղաքական սուբյեկտների և ինստիտուտների նկատմամբ ցածր վստահությունը։  

Այս խրոնիկ պասիվության և անգործության պատճառը մի կողմից կուսակցությունների գաղափարական թույլ հիմքերն են, որոնք հնարավորություն չեն տալիս ներգրավել հանրությանը և մոբիլիզացնել կողմնակիցների, մյուս կողմից դրանից բխող ֆինանսական կարողությունների բացակայությունն է, որը հնարավորություն չի տալիս կուսակցություններին որևէ գործունեություն ծավալել։ 

Հայաստանում կուսակցությունների ֆինանսները կարող են ձևավորվել մասնավոր և հանրային/պետական աղբյուրներից։ Եվ պետք է ընդգծել, որ կուսակցությունների հանրային ֆինանսավորումը երկրորդական է, հասանելի է փոքրաթիվ կուսակցություններին և միտված է խթանելու որոշակի հանրային աջակցություն ունեցող և եկամտի այլ էական աղբյուրներ չունեցող կուսակցությունների կենսունակությանն ու ինքնուրույնությանը։ 

Ինչ վերաբերվում է մասնավոր ֆինանսավորմանը՝ դրանք հիմնականում  ձևավորվում են կուսակցություններին անդամակցելու (միանվագ) և անդամակցության (պարբերական) վճարներից, անդամների և կողմնակիցների նվիրատվություններից, կուսակցությունների հիմնած ԶԼՄ-ներից և հրատարակչություններից, վարկերից, փոխառություններից և ավանդներից։ Հատկանշական է, որ գործնականում թվարկվածներից վերջին հինգ աղբյուրները հազվադեպ հանդիպող են։ Մասնավոր ֆինանսավորման վրա հայաստանյան օրենսդրությունը կիրառում է սահմանափակումներ։

Այսպես ՀՀ քաղաքացու մեկ կամ մի քանի կուսակցությունների տարեկան նվիրատվության և անդամության վճարները չեն կարող գերազանցել 2.5 մլն դրամը։ Իսկ կուսակցությունը տարեկան կարող է այդ վճարներից ստանալ առավելագույնը 500 մլն դրամ։  Այս սահմանափակումները միտված են կուսակցությունների միջև որոշակի հավասար խաղի պայմաններ ստեղծել և սահմանափակել ֆինանսական դիսբալանսը։ Կարևոր այլ սահմանափակումներից է նաև անանուն և իրավաբանական անձանցից կուսակցություններին նվիրատվություններ կատարելու արգելքը։ Իրավաբանական անձանց արգելքը հարաբերականորեն վերջերս է ներդրվել, այն ուղղված է հանրային կյանքում բիզնեսի և մասնավոր շահի ազդեցության նվազեցմանը։  

Տեսականորեն և գործնականում[i], [ii] այս սահմափակումները ենթակա են շրջանցման։ Առավելագույն դրամական սահմանաչափերը շրջանցելու նպատակով նվիրատվություններ կատարելիս օգտագործվում են այլ ֆիզիկական անձանց տվյալներ։ Նույն մեխանիզմը կիրառվում է բիզնեսների իրական շահառուների կողմից, նվիրատվությունները կատարվում են աշխատակիցների կամ այլ փոխկապակցված անձանց միջոցով։ Ինչ վերաբերվում է, անանուն նվիրատվությունների արգելքին, որոշ ՔՀԿ-ներ և միջազգային փորձագետներ նշում են, որ փոքր նվիրատվությունների համար արժե թույլատրել անանունությունը[iii]։ Սա թույլ կտա մասնավոր անձանց իրենց քաղաքական հայացքներից բխող նվիրատվությունները կատարելիս ավելի ապահով և պաշտպանված զգալ։ Գործնականում սակայն շատ դժվար է գնահատել, թե որքան տեղին է այդ մտահոգությունը։

Կարևոր է արձանագրել, որ գործող կարգավորումների հնարավոր և իրական շրջանցման դեպքերն արդյունք են ոչ այնքան գործող կարգավորումներում առկա թերության, որքան իրավական նվազ վերահսկողության։ Այս դեպքերը հնարավորություն են տալիս որոշ շահակիցների բարձրացնել գործող մեխանիզմները վերացնելու, դաշտը կարգավորումներից ազատականացնելու պնդումներ։ Առկա մեխանիզմներն ուղղված են կուսակցությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության երաշխավորմանը։ Մինչդեռ դրանց բացակայության կամ ազատականացման դեպքում կարելի է պնդել, որ բարձր հավանականությամբ կուսակցությունների գործունության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը կտուժի։ Այս իմաստով, գործող մեխանիզմները լավարկելու համար անհրաժեշտ է հանրային իշխանության մարմինների և ՔՀԿ-ների կողմից ուժեղացնել հանրային վերահսկողությունը։ 

Ներկայումս կուսակցությունների տարեկան ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։ ԿԿՀ-ն հանրայնորեն[iv]  և մասնագիտական քննարկումներում բազմիցս նշել է, որ կառույցի ներկա կարողությունները բավարար չեն ամբողջական և բարձրորակ վերահսկողություն իրականացնելու համար։

Կուսակցություններն իրենց տարեկան ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ են ներկայացնում ԿԿՀ-ին։ Վերջին երկու տարիների այդ հաշվետվությունների պարզ դիտարկումից կարելի է առանձնացնել այն, որ  կուսակցությունների 20-30%-ը առհասարակ հաշվետվություն չի ներկայացրել։ ԿԿՀ-ն նշում է, որ որոշ կուսակցությունների հետ առհասարակ շատ դժվար է կապ հաստատել։ Վերջին երկու տարվա ընթացքում հաշվետվություն ներկայացրած կուսակցությունների 2/3-ը առհասարակ ֆինանսական գործունեություն չի ծավալել։ Եթե դիտարկենք կուսակցությունների ընդհանուր  քանակը,  ստացվում է, որ գոնե ֆինանսական նվազագույն գործունեություն (միջոցների ներգրավում և ծախսեր), կատարում է կուսակցութունների շուրջ  20-30%-ը։

Ամփոփում

Հայաստանի քաղաքական համակարգում կուսակցությունների առանցքային դերի համատեքստում այս ցուցանիշները վկայում են կուսակցական համակարգի դիսֆունկցիոնալության մասին։ Կուսակցությունների զգալի մասն առհասարակ գործունեություն չի ծավալում և ըստ այդմ չի ծառայում իր նպատակին, ինչն ավելացնում է նրանց նկատմամբ վերահսկողության վարչարարության ծախսերը։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ բոլոր շահակիցները զգալի ջանքեր պետք է գործադրեն ներկա իրավիճակը լավարկելու համար։ Սահմանադրական գործող սկզբունքների հիման վրա պետք է կուսակցությունների համար կուսակցական գործունեություն ծավալելու առավել խիստ պայմաններ և, ըստ այդմ, նաև գործունեության դադարեցման առավել ընդլայնված հիմքեր սահմանել։ Այս իմաստով հանրային իշխանության մարմինների հետ մեկտեղ կարևոր է ՔՀԿ-ների դերը քննարկումներ ծավալելու և քաղաքականության մշակմանն աջակցելու հարցում։ Կարևոր են նաև հանրային վերահսկողության մեխանիզմների ծավալային և որակական զարգացումն ու կարողությունների կատարելագործումը՝ թե՛ հանրային իշխանության, թե՛ ՔՀԿ-ների համար։


[i] https://infocom.am/hy/article/123299

[ii] https://tinyurl.com/9cf47ey9

[iii] https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-AD(2023)030-e

[iv] https://www.youtube.com/watch?v=lzgS-XV8G54&t=1090s

Հեղինակ՝ ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Տիգրան Մուղնեցյան

Լուսանկարը՝ EVN Report կայքից

You may also like

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037