Թրամփը զայրացել է․ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը հեռու է և անորոշ

հեղ․ RCSP

Նախընտրական պայքարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խոստումը՝ 24 ժամում ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը, ներքին մեծ աջակցություն ստացավ։ Նման ինքնավստահությունն ավելացրեց բավարար թվով քվեներ ստանալու և դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսին շրջանցելու նրա շանսերը, ինչն էլ, ի վերջո, տեղի ունեցավ։ Սակայն, նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, Թրամփը նախ հայտարարեց, թե 24 ժամ սահմանելը կատակ է եղել և անհրաժեշտ է «մի փոքր ավելի ժամանակ»։ Այնուհետև սկսեց մեծ ճնշում գործադրել Ուկրաինայի նկատմամբ՝ զուգահեռաբար սիրաշահելով Ռուսաստանին, թեև ԱՄՆ գործընկեր եվրոպական առաջատար պետությունները հիմնականում աջակցում էին Ուկրաինային։ Այս քաղաքական խաղը սկզբնական շրջանում հաջողության որոշ հույսեր արթնացրեց, այդ թվում՝ հայաստանցի փորձագետների մի շրջանակ ոգևորված «ավետում» էր Ռուսաստանի մոտալուտ հաղթանակի և Հայաստան վերադարձի մասին։ Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։

Զելինսկու հետ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճը ցույց տվեց, որ Ուկրաինան այնքան էլ հակված չէ «գլուխը կախ» ընդունել ցանկացած առաջարկություն։ Բացի այդ, հանդիպումից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև շատ արագ ձեռք բերված՝ պատերազմը 30 օրով դադարեցնելու վերաբերյալ համաձայնությունը հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ Սպիտակ տանը տեղի ունեցածը կարող էր Ռուսաստանի մոտեցումներում դրական փոփոխության հակվածություն առաջացնելու համար լավ պլանավորված քաղաքական խաղ լինել։ Սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ ակնկալվող արդյունքը չի ստացվել։ Ռուսաստանը փաստացի հրաժարվեց ընդունել 30-օրյա զինադադարի ամերիկյան առաջարկությունը, առաջարկեց փոխարինել այն միայն էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու համաձայնությամբ։ Այս առաջարկն էլ չի համընկնում Ուկրաինայի պատկերացումներին, ինչի արդյունքում վերջին շաբաթներին ուկրաինական կողմը միտումնավոր կերպով հարվածում է հենց ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին։

Արդեն հիմա կարելի է եզրակացնել, որ Թրամփի նախաձեռնությունը, գոնե իր ամբողջական տեսքով, տապալվել է։ Ըստ ամենայնի, սա հասկանում են նաև Վաշինգտոնում։ Այսպես․ պետքարտուղար Ռուբիոն հայտարարեց, որ մի քանի շաբաթվա ընթացքում պարզ կլինի՝ Մոսկվան ցանկանու՞մ է խաղաղություն, թե ոչ։ Օրեր առաջ էլ Թրամփի զայրացած հայտարարությունները վկայեցին հաջող ելքի վերաբերյալ կասկածների մասին։ Բացի այդ, ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են նոր պատժամիջոցներ, իսկ անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցը ուշադրություն է հրավիրել Բալթիկ ծովում ռուսական նավթամթերքների 70 տոկոս ստվերային շրջանառությունը արգելակելու հավանականությանը։

Զարգացումները ցույց են տալիս, որ դժվար կանխատեսելի է ոչ միայն պատերազմի ավարտի ժամկետը, այլև պատերազմի ելքն ընդհանրապես, քանի որ երկու կողմերն էլ դեռևս տիրապետում են պատերազմը շարունակելու բավարար ռեսուրսների։ Գլխավոր հարցն այս պահին հետևյալն է՝ ԱՄՆ-ն կավելացնի՞ աջակցությունն Ուկրաինային և ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, թե՞ Թրամփը, այնուամենայնիվ, կշարունակի Ռուսաստանին սիրաշահելու և գայթակղելու միջոցով պատերազմը գոնե սառեցնելու փորձերը։ Երկու դեպքում էլ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դեռևս հեռու է և անորոշ։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037