Հայաստանում քաղաքական արժեքները․ ապացույցներ «Կովկասյան բարոմետրից» և համաշխարհային արժեքների հարցումից (World value survey)

հեղ․ RCSP

(ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

Ներածություն. ընդհանուր համատեքստ

Այս աշխատանքում փորձ է արվելու համակարգված և ընդհանրական ներկայացնել հայաստանյան հասարակության վերջին հինգ տարվա քաղաքական արժեքները, դրանց բազմազանությունը, հիմնական ուղղությունները և, մասամբ, զարգացման դինամիկան։ Այդ նպատակի իրականացման համար հիմք են ընդունվելու 2024 թվականի «Կովկասյան բարոմետրի»[i] և 2021 թվականի համաշխարհային արժեքների հարցման[ii] (հետայսու՝ ՀԱՀ) տվյալները։ Այս թեմայի առաջին մասով անդրադարձն ու շեշտը կլինի արժեքների և ՀԱՀ-ի արդյունքների ընդհանուր նկարագիրը և դրա ազդեցությունը Հայաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտների վրա։ «Կովկասյան բարոմետրի» և ՀԱՀ-ի արդյունքների, հարցման տվյալների հետաքրքիր դետալների և տեղաշարժերի մասնավոր անդրադարձը կլինի այս թեմայի երկրորդ մասում։

            «Կովկասյան բարոմետրը» Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) արտադրանքն է, որն ի սկզբանե՝ 2008 թվականից, անցկացվում էր կովկասյան երեք հանրապետություններում՝ հարցումների միջոցով երեք երկրներում պարզելու սոցիալական, տնտեսական, քաղաքական ընկալումներն ու արժեքները։ Ադրբեջանում 2013 թվականից հետո հարցումներ չեն իրականացվել։ Հարցումները մշակված են ընդհանուր տրամաբանությամբ, սակայն երկրի առանձնահատկությունները, օրակարգային հարցերը նույնպես հաշվի են առնված։ Սա արժեքավոր է այն իմաստով, որ հնարավորություն է տալիս իմանալ երկրի կարևոր հարցերի մասին հասարակության պատկերացումները, ինչպես նաև ընդհանուր հարցերում համեմատական անցկացնել երկու երկրների՝ Հայաստանի և Վրաստանի հասարակությունների միջև։ Վերջինս, սակայն, այս աշխատանքում չի դիտարկվի։

            Ինչ վերաբերվում է ՀԱՀ-ին, այն անցկացվում է աշխարհի բոլոր երկրներում ստանդարտացված հարցաշարով, ինչը, գուցե, հասարակության մասնավոր, օրակարգային հարցերին չի անդրադառնում, սակայն լայն հնարավորություն է տալիս ընդլայնված պատկերում տեսնել և համեմատել հասարակության արժեքներն աշխարհում։ Հարկ է ընդգծել, որ հարցումները ծախսատար են և անցկացվում են որոշակի պարբերականությամբ, այն էլ՝ բավարար ռեսուրսների պարագայում։ Հայաստանում 2021-ից առաջ ՀԱՀ-ն անց էր կացվել 2011 և 1997 թվականներին։

2021 թվականի ՀԱՀ-ը նույնպես իրականացվել է ՀՌԿԿ կողմից։ Հաշվի առնելով ՀՌԿԿ-ի փորձառությունն ու արհեստավարժությունը, ուսումնասիրության մեթոդաբանական խստությունը, ընտրանքի ձևավորումը, կարելի է հետազոտության արդյունքները արժանահավատ և ներկայացուցչական համարել ողջ հասարակության համար։

Հայաստանի արժեքները աշխարհի մշակութային քարտեզում

Բոլոր երկրների՝ ՀԱՀ-ից ստացված արդյունքները կոդավորվում են և պատկերվում աշխարհի մշակութային քարտեզում, որում արտացոլված են երկու արժեքային հարթություն՝ ավանդական/աշխարհիկ-ռացիոնալ և գոյատևման/ ինքնարտահայտման հարթությունները։

Երկրների հարցման արդյունքները չափվում են վերոնշյալ երկու հարթությունների համատեքստում։ Համաձայն մեթոդաբանության՝ ավանդական արժեքները ընդգծում են կրոնի, ծնող-երեխա կապերի, հեղինակություններին ենթարկվելու և ավանդական ընտանեկան արժեքների կարևորությունը։ Այս արժեքներն ընդունող մարդիկ դեմ են արտահայտվում ամուսնալուծությանը, աբորտին, էվտանազիային և ինքնասպանությանը։ Նման հասարակություններում բարձր է ազգային հպարտության մակարդակը, և նկատվում է ազգայնական մտածողություն։ Աշխարհիկ-ռացիոնալ արժեքներով հասարակություններն ունեն հակառակ նախընտրությունները՝ համեմատած ավանդական արժեքների հետ։ Նման հասարակությունները քիչ կարևորություն են տալիս կրոնին, ավանդական ընտանեկան արժեքներին և հեղինակություններին։

Ինչ վերաբերում է երկրորդ հարթությանը՝ գոյատևման արժեքներին, դրանք կարևորում են տնտեսական և ֆիզիկական անվտանգությունը։ Դրանք կապվում են համեմատաբար էթնոցենտրիկ մտածողության, ինչպես նաև՝ ցածր վստահության և հանդուրժողականության մակարդակի հետ։ Ինքնարտահայտման արժեքները առաջնահերթություն են տալիս շրջակա միջավայրի պահպանությանը, օտարերկրացիների, սեռական փոքրամասնությունների, գենդերային հավասարության նկատմամբ հանդուրժողականությանը, ինչպես նաև տնտեսական և քաղաքական կյանքի որոշումների կայացման մեջ մասնակցության պահանջի աճին։

2023 թվականի մշակութային քարտեզն ունի հետևյալ տեսքը։

Հայաստանը քարտեզում գտնվում է ուղղափառ Եվրոպայի ենթախմբի ներքո (կարմիրով)։ Կարող ենք տեսնել, որ արժեքներով բավական մոտ է գտնվում աֆրիկյան-իսլամական ենթախմբին։ Քարտեզում կարող ենք տեսնել նաև, որ Վրաստանը, չնայած նույն ուղղափառ Եվրոպայի ենթախմբում լինելուն, վերջին տարիների արդյունքներով արժեքային իմաստով շատ ավելի մոտ է աֆրիկյան-իսլամական հասարակություններին, մասնավորապես, ավանդական արժեքներով պայմանավորված։ Տեսնում ենք, որ Հայաստանը մոտ է Ղազախստանին, որն էլ իր հերթին է շեղվել աֆրիկյան-իսլամական ենթախմբից և մերձեցել ուղղափառ Եվրոպային։ Մոտ է նաև Ռումինիային, Բոսնիային և Ադրբեջանին։ Վերջինիս մասով կարևոր է ընդգծել, որ քարտեզը պատկերում է 2005-2023 թվականների ընթացքում ամենավերջին հարցումների արդյունքները, ինչն Ադրբեջանի դեպքում 2011 թվականն էր։

            Հայաստանյան հասարակությունում, կարելի է ասել, գերակշռում են գոյատևման արժեքները, ինչը, բնականաբար, փոխկապակցված է երիտասարդ պետականության, սոցիալ-տնտեսական բարդությունների և, որ գուցե ամենակարևորն է, երեսուն տարուց ավել ձգվող արտաքին վտանգների առկայության հետ։ Եվ եթե Հայաստանում գերակշռող գոյատևման արժեքները 1997 թվականի[iii] նկատմամբ աննշան փոփոխություն են կրել դեպի ինքնարտահայտում՝ 2011-ին[iv], ապա 2011-ի և 2021-ի համեմատությամբ այս հարթությունում էական փոփոխություններ առկա չեն։  

Ինչ վերաբերում է ավանդական/ աշխարհիկ-ռացիոնալ արժեքների հարթությանը, Հայաստանը ներկայումս գտնվում է այդ տիրույթի միջանկյալ հատվածում՝ փոքր-ինչ հարելով ավանդական արժեքներին։ Այս մասով նախորդ գնահատումների համեմատ, հայաստանյան հասարակությունը որոշակի դինամիկա է ցուցաբերում ավանդական արժեքային համակարգից դեպի աշխարհիկ-ռացիոնալ արժեհամակարգ։

            Այս աշխատանքում չենք փորձի դարերով բաց հայեցակարգային քննարկման մեջ մտնել, թե ինչ է արժեհամակարգը, արդյոք արժեհամակարգն ու մշակույթն են ձևավորում սոցիալ-տնտեսական հարաբերությունները (վեբերյան մոտեցում[v]), թե՞, ընդհակառակն, օբյեկտիվ կառուցվածքային գործոններն են նպաստում արժեհամակարգի և մշակույթի ձևավորմանն ու փոփոխություններին (մարքսիստական մոտեցում[vi])։ Այդուամենայնիվ, վերոնկարագրյալ արժեհամակարգը փոխկապակցված է հասարակության սոցիալ-տնտեսական և քաղաքական իրականության հետ և կիրառական ազդեցություն ունի։

Այսպիսով, Աճեմօղլուն պնդում է[vii], որ սոցիալական ցածր մոբիլության պայմաններում միջին և ցածր խավի ծնողները սերունդներում ենթարկվելու, հեղինակությունները հարգելու և կանոններին հետևելու արժեքներ են սերմանում, որոնք էլ հետագայում պարգևատրվում են։ Միևնույն ժամանակ, ինքնարտահայտման, ինքնուրույնության և ստեղծագործական արժեքներով դաստիարակված սերունդները հակված են ձեռնարկատիրության և փոփոխությունների։ Սակայն ոչ բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրում ինքնուրույնության և ստեղծագործական արժեհամակարգը կարող են պատժելի լինել։ Աճեմօղլուն իր դատողությունները տարածում է նաև քաղաքական հարթության վրա՝ նշելով, որ ենթարկվելու, հեղինակություններ հարգելու արժեհամակարգը ազդում է ցածր քաղաքական և քաղաքացիական մասնակցության և ակտիվության վրա։

Աճեմօղլուի ենթարկվելու և ինքնուրույնության արժեքները կարելի է զուգահեռել ՀԱՀ-ի ավանդական և աշխարհիկ-ռացիոնալ արժեհամակարգերի հետ։ Որպես փաստական ապացույցներ՝ կարելի է ներկայացնել Հայաստանում ժողովրդավարացման[viii] և ավանդական արժեքների փոփոխության դինամիկան։ Մեկ այլ կարևոր փաստարկ, որն արտացոլում է արժեքային համակարգի փոխկապակցվածությունը հասարակության սոցիալ-տնտեսական գործունեության հետ, ձեռնարկատիրության մոտիվացիայի վերաբերյալ տվյալներն են։ Հայաստանում հարցված[ix] ձեռնարկատերերի 79%-ն իր գործունեությունը սկսել է ստիպված՝ աշխատատեղերի սղության պատճառով, ոչ թե նպատակաուղղված ու փոփոխություն բերելու մոտիվով։ Սա հատկապես կապակցված է հայ հասարակության գոյատևման արժեքների գերակշռությանն՝ ի համեմատ ինքնարտահայտման արժեհամակարգի։  Այս հանգամանքը էական է նրանով, որ ձեռնարկատիրության մեջ ստեղծագործական և վերափոխման ցածր պահանջը բացասական է ազդում տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսական զարգացման, մարդկային կապիտալի իրացման և, ըստ այդմ, դրա արտահոսքի, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական ներգրավման և իրավագիտակցության վրա։

Եզրակացություն

Ամփոփելով թեմայի առաջին մասը՝ կարևոր է ընդգծել հետևյալ դիտարկումները․ ժողովրդավարությունը, տնտեսական բարեկեցությունն ու արդյունավետ կառավարումը փոխկապակցված են հասարակության արժեքների հետ։ «Կովկասյան բարոմետրն» ու ՀԱՀ-ը համակարգված և փաստահեն պատկեր են ներկայացնում հայ հասարակության արժեհամակարգի վերաբերյալ։ Հետևաբար, այս տվյալները կարող են որոշում կայացնողների համար հանդիսանալ թե որպես ելակետ կիրառական դաշտում՝ հանրային քաղաքականության մշակման և իրացման տեսանկյունից, և թե որպես ուղենիշ՝ հասարակության արժեհամակարգի փոփոխման հրամայականների տեսանկյունից։ Իսկ հարցումների առանձին օրակարգային, հետաքրքական արդյունքներին և դինամիկային կանդրադառնանք թեմայի երկրորդ մասում։

Տիգրան Մուղնեցյան


[i] https://caucasusbarometer.org/am/cb2024am/codebook/

[ii] https://www.worldvaluessurvey.org/WVSDocumentationWV7.jsp

[iii] https://www.worldvaluessurvey.org/images/Cultural_map_WVS4_1996.jpg

[iv] https://www.worldvaluessurvey.org/images/Culture_Map_2017_conclusive.png

[v] Weber, M., & Kalberg, S. (2013). The Protestant ethic and the spirit of capitalism. Routledge.

[vi] Marx, K. (1859). Preface to a Contribution to the Critique of Political Economy. The Marx-Engels Reader2, 3-6.

[vii] Acemoglu, D. (2022). Obedience in the labour market and social mobility: a socioeconomic approach. Economica89, S2-S37.

[viii] https://rcsp.am/entry/6545/hayastanum-joxovrdavarutyan-zargacman-gorconnern-u-herankarnery/

[ix] https://www.facebook.com/photo?fbid=1322811989847656&set=a.531657652296431

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037