Տարածաշրջանային գործընթացներն ու ռուսական հիբրիդային սպառնալիքները

հեղ․ RCSP

Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատելու նպատակով կարևոր է դրանք համադրել նաև Հայաստանի և հարևան երկրների շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ։ Տարածաշրջանի նկատմամբ ավելի ու ավելի նկատելի են դառնում միջազգային հարաբերություններում առկա միտումները։ Թրամփի վերադարձից 6 ամիս անց ԱՄՆ քաղաքականությունը սկսում է կայունացման միտումներ դրսևորել, իսկ մյուս դերակատարները փորձում են, իրենց շահերի համաձայն, ներգրավվել Հարավային Կովկասում։ Նման իրավիճակում Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցության մնացորդները՝ այդ նպատակով Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում գործի դնելով և՛ ավանդական, և՛ նոր տեխնոլոգիաներ։

ՌԴ ներգրավվածության փորձերը ՀՀ իշխանություններում և Հայ առաքելական եկեղեցում բարձր պաշտոններ զբաղեցնողների միջև հակասության շուրջ

Հայաստանում մեծ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործընթացները գնահատվում են որպես քաղաքական դաշտում դերակատարում ստանձնելու և քաղաքական կապիտալ կուտակելու հնարավորություններ։ 2018թ․ դա թավշյա հեղափոխությունն էր, 2020թ․՝ պատերազմը, 2021 և 2022թթ․՝ Արցախը «փրկելը» և Հայաստանի օկուպացված տարածքներն ազատագրելը, 2023թ․՝ Արցախի էթնիկ զտումը, 2024թ․՝ Տավուշի մի քանի գյուղերի սահմանազատման և սահմանագծման գործընթացները։ 2025թ․ նման առիթ է դարձել իշխանությունների և եկեղեցու վերնախավի միջև հակասությունը։ Այս խնդրի շուրջ կոնսոլիդացվել է և փորձում է ազդեցություն գործել ոչ միայն ՀՀ արմատական ընդդիմությունը, այլև ռուսաստանցի քաղաքական գործիչների, փորձագետների, լրագրողների, նույնիսկ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների մի բազմություն։ Ավելին, տարիներ առաջ Վրաստանում հաջողությամբ իրականացված «Իվանիշվիլի» օպերացիան, որը ներդրվեց Սաակաշվիլու կողմից ազատականացված քաղաքական դաշտում և հաջողությամբ վիժեցրեց Վրաստանի եվրաինտեգրման փորձերը, Մոսկվայում գնահատվեց որպես գործողությունների հաջողված օրինակ։ Այս օրինակն ընդօրինակելու և Հայաստանում ևս ռուսական ազդեցությունը չկորցնելու նպատակով Ռուսաստանից Հայաստան գործուղվեց հայկական արմատներով ռուս մեծահարուստ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Վերջինս անմիջապես անցավ իր «պարտականությունների կատարմանը»՝ հայտարարելով, թե «մի փոքր խմբակ հարձակում է գործել Հայ առաքելական եկեղեցու վրա, և եթե քաղաքական դաշտում այդ հարցը չլուծվի, իրենք խնդրի լուծմանը կմասնակցեն իրենց ձևերով»։ Սակայն այս հայտարարությունը ՀՀ իշխանությունները գնահատեցին որպես անօրինական սպառնալիք, որի հետևանքը դարձավ Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու» մեղադրանքով։ Միաժամանակ, Ազգային ժողովում սկսվեց ՀԷՑ պետականացման հիմքեր ձևավորող օրենքի քննարկումը, որն, ի դեպ, քննարկվում էր դեռ նշված դեպքից շատ առաջ և ավարտվեց հուլիսի 3-ին օրենքի ընդունմամբ։ Սամվել Կարապետյանը սկսեց կալանավայրից ընդդիմադիր քաղաքական-գաղափարախոսական հաղորդագրություններ հրապարակել, որոնց հիմնական շեշտադրումը վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և «հիմնական դաշնակցի»՝ Ռուսաստանի նկատմամբ սխալ վարքագծին։ Հարկ է ուշադրություն դարձնել, որ «եկեղեցու» թեման այդ հաղորդագրություններում գրեթե չի հիշատակվում։ Ռուսաստանում Կարապետյանի կալանավորումը գնահատեցին որպես «իրենց քաղաքացու նկատմամբ անօրինական գործողություն», իսկ ՌԴ պետդումայի իշխող խմբակցության պատգամավոր Կ. Զատուլինը հայտարարեց, թե «Սամվել Կարապետյանը կդառնա հայ ժողովրդի առաջնորդը»։

Ահաբեկչության միջոցով հեղաշրջման պլանի բացահայտումը և Ռուսաստանի դիրքորոշումը

2025թ․ հունիսի 24-ին Civic.am լրատվականը հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ նկարագրված էր Հայաստանում հեղաշրջում իրականացնելու մանրամասն պլան։ Ըստ այդ պլանի՝ 3 ամսվա ընթացքում արմատական ընդդիմադիրները պետք է գործեին հասարակության նկատմամբ ներազդման և իշխանությունների գործողությունների վերաբերյալ անվստահության աստիճանական ավելացման ճանապարհով։ Պլանի մի քանի հատվածում գրված էր «ռուսական կողմի ներկայացուցչի» և «ռուսաստանաբնակ հայկական սփյուռքի ներկայացուցչի» մասնակցության անհրաժեշտության մասին։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ գործողությունները պետք է հանգուցալուծվեին  սեպտեմբերի 20-21-ին, երբ նախապես ծրագրավորված էմոցիոնալ ու քաոտիկ ֆոնին, ընդդիմադիր լիդերներից մեկի կոչով, ժողովուրդը պետք է դուրս գար փողոց և հեղափոխություն իրականացներ։

Անմիջապես հաջորդ օրը՝ հունիսի 25-ին քննչական կոմիտեն հրապարակեց հոգևորական Տեր Բագրատ Գալստանյանի «Սրբազան» կոչվող շարժման մասնակիցների և հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնցից առերևույթ տպավորություն է ստեղծվում, որ այս մարդիկ իշխանության զավթման նպատակով պլանավորել էին կազմակերպել ահաբեկչության փորձ։ Հետագա օրերին հայտնի դարձավ նաև այլ անձանց ակտիվ ներգրավվածության մասին։ Հրապարակված ձայնագրություններում խոսք էր գնում մի քանիսին «պատի տակ գյուլլելու», «խանութների ապակիներ կոտրելու և մեքենաներ վառելու», «տրոլեյբուսի լարեր կտրելու», «կառավարական կայքեր կոտրելու և թունելներ պայթեցնելու» մասին և այլն։ Միևնույն ժամանակ, քաղաքի փողոցներում պիտի «մի 10 մեքենա ԱՊՊԱ արվեր, որից հետո մեծ խցանում կառաջանար և մարդկանց կարիք այլևս չէր լինի»։ Հրապարակումներում նաև խոսք է գնում նախկին զինվորականների, ոստիկանների, «լուրջ տղերքի» ներգրավման մասին, որոնք, ըստ զրուցակիցների, պատրաստ են գործողությունների դիմել։ Այս հրապարակումներին հետևեցին մի շարք ձերբակալություններ, որոնցից մեկը՝ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի կալանավորումը, մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ Աջապահյանը մեկնել էր Էջմիածին և պատսպարվել Մայր աթոռում։

            Ռուսական մեդիա և փորձագիտական շրջանակներն սկսեցին ակտիվ կերպով ՀՀ իշխանություններին մեղադրել «ընդդիմության և եկեղեցու դեմ հարձակումների» մեջ։ Սակայն պաշտոնական Մոսկվան հիմնականում նշում էր, թե տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է, իսկ իրենք միայն «ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը»։ Ուշադրության է արժանի ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի խոսքը, որտեղ նա փաստացի խախտում է միջազգային հարաբերությունների էթիկայի նորմերը՝ տեղի ունեցող իրադարձությունները բնութագրելով ՀՀ արմատական ընդդիմադիրների տեսանկյունից։ Ի պատասխան նման վարքագծի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Լավրովին կոչ արեց չխառնվել ՀՀ ներքին գործերին։

Ռուսաստան — Ադրբեջան հարաբերությունների սրումը

Նկարագրված իրադարձություններին զուգահեռ, կտրուկ սրվեցին ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Հիմնական առիթ հանդիսացավ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահների օպերացիան, որի հետևանքով սպանվեցին մաֆիայի հետ կապերի մեջ մեղադրվող երկու ադրբեջանցի եղբայրներ։ Դրանից հետո դիվանագիտական ճգնաժամ սկսվեց, որն ուղեկցվում էր փոխադարձ հայտարարություններով, այցերի և Ադրբեջանում ռուսական մշակութային միջոցառումների չեղարկմամբ։ Բացի այդ, Ադրբեջանում ձերբակալվեցին և դաժան ծեծի ենթարկվեցին ռուսական լրատվականներից մեկի աշխատակիցներ, որոնք մեղադրվեցին Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։ Իսկ ՌԴ ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին կոչ արեց զգուշություն հանդես բերել Ադրբեջան այցելելիս։

            Կարևոր է նկատել, որ, ի տարբերություն Հայաստանի արմատական ընդդիմության և Ռուսաստանում բնակվող, հայկական արմատներով անձանց, ռուս-ադրբեջանական հակասության պայմաններում հանրային ճանաչում ունեցող որևէ ադրբեջանցի հանդես չեկավ Ռուսաստանի օգտին՝ ընդդեմ սեփական իշխանությունների։ Եվ եթե ադրբեջանաբնակների դեպքում խնդիրը կարող է լինել նրանում, որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, որտեղ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները ազատ չեն իրենց գործողություններում, իսկ համարձակները սովորաբար հայտնվում են բանտում, ապա այլ երկրներում և, հատկապես, Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների դեպքում այդ իրողությունը կարող է բացատրվել բացառապես Ադրբեջանի շահերի գերակայությանը հավատարմության գիտակցության առկայությամբ, նույնիսկ՝ ընդդեմ Ռուսաստանի շահերի։

Տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ նոր տեղեկությունների բացահայտումը և Ռուսաստանի գործողությունների հավանական պատճառները

2025թ․ հուլիսի 2-ին Քարնեգի հիմնադրամի էջում՝ օտարերկրացի մի փորձագետի անունից, և առանձին՝ Middle East eye լրատվականում, տեղեկություններ հրապարակվեցին առ այն, որ ԱՄՆ կողմից եղել է Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան կապի ապահովման վերաբերյալ առաջարկություն, իսկ երկու երկրների ղեկավարներն առաջիկայում հանդիպում կունենան Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս տեղեկությունները եկան լրացնելու նկարագրված իրադարձություններում բացակայող տրամաբանական կապվածության օղակը։ Մի կողմից, մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ առաջարկներում Ռուսաստանի շահերը հաշվառված չեն, և դրանցում կենտրոնացումը դրված է հայ-ադրբեջանական կոմպրոմիսի վրա, ինչը կարող էր հիմք հանդիսանալ Ռուսաստանի կողմից տարբեր ուղղություններով այդ ծրագրերը խափանելու գործողություններ իրականացնելու համար, մյուս կողմից, բարձրագույն մակարդակով հանդիպման հնարավորությունը կարող է ավելի առաջ տանել առանց այն էլ բավականաչափ ավտոնոմ դարձած հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Գործընթաց, որի վրա Ռուսաստանն այս պահին ուղիղ ներազդելու լծակներ, կարծես թե, չունի։ Հայաստանի դեպքում այդ ուղղությունները ներառում են հիբրիդային գործողություններ՝ ՀՀ ներսում ռուսական ազդեցության քաղաքական ուժերի, ռուսաստանաբնակ հայերի գործուղումների, հեղաշրջման փորձերի, հնարավոր տնտեսական գործիքների միջոցով։ Ադրբեջանի նկատմամբ գործիքակազմն այդքան խայտաբղետ չէ՝ հաշվի առնելով ավտորիտար վարչակարգն ու թուրքական գործոնը։ Սակայն, բոլոր դեպքերում, գործողությունները զուգահեռվում են՝ որևէ ուղղությամբ հաջողության հասնելու դեպքում ընդհանուր հաջողության հավանականությունը մեծացնելու նկատառումներով։

Ամփոփում

Տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը մնում է նույնը՝ փորձել հնարավորինս վերականգնել մինչև 2020թ․ ունեցած ազդեցության ծավալը և պահել Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններն իր ազդեցության ուղեծրում, իսկ նվազագույնը՝ ոչ մի դեպքում թույլ չտալ Հարավային Կովկասի երեք պետությունների միջև ու ներսում կոնֆլիկտների կարգավորումներ։ Այդ նպատակի իրականացման համար գործի են դրվում Ռուսաստանի գործիքակազմում առկա բոլոր միջոցները՝ հիբրիդային և պրոքսի գործողություններից մինչև բացահայտ սպառնալիքներ, շանտաժ, ահաբեկչություն և այլն։ Այս իրավիճակին դիմագրավելու՝ Ադրբեջանի և Վրաստանի հնարավորություններն առաջին հերթին այդ երկրների խնդիրներն են։ Սակայն Հայաստանն իրավունք չունի վտանգել մեծ զոհողությունների գնով ձեռք բերված ժողովրդավարական համակարգն ու պետականության ամրապնդման գործընթացը։ Հետևաբար, Հայաստանի իշխանությունները պարտավոր են ձեռնարկել վիրահատական միջոցառումներ՝ Հայաստանում հակաօրինական գործողությունների կանխման, Ռուսաստանից ազդեցությունները նվազեցնելու, դիմադրողականության ավելացման և անվտանգային համակարգի շարունակական բարելավման ուղղությամբ։ Այս թեմայով մեր առաջարկությունները բավական մանրամասն նշված են «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» համատեղ աշխատության մեջ։ Մյուս կողմից, եթե տեղեկություններն ԱՄԷ-ում բարձրագույն մակարդակով հանդիպման մասին ճիշտ են, ապա թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պիտի, հատկապես հիմա, շահագրգռված լինեն կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցել։

Արեգ Քոչինյան

Ռոբերտ Ղևոնդյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037