Ներածություն․ Հայաստանում քաղաքական բևեռացվածությունը
Վերջին տարիներին քաղաքագիտությունում աճում է քաղաքական բևեռացվածության հանդեպ ուշադրությունը, ավելանում են դրա վերաբերյալ ուսումնասիրությունները։ Սա բնական արձագանք է ԱՄՆ-ում և, որոշակիորեն, Եվրոպայում քաղաքական իրադարձությունների և փոփոխվող տրամադրությունների։ Ուսումնասիրություններն ընդգծում են, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում կուսակցությունները գաղափարական հարթությունում ավելի են միմյանցից հեռանում և զբաղեցնում հակադիր դիրքեր[i][ii]։ Նույնանման միտումներ եվրոպական տարածությունում էլ կան, որտեղ հանրային վստահությունը քաղաքական ավանդական ինստիտուտների նկատմամբ նվազում է, ինչը հանգեցնում է առավել ծայրահեղական տրամադրությունների[iii]։ Գաղափարական հակադրությունները տեղափոխվում են նաև խորհրդարան, որտեղ բևեռացվածությունը արտահայտվում է համագործակցության ցածր մակարդակով, հակադիր քվեարկություններով։
Բևեռացվածությունը փոխկապակցված է նաև պոպուլիզմի լայն տարածման հետ, որը շատ դեպքերում խորքային, երկարաժամկետ սոցիալական երևույթների տրանսֆորմացիայի հետևանք է[iv]։ Բևեռացվածության աճը, քաղաքական դաշտում թշնամական դիրքավորումը որոշ դեպքերում մաշեցնում են առանց այդ էլ թույլ, չկայացած ժողովրդավարական ընթացակարգերը[v]։ Իհարկե, բևեռացվածությունն իր դրական կողմերը ևս ունի՝ կուսակցական խմբերի մոբիլիզացիա, առավել հաշվետու կեցվածք ընտրողների նկատմամբ, ընտրողների առջև հստակ գաղափարական դիրքավորում։ Չնայած՝ քաղաքական բևեռացվածությունը խորքային սոցիալական երևույթների արձագանք է, սակայն, միևնույն ժամանակ, կուսակցություններն ու քաղաքական գործիչները ևս օգտվում ու բորբոքում են ծայրահեղական տրամադրություններ, փորձելով առավելագույնը քաղել դրանցից։ Դրան որոշակիորեն նպաստում են նաև սոցիալական մեդիայի ալգորիթմները, որոնք ավելի տեսանելի են դարձնում թշնամական, սուր էմոցիոնալ դիսկուրսն ու արձագանքները։ Արդյունքում, միջանկյալ դիրքորոշումները քիչ են շրջանառվում, լսարան չեն ստանում և, ըստ այդմ, բոլոր կողմերից անտեսվում են։
Հայաստանում քաղաքական և սոցիալական գործընթացները ևս հեռու չեն վերոնշյալ օրինաչափություններից։ Նախորդ աշխատանքներում ներկայացրել էինք Հայաստանում վստահության և բևեռացվածության վերաբերյալ միտումները[vi]։ Կուսակցական գաղափարական դաշտում այդ հակադրությունները սուր արտահայտված չեն[vii]։ Սրանից երկու կարևոր հետևություն կարելի է անել․ կամ գաղափարական դաշտի ուսումնասիրության գործիքակազմը ամբողջական չէ, ինչի հետևանքով պատկերը աղճատված է ստացվում, կամ էլ, իրականում, կուսակցությունների՝ ծայրահեղ դիրքերից հանդես գալը քաղաքական մարտավարության մաս է կազմում։ Հատկանշական է, որ այդ երկու նկարագրված տարբերակները իրար չեն բացառում։ Այդ մարտավարությանը նպաստում են նաև ընտրական կանոնները, որոնք խրախուսում են ծայրահեղ դիրքորոշումները, ոչ համագործակցային մարտավարությունները և քաղաքական դաշտում առանձին դիրքավորումը[viii]։
Հանրային, հետազոտական խոսույթում տարածված է այն գաղափարը, որ հայաստանյան քաղաքական դաշտը բևեռացված է, և այդ բևեռացվածությունը արտահայտվում է հատկապես խորհրդարանում։ Այս աշխատանքում փորձ կարվի գնահատել բևեռացվածությունը Ազգային Ժողովում։
Կուսակցական բևեռացվածությունը Ազգային Ժողովում
Քաղաքագիտության մեջ առկա են բևեռացվածության չափման մի քանի մոդել։ Երբեմն չափում են գաղափարական հարցերի ծրագրային դիրքորոշումները, իսկ այլ դեպքերում այդ դիրքորոշումները չափում են ըստ օրենսդրական հարցերի կուսակցական քվեարկությունների։ Այս աշխատանքում մենք կօգտագործենք այն մոդելը, որը կենտրոնանում է կուսակցությունների քվեարկությունների վարքագծի վրա՝ անկախ բովանդակային կողմից, թե ինչու և ինչին են քվեարկում։ Հետազոտության համար կդիտարկենք ներկայիս 8-րդ գումարման խորհրդարանի խմբակցությունների քվեարկությունները։ Հաշվի առնելով, որ օրենսդրական քվեարկությունները մեծածավալ տվյալներ են ներառում, հետազոտության շրջանակը կնեղացնենք հետևյալով։ Ուսումնասիրության համար կդիտարկենք սահմանադրական օրենքների նախագծերի քվեարկությունները 8-րդ գումարման խորհրդարանում։ Սահմանադրական օրենքներն են Ազգային ժողովի կանոնակարգը, ընտրական օրենսգիրքը, դատական օրենսգիրքը, Սահմանադրական դատարանի մասին օրենքը, հանրաքվեի մասին օրենքը, կուսակցությունների մասին օրենքը և մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը։ Սրանք ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ ի տարբերություն օրենքների ընդունման համար ձայների մեծամասնության պահանջի։ Այսպիսով, հենց սահմանադրությունն է ընդգծել այս իրավակարգավորումների առավել կարևորությունը և ընդունման համար համագործակցային որոշակի պահանջը։
8-րդ գումարման խորհրդարանը մինչ այս պահը 73 սահմանադրական օրենքի նախագիծ է հաստատել։ Դրանք մեծամասամբ խմբավորված են եղել մեկ հարցով և քվեարկվել են փաթեթներով։ Ըստ խմբակցությունների՝ պատահականության սկզբունքով դիտարկվել են 10 փաթեթի քվեարկությունները։ Հաշվարկային մոդելը դիտարկում է, թե խմբակցությունները ինչ հարաբերակցությամբ են կողմ քվեարկում և հաշվարկում դրանց միջև տարբերությունը։ Օրինակ, ՔՊ խմբակցության 71 անդամից 71-ը եթե կողմ է քվեարկել (հարաբերակցությունը՝ 1), իսկ «Հայաստան» խմբակցության 29 անդամից 29-ը՝ դեմ (հարաբերակցությունը՝ 0), ապա այդ երկուսի տարբերությունը հավասարվում է՝ 1-0 = 1-ի, ինչը վկայում է բարձր բևեռացվածության մասին։ Միաժամանակ, նաև այդ նախագծերի քվեարկությունները հաշվի առնելով, դիտարկվել է խմբակցությունների ներքին միասնությունը, որը հաշվարկվում է հետևյալ կերպ. մի խմբակցության քվեարկության կողմ և դեմ ձայների տարբերությունը՝ բաժանած քվեարկողների թվի վրա։ Հետևաբար, որքան մոտ է արդյունքը 1-ին, այնքան միասնական է խմբակցությունը, և՝ հակառակը։
Հաշվարկի տեսանկյունից կարևոր են երկու հետևյալ նկատառումները։ Նախ, քվեարկությունից բացակայությունները հաշվի չեն առնվել հաշվարկներում, եթե գրավոր կերպով իրենց քվեարկության մասին չեն տեղեկացրել, իսկ չեզոք քվեարկությունները՝ կախված խմբակցության մեծամասնության դիրքորոշումից, համարվել են հակադիր, այսինքն, եթե մեծամասնությունը կողմ է, ձեռնպահը դիտարկվել է որպես դեմ, և՝ հակառակը։ Երկրորդ հերթին կարևոր է հաշվի առնել, որ այս ընթացքում խմբակցություններից պատգամավորներ են դուրս եկել, որոնք իրենց գործունեությունը շարունակում են որպես անկախ պատգամավոր։ Նրանց քվեարկությունները դիտարկվել են միայն շեղումների դեպքում։
Արդյունքներ
Դիտարկված 10 սահմանադրական հարցերի քվեարկությունները հետևյալ պատկերն ունեն։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ոչ ոք, անգամ՝ խմբակցությունը լքած և անկախ դարձած պատգամավորները, դեմ չի քվեարկել որևէ հարցի։ Սա ընդգծում է կուսակցական միասնության բարձր ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, դիտարկված 10 դեպքից միայն երկուսում է, որ ոչ իշխանական պատգամավորը իշխանական խմբակցությանը համահունչ է քվեարկել։ Երկու դեպքում էլ խոսքը «Պատիվ ունեմ»-ից առանձնացած Իշխան Զաքարյանի մասին է։ Վերջինիս պատճառով դաշինքի միասնականության ցուցանիշը 1-ից ցածր է։
Հատկանշական է, որ դիտարկված 10 դեպքից 3-ում են միայն արձանագրվել դեմ քվեարկություններ, մնացած 7-ում խմբակցության՝ դեմ քվեարկող պատգամավորները կամ բացակայել են, կամ ձեռնպահ են եղել։ Դիտարկված հարցերի քվեարկություններում «Հայաստան» խմբակցությունը ևս միասնական մոտեցում է ցուցաբերել և հակադրվել իշխող խմբակցության քվեարկություններին, ինչը ցույց է տալիս բարձր բևեռացվածությունն ու խմբակցության ներքին միասնականությունը։
Եզրակացություն
Տվյալների վերլուծության ամփոփումը ցույց է տալիս, որ 8-րդ գումարման խորհրդարանում, անկախ համեմատությունից, բավական բարձր է բևեռացվածության աստիճանը։ Զուգահեռաբար, հաշվի առնելով քվեարկությունները, բավական բարձր է խորհրդարանական կուսակցությունների միասնականությունը։ Այս հարաբերակցությունը՝ բարձր բևեռացվածություն և բարձր միասնականություն, օրինաչափ է նաև շատ այլ երկրների համար։ Կուսակցությունները մոբիլիզացնում են ներքին ռեսուրսները և արտաքին սուր հակադիր դիրք են ընտրում։ Նման ծայրահեղացված դիրքորոշումը, որը քաղաքական դաշտում կարելի է բնորոշել փոխադարձ «թշնամական», ստեղծում է շրջան, երբ հակառակորդին հակադրվելու համար ավելի շատ ռեսուրսների մոբիլիզացիա է տեղի ունենում։
Այդուամենայնիվ, պետք է նշել, որ այս բևեռացվածությունը, որոշակի իմաստով, նաև ցուցադրական է։ Հաշվի առնելով, որ մեկ խմբակցությունն իր կազմով կարող է ցանկացած օրենք ընդունել և կարիք չունի համագործակցության, մյուս խմբակցություններն էլ, իրենց սկզբունքային դիրքով, իրենց ընտրողների համար մոբիլիզացիայի հարթակ են ստեղծում։ Այդ առումով կապիտալացվում է բևեռացվածությունը և քաղաքական շրջանառության մեջ դրվում ավելի մեծ ծավալով։ Կարելի է կարծել, որ ավելի մասնատված, բազմազան խորհրդարան ունենալու պարագայում ուժերը ստիպված կլինեն գնալ համագործակցության, և բևեռացվածության ծայրահեղացված վիճակը կփոխվի՝ արտահայտելով հասարակական տրամադրությունները։
Տիգրան Մուղնեցյան
[i] Anthony Fowler (2024), “Partisan Constituencies and Congressional Polarization”, Journal of Political Institutions and Political Economy: Vol. 5: No. 3, pp 335-361.
[ii] https://www.pewresearch.org/short-reads/2022/03/10/the-polarization-in-todays-congress-has-roots-that-go-back-decades/?utm_source=chatgpt.com
[iii] Börzel, T. A., Broniecki, P., Hartlapp, M., & Obholzer, L. (2023). Contesting Europe: Eurosceptic dissent and integration polarization in the European Parliament. JCMS: Journal of Common Market Studies, 61(4), 1100-1118.
[iv] Inglehart, R., & Norris, P. (2017). Trump and the populist authoritarian parties: The silent revolution in reverse. Perspectives on Politics, 15(2), 443-454.
[v] Levitsky, S., & Ziblatt, D. (2019). How democracies die. Crown.
[vi] https://rcsp.am/entry/8134/hayastanum-qaxaqakan-arzheqnery-apacuycner-kovkasyan-barometric-yev-hamashxarhayin-arzheqneri-harcumic-2/
[vii] https://rcsp.am/entry/5787/hayastanum-kusakcuthyunneri-gaghapharakan-himkhereh/
[viii] https://rcsp.am/entry/6009/2026-tvakani-yntrutyunneri-hastatvac-xaxi-kanonnery/