Հաղորդակցությունները՝ շահերի բախման և հատման խաչմերուկում

by RCSP

Նախաբան

Վերջին 4 տարում Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ակտիվորեն քննարկվում է, ընդ որում` ամենատարբեր հարթակներում: Բանակցությունների հիմքում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթն է, որի շուրջ կողմերի տարընթերցումները միայն խորացել են: 2024թ. օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնությամբ հաղորդակցություններին վերաբերող հոդվածը հանվել է խաղաղության համաձայնագրի նախագծից և թողնվել է հետագա համաձայնեցման: Սակայն, շաբաթներ անց ՌԴ նախագահի՝ Բաքու պետական այցի արդյունքում թեմայի շուրջ քննարկումները նորից ակտիվացան: Ռուսական կողմը սկսեց բացահայտորեն մեղադրել Հայաստանին՝ Սյունիքի մարզով անցնող հաղորդակցությունների շուրջ պայմանավորվածությունը սաբոտաժի ենթարկելու համար, ինչը բավական լարել է իրավիճակը տարածաշրջանում:

9-րդ կետի տարընթերցումները

Ավելի քան 30 տարի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար ապաշրջափակումն ունի կենսական կարևորություն՝ իր դիմադրունակության և ինքնիշխանության ամրապնդման տեսանկյունից: Երևանն այդ գործընթացում առաջնահերթ է համարում 4 սկզբունք՝ ինքնիշխանություն, իրավազորություն, հավասարություն և փոխադարձություն: Ապաշրջափակման հարցում հայկական կողմը փորձում է նաև ճկունություն  դրսևորել՝ չբացառելով նորարարական լոգիստիկ լուծումների և անգամ առանձին գործառույթների պատվիրակման հնարավորությունը։

Եռակողմ հայտարարության հետ կապված Հայաստանն ընդգծում է, որ խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների մասին է և ոչ թե միայն Սյունիքով անցնող կապուղիների:  Ավելին՝ հենց Հայաստանը պետք է երաշխավորի հաղորդակցության անվտանգությունը, իսկ ՌԴ սահմանապահ ուժերի համար նախատեսված է միայն վերահսկողական գործառույթ։ «Վերահսկողություն» եզրույթի մասով շահարկումների տեղ չթողնելու համար Երևանը հղում է կատարում Վլադիմիր Պուտինի 695 հրամանագրին, որի համաձայն՝ ՌԴ սահմանապահները պետք է ոչ թե ապահովեն անվտանգությունը կամ վերահսկեն փոխադրումները, այլ վերահսկեն Հայաստանի կողմից հաղորդակցության ապահովումը:

Հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում Ադրբեջանը կենտրոնացած է Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի հաստատման վրա: Բաքվի հավակնությունները նոր չեն: Դեռ 90-ականներին ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում Հեյդար Ալիևը փորձել է առաջ տանել Մեղրին Լաչինի հետ փոխանակելու գաղափարը, ինչը կապահովեր կապ Նախիջևանի հետ: 

Այսօր արդեն Բաքուն, հղում կատարելով եռակողմ հայտարարությանը, պահանջում է Նախիջևանի հետ հատուկ կարգավիճակ ունեցող կապ՝ փաստացի կասկածի տակ դնելով դրա նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը: Ըստ Բաքվի՝ Հայաստանը չպետք է մաքսատուրքեր գանձի կամ սահմանային ստուգումներ անցկացնի այդ երթուղիներին։ Նման միջանցքն Ադրբեջանին հնարավորություն կտա ազատվել Իրանից տարանցիկ կախվածությունից, ապահովել կարճ և անխոչընդոտ կապ Նախիջևանի և Թուրքիայի հետ:

Ուշագրավ է, որ միջանցքի պահանջի հետ կապված Բաքվի հռետորաբանությունը փոփոխությունների է ենթարկվել։ Սկզբում հնչում էին բացահայտ սպառնալիքներ, որ եթե հայկական կողմը չտա միջանցք, կվերցնեն ուժով: 2022թ․-ին Ադրբեջանն Իրանի տարածքով նոր ավտոճանապարհի և երկաթուղու կառուցման պայմանավորվածություն ձեռք բերեց: Բաքուն սկսեց հայտարարել, որ ունի այլընտրանքներ և եթե չստանա ցանկալի միջանցքը, Հայաստանը կմնա շրջափակման մեջ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության երրորդ կողմն ունի սեփական շահերը: Մոսկվան պնդում է, որ հենց իր սահմանապահները պետք է վերահսկեն Սյունիքով անցնող հաղորդակցությունները: Ռուսաստանը դա չի համարում հարված Հայաստանի ինքնիշխանությանը՝ հիշեցնելով հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին ռուս սահմանապահների երկարամյա ներկայությունը։

Ռուսական վերահսկողությունը լուրջ և երկարաժամկետ լծակ կարող է դառնալ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ։ Այն Մոսկվային հնարավորություն կտա վերականգնելու տարածաշրջանում իր դիրքերը, որոնք խաթարվել են 44-օրյա պատերազմից և հատկապես՝ ԼՂ հայաթափումից հետո։

Ռուսաստանը դուրս է մնացել նաև մի շարք միջազգային տրանսպորտային նախագծերից և, անշուշտ, շահագրգռված է վերահսկողություն ունենալ Արևելքն Արևմուտքին կապող տրանսպորտային միջանցքի թեկուզ փոքր հատվածի վրա։

Ադրբեջանի համար ռուսական հնարավոր ներկայությունն ընդունելի է, քանի որ դա կթուլացնի Հայաստանի ինքնիշխանությունը և կլեգիտիմացնի իր հավակնությունները։ Բաքվի համար դա միջանկյալ հանգրվան է՝ արտատարածքային միջանցքին հասնելու ճանապարհին։ Լաչինի միջանցքի փորձը բավական խոսուն է:

Հաղորդակցությունների թեման՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային պրիզմայով

Հարավային Կովկասում հաղորդակցությունների հարցը չի վերաբերում միայն Հայաստանին ու Ադրբեջանին և շոշափում է նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի շահեր։ Այն զգայուն է, օրինակ, Իրանի համար։ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր մարտահրավերները, տարածաշրջանում Ադրբեջանի դերակատարման ուժեղացումը Թեհրանին ստիպեցին վերանայել իր քաղաքականությունը։ Ադրբեջանից հնչող միջանցքի պահանջներին զուգահեռ Իրանն ավելի հստակ սկսեց հայտարարել, որ տարածաշրջանում սահմանների վերագծումը, աշխարհաքաղաքական փոփոխություններն անընդունելի են։ Թեհրանը դեմ է  արտահայտվում միջանցքային ցանկացած պահանջի, քանզի դա վտանգում է նաև Հայաստանի հետ իր սահմանը։ Այս առումով բավական խոսուն էին 2022թ․-ին Իրանի անցկացրած աննախադեպ զորավարժությունները՝ Արաքսն անցնելու սցենարների խաղարկմամբ, ինչպես նաև Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը:

Ի տարբերություն Թեհրանի՝ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին, այդ թվում՝ «միջանցքի» հարցում։ Ավելին, վերջին շրջանում, երբ Ադրբեջանը կաշկանդված էր բարձրաձայնել միջանցքի պահանջը, դրա առաջմղումը ստանձնել էր Անկարան։ Նման միջանցքը Թուրքիայի համար տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու, թուրքական աշխարհի գաղափարը նոր հարթություն տեղափոխելու և իր տարանցիկ դերակատարումը մեծացնելու հնարավորություն կտա։

Հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարը հետաքրքրում է նաև ԱՄՆ-ին և Եվրամիությանը, որոնք հարցը դիտարկում են աշխարհաքաղաքական համատեքստում։ Ըստ Վաշինգտոնի և Բրյուսելի՝ Հարավային Կովկասի միջոցով Կենտրոնական Ասիայի երկրները կարող են կապ հաստատել արտաքին աշխարհի հետ՝ շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը բազմիցս պատրաստակամություն են հայտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին ցուցաբերել փորձագիտական, տեխնիկական և ֆինանսական աջակցություն:

Հարավային Կովկասի հաղորդակցությունների շահառուների շարքում է նաև Չինաստանը, որը, սակայն, աչքի չի ընկնում հրապարակային հայտարարություններով։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանափակել են նաև չինացի արտահանողների լոգիստիկ հնարավորությունները: Պեկինն այլընտրանքային երթուղիներ է փնտրում և Միջին միջանցքի նախագիծը բավական գրավիչ է նրա համար։ Վերջին մեկուկես տարում Չինաստանը Վրաստանի և Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերություն է հաստատել, ինչպես նաև ստորագրել է լոգիստիկ գործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր։ Հայ-չինական շփումներն այդ ուղղությամբ համեմատաբար պասիվ են:

Առաջարկներ

Հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում հնարավոր ռիսկերի նվազեցման և հնարավորությունների իրացման նպատակով կարելի է դիտարկել հետևյալ քայլերի նպատակահարմարությունը․

  • ՀՀ-ում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի վերանայում

Հաշվի առնելով, որ Հայաստանի հարավում ՌԴ սահմանապահ ուժերի ներկայությամբ Մոսկվան փորձում է լեգիտիմացնել Սյունիքով հնարավոր հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողության պահանջը՝ անհրաժեշտ է նախ կազմակերպել հայ-իրանական սահմանին համատեղ հայ-ռուսական ծառայություն ու հողի վրա փոխել միայն ռուսական ներկայության պատկերը, ապա հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցով խորհրդակցություններ սկսել։ Անհրաժեշտ է նախապես խորհրդակցություններ անցկացնել նաև Թեհրանի հետ՝ նրա աջակցությունը ստանալու նպատակով։

  • Եռակողմ հայտարարությունից Հայաստանի ստորագրության հետկանչում

Եռակողմ հայտարարության կողմեր հանդիսացող Ռուսաստանը և Ադրբեջանն ակնհայտորեն աղավաղում են դրա բովանդակությունը և փորձում են Հայաստանին զիջումներ պարտադրել՝ շահարկելով այդ փաստաթուղթը: Ուստի նպատակահարմար է հետ կանչել Հայաստանի ստորագրությունը, ինչի համար կան առավել քան բավարար հիմքեր (Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից գրեթե բոլոր դրույթների բացահայտ խախտում, ԼՂ հայաթափում և այլն)։

  • Սյունիքի մարզի ռազմավարական կարևորության մեծացում միջազգային դերակատարների համար

Նպատակահարմար է Սյունիքի մարզի հանքարդյունաբերության ոլորտ արևմտյան ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքներ տանել։ Միևնույն ժամանակ կարևոր է հնարավորինս խստորեն հետևել մարզի ենթակառուցվածքային նախագծերի ժամկետների և որակական պահանջների պահպանմանը։

  • «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջմղում

Անհրաժեշտ է շարունակել միջազգային գործընկերների հետ աշխատանքը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ հնարավորին լայն կոնսոլիդացիա ապահովելու ուղղությամբ: Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել նաև Չինաստանին:

Հեղինակ՝ ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյան

You may also like

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037