ԱՄՆ նախագահի ընտրությունների ընթացքում Դոնալդ Թրամփի խոստումները բազմազան էին, սակայն դրանք բոլորը տեղավորվում էին Միացյալ Նահանգների գերակայության ամրապնդման տրամաբանությունում։ Աշխարհաքաղաքական առումով՝ Թրամփը հանդես էր գալիս որպես խաղաղարար, ով գալիս է աշխարհում պատերազմները կանգնեցնելու և խաղաղություն հաստատելու։ Բացի ռուս-ուկրաինական պատերազմը շատ կարճ ժամկետում դադարեցնելու խոստումից՝ նա խոսում էր նաև նոր պատերազմների անթույլատրելիության մասին։
Օրեր անց կլրանա Թրամփի երկրորդ նախագահության 100 օրը։ Այս ժամկետը ԱՄՆ-ի դեպքում կարևոր է ոչ միայն խորհրդանշական առումով, համաձայն այդ երկրի սահմանադրության՝ նախագահի երդմնակալության կամ նրա կողմից պետության կառավարումը ստանձնելու օրվանից 100 օր անց միայն նրա նկատմամբ կարելի է նախաձեռնել պաշտոնազրկման (իմպիչմենթ) գործընթաց, եթե դրա հիմքերը կան։
Փորձենք պարզել, թե աշխարհաքաղաքական ասպարեզում ինչ է հասցրել իրականություն դարձնել նախագահ Թրամփը։
Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցում առանձնակի հաջողություններ չկան։ ԱՄՆ-ՌԴ բանակցությունները շարունակվում են, սակայն Վաշինգտոնում արդեն սկսում են հասկանալ, որ խնդիրը հեշտ լուծվողներից չէ (այդ թեմային մանրամասն անդրադարձել եմ նախորդիվ)։ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանի դեմ և Գազայի հատվածում։ Ծայրահեղ լարված են մնում հարաբերություններն Իրանի հետ, իսկ Թրամփն անձամբ խոսում է հնարավոր ռազմական օպերացիայի մասին։
Փոխարենը՝ Թրամփը հասցրել է խնդիրներ ստեղծել դաշնակիցների հետ հարաբերություններում։ Կանադան և Եվրամիության երկրները գործունեության այլ ձևաչափեր են սկսել փնտրել անվտանգային ոլորտում։ Մեծ Բրիտանիայում խոսում են եվրոպական նոր, ինքնաբավ անվտանգային համակարգի ձևավորման անհրաժեշտության մասին։ Տնտեսական ոլորտում Թրամփի նորարարությունները հարվածել են ինչպես մրցակիցներին, այնպես էլ դաշնակիցներին։ Փոխադարձ առևտրային միջոցներն արդեն հանգեցրել են ԱՄՆ-ի ներսում գնաճի։ Այս ամենն անհետևանք չէր կարող մնալ նաև ֆոնդային բորսայում։ Հիմնական տնտեսական ինդեքսները նախ նվազել են ԱՄՆ-ում, որից հետո շղթայական էֆեկտն անդրադարձել է Եվրոպական երկրների վրա։ Բավական է նշել, որ Գերմանիայի ֆոնդային բորսայի առաջատար ինդեքսը մեկ շաբաթում նվազել է 8 տոկոսով։
Ներքին քաղաքականությունում ևս ամեն ինչ հարթ չէ։ Նման կառավարումը բազմաթիվ հարցեր է առաջացնում ԱՄՆ-ում։ Ոչ միայն դեմոկրատները, այլ նույնիսկ հանրապետականների շատ ներկայացուցիչներ հանդես են գալիս Թրամփի քաղաքականության կոշտ քննադատությամբ։ Կառավարման 100 օրը լրանալուն պես նրանք հնարավորություն կունենան սկսելու պաշտոնազրկման գործընթաց, ինչի մասին որոշ կոնգրեսականներ արդեն հայտարարում են։ Կհաջողվի՞ արդյոք Թրամփին խուսափել նման սցենարից՝ կիմանանք առաջիկայում։
Անարդյունք գործընթացների ֆոնին ԱՄՆ նախագահի համար առաջին հայացքից այնպիսի հեշտ կարգավորվող հարցը, ինչպիսին է Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված համաձայնագրի ստորագրումը, համապատասխան ուշադրության չի արժանանում։ Այնինչ դա կարող է արտաքին դաշտում դառնալ Թրամփի կառավարման առաջին 100 օրերի միակ իրական հաջողության պատմությունը։
Ռոբերտ Ղևոնդյան