Ներածություն
Իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈւՆ) կարևոր դեր են խաղում յուրաքանչյուր երկրի տնտեսական աճի ապահովման գործում։ ՕՈւՆ-ների ներհոսքը խթանում է տնտեսական ու տեխնոլոգիական առաջընթացը՝ մասամբ ծածկելով ընթացիկ հաշվի պակասորդը և բարձրացնելով երկրի ներդրումային գրավչությունը։ 2019-2024թթ. ժամանակահատվածում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքի ծավալը (զուտ պարտավորությունների ստանձնումը), բացառությամբ 2022թ., բավական ցածր մակարդակի վրա էր գտնվում, ինչը փաստում է այն մասին, որ ներհոսքը ուղեկցվել է արտահոսքով: Սույն հոդվածի նպատակն է՝ ներկայացնել ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքի շարժընթացը, կառուցվածքը և խնդիրները, առաջարկելով քաղաքականության բարելավման ուղիներ՝ թիրախային ոլորտներում նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։
ՕՈՒՆ-ների դինամիկան հետհեղափոխական Հայաստանում և մարտահրավերները
ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքի դինամիկան 2018-2024թթ.
2018-2024թթ. ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքի առավելագույն ցուցանիշը արձանագրվել էր 2022թ.՝ կազմելով 975.66 մլն ԱՄՆ դոլար, որն, իր հերթին, պայմանավորված էր ռուսական կապիտալի ներհոսքով, իսկ արդեն 2024թ. վերջիններիս զուտ ներհոսքի ծավալը կազմել էր ընդամենը 138.52 մլն ԱՄՆ, որն էլ հիմնականում բացատրվում էր վերաներդրված եկամտով և պարտքի գործիքներով (տե՛ս աղյուսակ 1): 2022-2024թթ. միտումը փաստում է այն մասին, որ արդեն իսկ օտարերկրյա կապիտալով ռեզիդենտ ընկերությունների գործունեությունից ստացված շահույթն է վերաներդրվել տվյալ ընկերության մեջ, որին հաջորդել են պարտքի գործիքների միջոցով կատարված ներդրումները: Սա նշանակում է, որ առանց պարտքային գործիքի ընկերության բաժնետիրական կապիտալում կատարված նոր ներդրումների զուտ ներհոսքը բավական ցածր մակարդակի վրա է գտնվել, ինչն էլ կարող է վկայել, որ ՀՀ-ն չի համարվում բարձր գրավչություն ունեցող երկիր նոր ներդրողների համար՝ հաշվի առնելով զուտ ներհոսքի բավական ցածր մակարդակը:
ՕՈՒՆ-ի զուտ ներհոսք | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 | 2023 | 2024 |
Զուտ պարտավորությունների ստանձնում | 266,86 | 100,29 | 58,58 | 366,45 | 975,66 | 580,37 | 138,52 |
Ուղղակի ներդրողն ուղղակի ներդրմամբ ձեռնարկությունում | 222,70 | 85,61 | 49,89 | 97,94 | 326,76 | -202,80 | -294,86 |
Վերաներդրված եկամուտ | 79,82 | -109,56 | 4,48 | 293,64 | 562,93 | 383,90 | 370,13 |
Պարտքի գործիքներ | -35,67 | 124,24 | 4,21 | -25,13 | 85,97 | 394,58 | 63,25 |
Ուղղակի ներդրողն ուղղակի ներդրմամբ ձեռնարկությունում | 8,34 | 92,47 | 74,44 | -27,92 | 93,67 | 53,66 | -58,50 |
Փոխկապակցված կազմակերպությունների միջև | -43,98 | 31,77 | -70,23 | 2,79 | -7,71 | 340,92 | 121,74 |
Աղյուսակ 1. ՀՀ-ում ՕՈՒՆ-ների մակարդակն՝ ըստ վճարային հաշվեկշռի (2025թ. ապրիլի 7-ի դրությամբ), մլն ԱՄՆ դոլար
2022-2024թթ. էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում ՕՈՒՆ-ների զգալի ներհոսք է արձանագրվել, որը նաև բացատրվել է վերաներդրված եկամտով, մինչդեռ 2023թ. ամենամեծ ներհոսքն արձանագրվել է ֆինանսական միջնորդության ոլորտում (բացի ապահովագրությունն ու կենսաթոշակային ապահովությունը), որը 2024թ. դարձել է բացասական, ինչը բացատրվում է HSBC բանկի վաճառքով: 2024թ. զուտ ներհոսքի զգալի ծավալ է արձանագրվել ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեության, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, որը պայմանավորված է եղել ՀՀ կառավարության վարած քաղաքականությամբ՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձերի մասնակի փոխհատուցման միջոցով: Իսկ 2023-2024թթ. կապիտալի զգալի արտահոսք է արձանագրվել մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում:
Ընդհանուր առմամբ, նոր ներդրումներ և (հատկապես, ոչ ՌԴ-ից) ներդրողներ չներգրավելու պարագայում, արևմտյան պատժամիջոցներով և ՌԴ վատթարացող տնտեսական վիճակով պայմանավորված, ընկերությունները կարող են չվերաներդնել ստացված եկամուտները, որի արդյունքում չեն կատարվի կապիտալ ներդրումներ, և չի իրականացվի արտադրական գործընթացների արդիականացում: Մյուս կողմից, ՕՈՒՆ-ների ներհոսքը հնարավորություն է տալիս որոշակիորեն ծածկել ընթացիկ հաշվի պակասորդը՝ նվազեցնելով արտարժութային ճգնաժամի ռիսկը։ Այն հանդիսանում է նաև կապիտալ ներդրումների աղբյուր, որը հնարավորություն է տալիս ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր ապահովել, հետևաբար, ՀՀ-ի համար առաջնային պետք է լինի օտարերկրյա ներդրողների ներգրավումը:
Ռուսական կապիտալը և հանքագործական ոլորտի խոցելիությունը
2023-2024թթ. մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտից կապիտալի արտահոսքի զգալի ծավալ է արձանագրվել, որն էլ, իր հերթին, պայմանավորված էր ինչպես տեղական գնորդին/ներին «Չաարատ-Կապան» ընկերության վաճառքով (դա բացատրվում էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորմամբ, ինչ էլ վնասել էր ընկերությանը, քանի որ եկամուտները արտահայտված էին ԱՄՆ դոլարով, իսկ ծախսերը՝ ՀՀ դրամով), այնպես էլ ռուսական կապիտալի արտահոսքով, հատկապես, 2024 թ.: Այս միտումը ևս մեկ անգամ փաստում է ոչ ռուսական կապիտալով ընկերությունների («ռեսուրս փնտրող» ներդրողների) ներգրավման առաջնայնությունը, ինչն իր հետ կբերի նոր տեխնոլոգիաներ՝ նպաստելով ոլորտի կայուն զագացմանը և ավելի արդյունավետ բիզնես գործընթացների ներդրմանը, ինչպես նաև ավելի բարձր արդյունավետության ապահովմանը՝ նվազեցնելով Տրոցենկո ընտանիքի հետ կապակցված՝ ՀՀ տարածքում գործող ընկերությունների խոցելիությունը համաշխարհային զարգացումների նկատմամբ (պատժամիջոցներով պայմանավորված):
Պետք է նշել, որ 2023թ. նոյեմբերի 2-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը, համաձայնեցնելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ, պատժամիջոցներ էր սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ համաձայն ԱՄՆ նախագահի (E. O.) N 14024 հրամանագրի, որոնք նաև ուղղված էին Տրոցենկոյի ընտանիքի (մասնավորաբար, Գլեբ Տրոցենկոյի) անձնական հարստությանը: Սակայն, նախքան ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) իրական խոշոր շահառու հանդիսացող Գլեբ Տրոցենկոն 2023թ. հոկտեմբերի 27-ին իր ամբողջ բաժնեմասը օտարել էր՝ ԶՊՄԿ-ին հնարավորություն տալով խուսափել պատժամիջոցներից: Արդյունքում, ընկերության խոշոր բաժնեմասի սեփականատեր էր դարձել Սվետլանա Երշովան՝ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 2023թ. նոյեմբերի 21-ին հրապարակված հայտարարագրի: Նրա մասնակցության չափը ԶՊՄԿ-ի կանոնադրական կապիտալում կազմել էր շուրջ 47.64%։
Այս համատեքստում ՀՀ-ն միջնաժամկետ հատվածում կարող է նաև ներգրավել «ռեսուրսներ փնտրող» ներդրողների՝ հատկապես հիմք ընդունելով հազվագյուտ մետաղների/տարրերի և այլ մետաղների պաշարները, ինչը ոչ միայն կավելացնի ՀՀ-ից այս տարրերի և մետաղների (ներառյալ՝ խտահանքերը) արտահանումը, այլև, մասշտաբի էֆեկտի արդյունքում, գուցե հնարավոր լինի նույնիսկ նոր ձուլարանի կառուցումը և հնարավորություն տրվի կրճատել խոցելիությունը ռուսական կապիտալից, հատկապես, եթե նոր պատժամիջոցներ կիրառվեն: Սա էլ, իր հերթին, պայմանավորված է լինելու երկու գործոնով, որոնք նպաստելու են ոլորտի արտահանման ծավալների աճին. Ա) սպառազինությունների նկատմամբ աճող պահանջարկ, բ) հանգամանքը, որ հազվագյուտ հողային տարրերը հիմք են հանդիսանում արհեստական բանականության կարևորագույն սարքավորումների բաղադրիչների համար և օգտագործվում են սերվերների և ցանցային սարքավորումների համար նախատեսված բարդ բաղադրիչներում։
«Ռեսուրսներ փնտրող» նոր ներդրողներ ներգրավելով՝ ՀՀ-ն կարող է ավելացնել այլ մետաղների/խտահանքերի արտահանումը, փորձել մեծացնել ՀՀ-ում ստեղծված ավելացված արժեքը, եթե կառուցվի ձուլարան, ինչպես նաև նվազեցնել ՌԴ կապիտալի նկատմամբ խոցելիության աստիճանը: Միևնույն ժամանակ, մետաղական հանքաքարի արդյունահանման և հիմնական մետաղների արտադրությունը ներկայացնող ընկերությունների արտահանումը պետք է ուղեկցվի այլ ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների աճով, որպեսզի ՀՀ տնտեսությունը բավական բարձր խոցելիության աստիճան չունենա մետաղների գների տատանումների հանդեպ:
ՀՀ կառավարությունը հանքագործական արդյունաբերության ոլորտում նոր ներդրողներ ներգրավելու նպատակով կարող է, Չիլիի օրինակով, ներդնել կայունության համաձայնագրերի կանոնակարգային կանխատեսելի ինստիտուտը:
Եթե տվյալ ոլորտում ՀՀ-ին չհաջողվի նոր ներդրողներ ներգրավել, որը կհանգեցնի նոր տեխնոլոգիաների ներհոսքին և ավելի արդյունավետ գործընթացների ներդրմանը, ապա պատժամիջոցների և ՌԴ-ում վատթարացող տնտեսական պայմանների պարագայում կապիտալի արտահոսքը կարող է շարունակվել, և ոլորտում նոր ներդրումներ չեն լինի արտադրության արդիականացման համար, որի պարագայում ՀՀ-ն միայն գնային մրցունակության հաշվին է փորձելու վաճառել իր արտադրանքը՝ համեմատաբար բարձր ծախսերի դեպքում արժևորված դրամի պարագայում:
Արդյունավետություն և ռազմավարական ակտիվներ փնտրող ներդրողների ներգրավման հնարավորություն
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ավելի դիվերսիֆիկացված արտահանման կառուցվածք ունենալու նպատակով առաջնայնությունը պետք է տալ «արդյունավետություն փնտրող» և «ռազմավարական ակտիվներ փնտրող» օտարերկրյա ներդրողների ներգրավմանը, որի համար առաջնահերթը արտադրողականությամբ ճշգրտված աշխատուժի/աշխատավարձերի և բարձր տեխնոլոգիական ստարտափերի առկայությունն է, քանի որ ՀՀ-ում ստեղծված արդյունքը հիմնականում ուղղված է լինելու ավելացված արժեքը մեծացնելուն և այլ շուկաներ արտահանվելուն, հատկապես, միջինից բարձր և բարձր եկամտի մակարդակ ունեցող երկրներ:
Մյուս կողմից, ներդրումների ներգրավման տեսանկյունից անհրաժեշտ է փորձել ՀՀ-ն դիրքավորել որպես որակյալ աշխատուժ ունեցող (հատկապես, «արդյունավետություն փնտրող» բարձր տեխնոլոգիական արդյունք արտադրողների/ստեղծողների տեսանկյունից) և հաջողված ստարտափերի երկիր՝ հաշվի առնելով մի շարք այդպիսի ընկերությունների առկայությունը (մասնավորաբար, Picsart, Krisp, SuperAnnotate և այլն): Սա կարևորվում է հատկապես այն հանգամանքով, որ Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից արտահանվող հեռահաղորդակցության, համակարգչային և տեղեկատվական ծառայությունների ծավալը 2021թ. 382.37 մլն ԱՄՆ դոլարից 2024թ. հասել էր 1.18 մլրդ ԱՄՆ դոլարի, և դրա պարագայում վերջիններիս մասնաբաժինը ծառայությունների արտահանման կառուցվածքում, 2021թ. համեմատ, 2024թ. գրեթե նույն մակարդակին էր մնացել (21-22%)՝ ծառայությունների արտահանման ծավալների շեշտակի աճին զուգահեռ)։ Դա կսկսի կրճատվել 2026թ. սկսած, եթե այն զուգորդվի արժևորվող դրամով: Այս աճը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ կառավարության կողմից իրականացրած քաղաքականությամբ, որը, սակայն, դադարեցվելու է սույն թվականի դեկտեմբերին: Հետևաբար, կարող է արձանագրվել այս ծառայությունների արտահանման ծավալների կրճատում՝ կարևորելով ինչպես «արդյունավետություն փնտրող», այնպես էլ «ռազմավարական ակտիվներ փնտրող» ներդրողների ներգրավումը կարճաժամկետ-միջնաժամկետ հատվածում:
Եզրակացություն
Ուսումնասիրված ժամանակահատվածի կտրվածքով ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքի դինամիկան և կառուցվածքը փաստեցին այն մասին, որ ՀՀ-ն պետք է հստակ քայլեր մշակի՝ մասնավորապես, թիրախավորված կերպով ներդրողների ներգրավման նպատակով: Հակառակ դեպքում, ՀՀ-ում կապիտալի արտահոսք կարձանագրվի կարճաժամկետ-միջնաժամկետ հատվածում՝ ՌԴ դեմ արևմտյան պատժամիջոցների և ՌԴ վատթարացող տնտեսական պայմաններում, որի արդյունքում տեղի չի ունենա բիզնես գործընթացների արդիականացում, կդանդաղեն տնտեսական աճի տեմպերը, ինչպես նաև կավելանա արժութային ճգնաժամի ռիսկը:
Հեղինակներ
Աննա Մակարյան, տնտեսագիտության թեկնածու, «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, https://orcid.org/0000-0003-0505-7869
Համլետ Մկրտչյան, տնտեսագիտության թեկնածու, «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, https://orcid.org/0009-0002-8588-2921
Վրեժ Իսանյանս, հանրային քաղաքականության թեկնածու (ԱՄՆ), «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ, https://orcid.org/0009-0008-1145-9251
Աղբյուրներ՝
ՀՀ Վիճակագրական կոմիտեի «Վճարային հաշվեկշիռ 6» առցանց տվյալների բազա, հասանելի է՝ https://www.armstat.am/am/?nid=203։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի «Վճարային հաշվեկշիռ 6» առցանց տվյալների բազա, հասանելի է՝ https://www.armstat.am/am/?nid=203։
ՀՀ Վիճակագրական կոմիտե (2025). Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումները 2024 թ․ հունվար–դեկտեմբերին, հասանելի է՝ https://www.armstat.am/file/article/sv_02_25a_420.pdf։
ՀՀ Վիճակագրական կոմիտե (2025). Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումները 2024 թ․ հունվար–դեկտեմբերին, հասանելի է՝ https://www.armstat.am/file/article/sv_02_25a_420.pdf։
Galoyan, D., Tadevosyan, Z., Makaryan, A., & Mkrtchyan, H. (2024). Mining օf Metal Ores Industry and Economic Growth Nexus in Armenia: Challenges and Prospects. Proceedings on Engineering Sciences, 6(2), p.732, 738. Doi: 10.24874/pes06.02.030:
ՀՀ վիճակագրական կոմիտե (2025). Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2024 թվականի հունվար-փետրվարին, տեղեկատվական ամսական զեկույց, ք. Երևան, էջ 104:
U.S. Department of State (2023). Taking Additional Sweeping Measures Against Russia, Fact Sheet of the Office of the Spokesperson of the U.S. Department of State. Available at: https://www.state.gov/taking-additional-sweeping-measures-against-russia/. (Date of access: January 31, 2024)։
Banks.am (Ֆինանսական Հայաստան). (23.11.2023). ԶՊՄԿ նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց, hասանելի է՝ https://banks.am/am/news/newsfeed/26901:
ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգ (2024). «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր, հասանելի է՝ https://www.e-register.am/am/companies/1501219/declaration/09d58b41-5083-4abd-86c6-179b7740531d:
U.S. Department of Commerce, U.S. Department of State, & Other U.S. Agencies’ Professionals. (2023, November 29). Armenia — Mining and Minerals. International Trade Administration. Available at: https://www.trade.gov/country-commercial-guides/armenia-mining-and-minerals:
Galoyan, D., Tadevosyan, Z., Makaryan, A., & Mkrtchyan, H. (2024). Mining օf Metal Ores Industry and Economic Growth Nexus in Armenia: Challenges and Prospects. Proceedings on Engineering Sciences, 6(2), p. 732. Doi: 10.24874/pes06.02.030։
Galoyan, D., Tadevosyan, Z., Makaryan, A., & Mkrtchyan, H. (2024). Mining օf Metal Ores Industry and Economic Growth Nexus in Armenia: Challenges and Prospects. Proceedings on Engineering Sciences, 6(2), p. 740. Doi: 10.24874/pes06.02.030։
Vinnay, C. (2025, April 23). The AI-driven supercycle in energy transition metals. Betashares. https://www.betashares.com.au/insights/the-ai-driven-supercycle-in-energy-transition-metals/
Մակարյան Ա., Տնտեսության իրական հատվածի վրա արտաքին գործոնների ազդեցությունը և կարգավորման ուղիները // «Այլընտրանք» եռամսյա գիտական հանդես. -Եր.: «Այլընտրանք» հետազոտական կենտրոն: 2016. թիվ 1 (հունվար-մարտ), էջ 372:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի «Վճարային հաշվեկշիռ 6» առցանց տվյալների բազա, հասանելի է՝ https://www.armstat.am/am/?nid=203։
ՀՀ կառավարություն 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին որոշման հավելված 2, հասանելի է՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=167054։
